Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը չի հանձնվում

Հունվար 11,2021 17:55

Ռուսաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման նախադրյալներ է տեսնում

Նոյեմբերի 10-ին Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ստորագրված եռակողմ հայտարարությունից երկու ամիս անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան, որտեղ ծրագրված էր նոր եռակողմ հանդիպում Պուտինի եւ Ալիեւի մասնակցությամբ, ինչպես նաեւ նրա առանձնազրույցը՝ Ռուսաստանի նախագահի հետ:

Պուտինի նախաձեռնությամբ հետպատերազմյան առաջին եռակողմ հանդիպման մասին հունվարի 10-ին Կրեմլը հայտնեց, որ նախատեսում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը եւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը. «Հիմնականում ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցերին, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանը: Նախատեսվում են նաեւ առանձնազրույցներ Պուտինի եւ Փաշինյանի, ինչպես նաեւ Պուտինի եւ Ալիեւի միջեւ»:

Մինչ եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակում հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կրեմլը հաղորդեց, որ զրույցի ընթացքում քննարկվել են որոշ հարցեր՝ կապված հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվող Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ: «Հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետեւողական իրականացումը՝ ընդգծվել է, որ այդ հանդիպմանը առաջնահերթ կքննարկվեն տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորման հետագա քայլերը: Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է ռազմական գործողություններից տուժած բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու կարեւորությունը, այդ թվում պրոֆիլային միջազգային կազմակերպությունների օգնությամբ», ասվում էր հաղորդագրության մեջ:

Այսպես, հունվարի 11-ին Պուտինն ընդունեց Փաշինյանին ու Ալիեւին, վերջիններս ներս մտան բանակցությունների սենյակ՝ առանձին մուտքերից: Պուտինը նրանց առանձին, ջերմորեն ողջունեց, իսկ Փաշինյանն ու Ալիեւը միմյանցից բավական հեռավորության վրա իրար ողջունեցին՝ առանց ձեռք սեղմելու, ապա նստեցին սեղանի շուրջ:

Նախ՝ կայացավ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, Փաշինյանին ու Ալիեւին առաջարկեց քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական ուղղությունները: Ավելին, նա շեշտեց, թե՝ «ստեղծված են նախադրյալներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համար»: Ըստ Պուտինի՝ առաջնային քայլերն են՝ խաղաղապահների ու դեմարկացիայի հարցերի հստակեցումը: Առանձնահատուկ ուշադրության են արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրասնպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը, եւ Պուտինի փոխանցմամբ՝ հենց այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով: «Կցանկանայի հույս ունենալ, հարգելի գործընկերներ, որ մեր այսօրվա բանակցությունները կընթանան գործնական մթնոլորտում եւ կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ առաջադեմ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, ինչով մենք բոլորս, անկասկած, հետաքրքրված ենք», նշեց ՌԴ նախագահը:

Այն, որ Պուտինի ելույթից հետո եռակողմ բանակցությունների ընթացքում Փաշինյանի ու Ալիեւի ելույթները չհրապարակայնացվեցին ուղիղ հեռարձակմամբ, թերեւս, նշանակում է, որ կողմերը նախընտրել են իրենց ասելիքն առանց տեսախցիկների միմյանց հասցնել, եւ ինչու ոչ՝ նոր պայմանավորվածություններ ձեռքբերել:

Նկատենք, որ հունվարի 10-ին վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտնեց, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: «Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում», գրել էր նա:

Պուտինն, այսպիսով, պահպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում տարածաշրջանային գլխավոր խաղացողի իր դիրքը՝ չզիջելով Թուրքիայի ակնհայտ ձգտումներին: Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններից նա համաձայնություններ պետք է ստանար, իսկ դա ենթադրում է՝ նոր բանակցություններ, նոր պայմանավորվածություններ՝ ռուսական հովանու ներքո:

Պուտինի խոսքը բավական զգուշավոր են, հավասարակշռված, ակնհայտ էր կողմերի շահերը չոտնահարելու գործոնը: Այն հանգամանքը, որ Պուտինին հաջողվեց պատերազմից հետո Փաշինյանին ու Ալիեւին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ՝ նշանակում է, որ Պուտինն, այսպես ասած, չի հանձնվում՝ Ռուսաստանը տարածաշրջանը չի զիջում Թուրքիային, իսկ խոշոր հաշվով՝ արեւմուտքին:

Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար ամենացավոտ փաստն է, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կայծակնային արագությամբ ընթացող սահմանազատումն ու ռազմագերիների առկայությունը՝ հայկական կողմի համար: Հստակ է, որ այս խնդիրների, ինչպես նաեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, սահմանային հարցերի ճշգրտման հետ կապված խնդիրները չեն թողնվում հայկական ու ադրբեջանական կողմերի լուծմանը, Պուտինը կրկին շեշտեց, որ բոլոր հարցերը Ռուսաստանի մասնակցությամբ են լուծվելու:

Պուտինից ոչ մի խոսք չհնչեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Սա մի փաստ է, որը լիովին համընկնում է Ալիեւի դիրքորոշման հետ: Պատերազմից հետո Ալիեւը հստակ ընդգծել է, որ խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով եւ իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց Ադրբեջանի համար գոյություն չունի: Ինչ վերաբերում է տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանը, առայժմ հայտնի չէ, թե ամենագլխավոր հարցում՝ Հայաստանի դերակատարությունը ՀՀ սահմաններում, այդ հաղորդակցությունն ապահովելու տեսանկյունից, ինչպիսի՞ն է լինելու:

Իսկ ընդհանրապես, հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցություններին նախորդած իրադարձությունների պակաս վերջին երկու շաբաթներին չի զգացվել: Թե ինչ մթնոլորտ էր ձեւավորվել ընդամենը 2 շաբաթների ընթացքում, եւ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ դիրքային պայմաններում գնացին Մոսկվա Պուտինի մոտ հետպատերազմյան առաջին բանակցությունների՝ հաջորդիվ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031