Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկվել է ՀՀ-ում նշել ազգային փոքրամասնությունների օր, ԱԺ հանձնաժողովում քննարկվել են նաև երեխաների իրավունքներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ

Հունվար 11,2021 15:41

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին նիստ է գումարել, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Ռուստամ Բաքոյանի՝ Հայաստանի Հանրապետությունը մոնոէթնիկ երկիր է, ուր ապրում է 11 ազգային փոքրամասնություն:

Ըստ միջազգային փորձի՝ աշխարհի տարբեր պետություններում հիմք ընդունելով ՄԱԿ-ի հռչակագիրը՝ պաշտոնապես ամրագրված է Ազգային փոքրամասնությունների օրը: Նախագծով առաջարկվել է սեպտեմբերի վերջին շաբաթ օրն այսուհետ ընդգրկել ՀՀ տոների եւ հիշատակի օրերի ցանկում՝ նշելով որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:

Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ ՀՀ քաղաքացիները եւս մեկ առիթ կունենան ուշադրություն դարձնելու ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց մշակույթի պահպանմանը, հանրայնացմանն ու տարածմանը:

Հարակից զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել եւ կարեւորել է նախագծի ընդունումը՝ նշելով, որ այն ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության ճանաչելիության բարձրացման կարեւոր խթան կարող է լինել:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում 2011 թվականի դեկտեմբերի 19-ին: Այն ստորագրել է 52, վավերացրել՝ 46 պետություն: Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունը ստորագրել է 2019թ. սեպտեմբերի 26-ին:

Արձանագրությունը կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:
Մանրամասն ներկայացնելով արձանագրությամբ կարգավորվող դրույթները՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած, հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված լինելուն համաձայնություն տալու իրավունքը: Նախագծով առաջարկվել է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանվել է նաեւ, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լուրջ, բազմակողմանի քննարկման է ենթարկվել: Նա կարեւորել է նախագծի ընդունումը:

Կառավարության կողմից լրամշակված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 5 որոշման համաձայն՝ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետն ավարտվելուց հետո հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստում զեկուցվում է գործունեության արդյունքների մասին: Զեկույցը ներկայացրել է աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նա նշել է, որ գործունեության մեկ տարվա ընթացքում աշխատանքային խումբն աշխատել է պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների հետ, սերտ համագործակցել ՀՀ արդարադատության նախարարության հետ:

Սարգիս Խանդանյանին ուղղված հարցերը վերաբերել են խմբի աշխատանքների շարունակականությանը, սպասվող օրենսդրական նախաձեռնություններին:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031