Ռուսաստանում հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Հայաստանի դեսպանատան առաջ էին։ Հիշեցնենք՝ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
«Մենք դեմ ենք բոլոր այն հակահայկական որոշումներին, որի տակ հնարավոր է, որ ստորագրի և ստորագրել է Նիկոլ Փաշինյանը»,- ասում էին քաղաքացիները։
Նրանք նաև ստորագրահավաք էին կազմակերպել։ Ցուցարարները պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ժողովրդի անունից ստորագրել որևէ փաստաթուղթ և եկել են, որպեսզի կանխեն այդ գործընթացը։
Կարդացեք նաև
«Ամեն մեկը պետք է կոնկրետ իր վերաբերմունքը արտահայտի նրա վերաբերյալ, թե ինչ է կատարվում այսօր։ Ինչպես այս վերջին պատերազմի ընթացքում 45 օր խաբել են, մինչև այդ էլ 2.5 տարի անընդհատ կերակրել են սուտ խոստումներով, իրականությունը այսօր բոլորիս համար պարզ է, թե ինչ է կատարվել։ Մենք հայրենիք ենք կորցրել, և առաջին պատասխանատուն մեր այդ կորուսյալ հայրենիքի այսօր շարունակում է պաշտոնավարել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիները հայտարարեցին, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի Հայաստանի հաջորդ ղեկավարի համար ավելի հեշտ լինի բանակցություններ կատարելը այն կետերի շուրջ, որոնք ստորագրվել էին նոյեմբերի 9-ին․ «Ռուսաստանում հայ համայնքը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հրադադարի նախաձեռնությունը։ Մենք դեմ չենք նրան, ինչ ստորագրվել է։ Մենք Նիկոլ Փաշինյանին մեղադրում ենք նրանում, որ դա կատարվել է նոյեմբերի 9-ին և ոչ հոկտեմբերի 9-ին կամ 19-ին, երբ գլխավոր շտաբը ասում էր, թե ինչ իրավիճակ է, և որ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ