Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում սրճարաններ ու զբոսաշրջային գործակալություններ են փակվում․ կենտրոնական խանութներն էլ՝ վաճառքի հանվում

Հունվար 11,2021 15:47

ՀՀ առողջապահության նախարարության՝ կարանտինը վեց ամսով երկարաձգելու նախագիծն ընդունելու դեպքում կազդարարվի զբոսաշրջության մահը Հայաստանում, երկարացվող սահմանափակումներով զբոսաշրջությունը վերջնականապես կգլորվի անդունդը։

Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը։ Նրա համոզմամբ՝ զբոսաշրջային ոլորտն այս պահին մահամերձ վիճակում է․ հույս չկա ո՛չ ներքին, բնականաբար՝ ո՛չ էլ ներգնա տուրիզմի զարգացման։

Ըստ մեր զրուցակցի, Գյումրիում զբոսաշրջային բազմաթիվ գործակալություններ արդեն իսկ փակվել են։ Կոլորիտային այս քաղաքը, որը Հայաստանում զբոսաշրջային ամենապահանջված ուղղություններից էր դարձել և որտեղ սրճարաններ, հյուրատներ էին բացվել, թանգարանային կյանքն էր աշխուժացել, տնտեսական լուրջ շարժ էր նկատվում, միանգամից անշարժացել է․ մնացել են միայն ներքին հոգսերը։

«Ես՝ որպես զբոսաշրջային ոլորտի մասնագետ, որպես ընկերության ղեկավար, կարելի է ասել կարմիր խաչով փակել եմ այս ոլորտը, որովհետև այլևս անիմաստ է․ պիտի տանք հարկեր, պիտի տանք աշխատավարձ զրո մուտքերի դիմաց։ Ներքին տուրիզմի զարգացման համար առաջին մերկ-երկու տարին բացարձակապես հույս չունենք, ներգնա տուրիզմի զարգացման մասին էլ խոսելն անիմաստ է։

2020 թվականին՝ առաջին կարանտինի ժամանակ բոլորս լիահույս էինք, որ լավագույն ժամանակաշրջանն է ներքին զբոսաշրջության զարգացման։ Մտածում էինք՝ այն թափ կառնի․ հայաստանցիները կսկսեն շրջել Հայաստանում, ծանոթանալ, լինել տեսարժան վայրում։ Ամառվա ընթացքում փորձեցինք խմբեր տանել Շիրակից Լոռու մարզ, փոխադարձ այցեր կազմակերպել, սակայն չստացվեց, պասիվ էր, որ կարողանայինք Լոռուց, Գեղարքունիքից կամ մյուս մարզերից խմբեր բերել։

Լիահույս էինք, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Գյումրիում քաղաքային տուրերը պիտի ակտիվանային, քաղաքային տուրերն այդ ամիսներին բավական պահանջված են լինում հիմնական երևանյան շուկայում, դպրոցահասակների շրջանում։

Եթե նախկինում հուլիս, օգոստոս ամիսների գնում էին ծովափնյա հանգստի, ապա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շաբաթ-կիրակի օրերին գալիս էին Շիրակի մարզը բացահայտելու։ Բայց մենք տեսանք, որ դա էլ չեղավ, որովհետև սեպտեմբերի 27-ից Հայաստանում արդեն պատերազմական տրամադրություններ էին ու բոլոր առումներով մոռացանք տուրիզմի ոլորտը», -ասում է Լիզա Գասպարյանը։

Ըստ մեր զրուցակցի, կարանտինի պայմաններում դեռ չէին հասցրել ելքեր գտնել զբոսաշրջային խնդիրների լուծման, երբ վրա հասավ պատերազմը ու այլևս մոռացան թե՛ ներքին, և թե՛ ներգնա զբոսաշրջության՝ արտերկրից հյուրեր ընդունելու մասին։

«Հայաստանն արտերկրացիների մոտ ասոցացվում է պատերազմող երկրի հետ, եթե նախորդ տարիներին փորձեինք ընտրել որևէ երկիր, որտեղ կարելի էր ծովափնյա հանգստի գնալ, հաստատ Սիրիան ու Լիբանանը չէինք ընտրի, որովհետև այդ երկրները դիտարկում էինք որպես պատերազմող երկրներ։ Հիմա մենք ենք այդ կարգավիճակում, առաջին մի քանի տարիներին պիտի մոռանանք արտաքին շուկայի մասին, չհաշված կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին է խոսվում»։

Ըստ մեր զրուցակցի, գնալով փակվում է մանր ու միջին բիզնեսը․ եկամուտների կրճատման ու խնայողաբար ապրելու հետ մեկտեղ երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն ու վատ տրամադրությունն են ազդում ներքին տուրիզմի զարգացման վրա։

Ի դեպ, Գյումրու ամենակենտրոնական հատվածում սրճարաններ են փակվել, վաճառքի են հանվել խանութներ, որոնք տարիներ շարունակ անդադար գործել են։

Այս թեմային կանդրադառնանք առանձին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Humans of Gyumri էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031