Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրա Զոհրաբյանը պատանդների մասին խոսելու իրավունք չունի, մարդն իր ազատությունը թղթի վրա հանձնել է պարոն Ծառուկյանին, ի՞նչ պատանդ լինելու մասին է խոսքը». Արթուր Հովհաննիսյան

Հունվար 11,2021 15:58

ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին համեմատել էր «Նիկոլի ուսապարկի» հետ՝ գրառում անելով, որ եթե «Սոֆյա Հովսեփյանի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»:

Aravot.am-ի հետ զրուցում հարցին՝ սա, ըստ էության, վերաբերում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, որոնք ցանկություն կհայտնեն դուրս գալ խմբակցությունից, դուք ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ձեզ համեմատում են «Նիկոլի ուսապարկի» հետ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ գրառումները վերաբերում են խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, ոչ թե մանդատը դրած: Այո, տեսա, որ համացանցում տարբեր տեսակի մեկնաբանություններ են հնչում, որոնք վերաբերում են ոչ միայն դուրս եկածներին, այլ հնարավոր է տարածել այդ օրինակը այլ պատգամավորների վրա: Վահագն Ալեքսանյանը, իհարկե, պարզաբանում է ներկայացրել, որ նման ակնարկ ոչ արել է, ոչ էլ հնարավոր է իր գրածը տարածել մյուս պատգամավորների վրա: Բնականաբար, ցանկացած նման շահարկում ինձ համար ընդունելի չի, որովհետեւ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները բավականին մեծ արժանիքներ ունեն եւ բավականին մեծ աշխատանք են իրականացնում օրենսդրական դաշտում ու ոչ օրենսդրական դաշտում: Մենք մի շարք այլ աշխատանքներ ենք իրականացնում, այդ թվում՝ գործադիրի հետ համագործակցելով եւ այլն: Բայց չեմ ուզում, որ մենք շարունակենք այս շահարկումները: Ես համաձայն չեմ այդ շահարկումների հետ: Նմանատիպ մեկնաբանություններ նաեւ հեղափոխության օրերին էին հնչում՝ խորհրդարանական ընտրությունների շեմին ու գլխավոր հիմքը այդ մարդկանց այն էր, որ ցուցակի մարդկանց մարդիկ անուն ազգանուններով չեն ճանաչում: Բայց սա հիմք չունի»:

Մեր դիտարկմանը, որ ՔՊ խոսնակի գրառումը հենց եկավ հաստատելու դա՝ Արթուր Հովհաննիսյանը չհամաձայնեց՝ պնդելով, որ նրա գրառումը մեկ մարդու էր վերաբերում, բայց ոչ իրենց:

Այն, որ դա վիրավորանք է նաեւ իրենց հասցեին իրենց ընտրողների հասցեին, այն 800 հազար մարդկանց հասցեին, որոնց դնում են, այսպես ասած, «հիմարի» տեղ, որն ուսապարկը մարդուց չի տարբերում՝ Հովհաննիսյանն արձագանքեց. «Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, ես բացի այդ պարզաբանումից, այլ բան հավելելու չունեմ: Գրառումը, այո, միգուցե անհաջող էր, որովհետեւ այլ կերպ է ընկալվել»:

Արթուր Հովհաննիսյանը համակարծիք է Ռուբեն Ռուբինյանի, Մարիա Կարապետյանի, Սուրեն Գրիգորյանի այն մոտեցմանը, որ խմբակցությունից դուրս գալը դրական գնահատականի չի կարող արժանանալ:

Հարցին՝ դուք կաշկանդվածություն ունե՞ք «Իմ քայլը» լքելու առումով՝ նա պատասխանեց. «Ես 1 տոկոս անգամ չեմ մտածել «Իմ քայլը» խմբակցությունը լքելու մասին, դրա համար կաշկանդվածություն էլ մոտս չի կարող առաջանալ»: Նա վստահեցրեց, որ սեփական կարծիքն արտահայտելու որեւէ կաշկանդվածություն չկա իրենց խմբակցությունում:

Փոխանցեցինք՝ ընդդիմությունը, օրինակ, Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ դուք պատանդի կարգավիճակում եք եւ հնարավոր է այսպես կոչված «ստոկհոլմյան սինդրոմով» եք տառապում, ձեր պատանդառուի նկատմամբ միայն ջերմ զգացմունքներ եք տածում՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ, տիկին Զոհրաբյանը պատանդների մասին խոսելու իրավունք էլ չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական առումով, որովհետեւ մարդն իր ազատությունը թղթի վրա հանձնել է պարոն Ծառուկյանին, ի՞նչ պատանդ լինելու մասին է խոսքը: Թող գնա իր՝ պատանդ լինելու մասին մտածի՝ իր կուսակիցների ու խմբակցության անդամների հետ միասին: «Իմ քայլը» խմբակցությունը ձեւավորվել է գաղափարական հիմքի վրա եւ արժեքների հիմքի վրա: Մենք պատանդ ենք մեր արժեքներին եւ մեր գաղափարներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031