Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում տնտեսական կապերի վերականգնման համար կստեղծվի եռակողմ աշխատանքային խումբ. Պուտին

Հունվար 11,2021 16:04

Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: 

Հիշեցնենք, Պուտինի նախաձեռնությամբ այս պահին Մոսկվայում անցկացվել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև:

«Հատուկ ուշադրության է արժանի տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը տարածաշրջանում, սահմանների բացումը: Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ղեկավարությամբ»,- ասել է Պուտինը:

Պուտինը նաև առաջարկել է Հայաստանի Փաշինյանին և Ալիևին քննարկել նոր քայլեր Արցախում կարգավորման հիմնական ուղղությունների շուրջ:

«Կարծում եմ, այսօր կարևոր կլիներ առաջին հերթին նախանշել հետագա քայլերը կարգավորման առանցքային ուղղությունների շուրջ, որոնք սահմանվել են անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ: Նկատի ունեմ այն հարցերը, որոնք կապված են ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության, դեմարկացիոն գծերի հստակեցման, մարդասիրական խնդիրների, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հետ»,- ասել է նա:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Արցախի շուրջ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են, և դա նախադրյալներ է ստեղծում արդարացիության սկզբունքով հակամարտության հետագա կարգավորման համար:

«Այսօր կարելի է գոհունակությամբ փաստել, որ եռակողմ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են: Մեր համոզմամբ՝ դա կստեղծի անհրաժեշտ նախադրյալները հնացած այդ հակամարտության երկարատև և լիաֆորմատ կարգավորման համար՝ հիմնված արդարացիության սկզբունքի վրա, որը կբխի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերից»,- ասել է նա:

Պուտինը նաև հիշեցրել է, որ պատրաստվել է փաստաթուղթ: «Մենք ձեզ հետ գտնվել ենք մշտական կապի մեջ, միասին փնտրել ենք փոխզիջումներ: Հենց մեր ընդհանուր ջանքերի արդյունքում ինտենսիվ, այդ թվում, ինչպես դուք հիշում եք, գիշերային հեռախոսազրույցների արդյունքում նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարությունը, որը մենք ձեզ հետ ստորագրեցինք»,- ասել է նա:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Արցախի հարցում Ռուսաստանը միշտ հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված մշակումներին:

«Հատուկ կցանկանայի նշել, որ իր բոլոր գործողություններում Ռուսաստանը փորձել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված առանցքային մշակումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար համաձայնեցնել մեր գործողությունները մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031