Հայաստանի քաղաքացի 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայումս կալանավորված են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ:
Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ ըստ էության, դրանով Ադրբեջանը փորձ է անում ավելի թանկ գնով «վաճառել» գերիների փոխանակման հարցը հայկական կողմի վրա. «Սրա մասին պետք էր ավելի շուտ մտածել եւ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի պատերազմից հետո մենք բացառեինք ռազմագերիներ ունենալու հարցը: Բայց դա տեղի է ունեցել ու ՄԻՊ-ը ներկայացրել է մի փաստաթուղթ իր կողմի, որտեղ ներկայացրել է, թե ինչպես են ռազմագերիները հայտնվել Ադրբեջանում: Ռազմագերիներին ներկայացնել դիվերսանտ, մարդասիրական օրենքի խախտում է եւ դա դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»:
Հարցին՝ մոսկովյան այցից ի՞նչ է ակնկալում ԼՀԿ-ն՝ Անի Սամսոնյանը պատասխանեց. «Մենք պետք է ավելի շուտ անհանգստանանք, թե ինչպես է անցնելու քննարկումը, որովհետեւ քննարկվելու է երկու հարց՝ ռազմագերիների հարցը, որն ամենակարեւորն է, եւ երկրորդը՝ հայտարարության 9-րդ կետի՝ տրանսպորտային ճանապարհների եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին քննարկումն է լինելու: Այդ երկուսը խորը մտահոգություններ է առաջացնում, որովհետեւ բանակցողը՝ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում ծաղրի, սարկազմի է ենթարկվել Ադրբեջանի նախագահի կողմից ու նստելու է բանակցության այդ նույն նախագահի հետ: Սա խորը հոգեբարոյական խնդիրներ կարող է ստեղծել՝ հայանպաստ որոշումներ կայացնելու շուրջ բանակցություններում»:
Ճանապարհների հետ կապված լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք, օրինակ, պատկերացնո՞ւմ եք, որ որեւէ հայ արտահանող կարող է Ադրբեջանով գնալ ՌԴ, սա իրատեսական համարո՞ւմ եք՝ Անի Սամսոնյանը պատասխանեց. «Հայտարարության 9-րդ կետում ներկայացվում է, որ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի հանրապետության եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապը: Այդ կետում գրված է միայն ՀՀ երաշխավորության մասին, բայց գրված չէ՝ արդյոք Ադրբեջանը երաշխավորելո՞ւ է այդ կոմունիկացիաներով հայկական կողմի թե՛ բիզնեսի, թե՛ ֆիզիկական անձանց շարժի անվտանգությունը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու առաջարկ է եղել իշխանությունների կողմից, ԼՀԿ-ի դիրքորոշումը այնքան էլ պարզ չէ, դուք ուզո՞ւմ եք գնալ նոր ընտրությունների, թե՞ չէ, որովհետեւ մենակ պահանջում եք Փաշինյանի հրաժարականը ու սպասում, այս «ոչ տաք ոչ սառը» վիճակը, չեզոքությունը ինչո՞վ է պայմանավորված՝ Անի Սամսոնյանը պատասխանեց. «Լուսավոր Հայաստանի դիրքորոշումը շատ պարզ է, մենք դա արտահայտել ենք, երբ չենք ընդունել խորհրդարանի շենքում վարչապետի այցով նախատեսված առաջարկը: Նա եկել էր խորհրդարան եւ ասում էր՝ եկեք պայմանավորվենք, հուշագիր ստորագրենք, որ պետք է գնանք արտահերթ ընտրությունների: Մեր օրակարգում նախ հիմա չկա արտահերթ ընտրությունների անցկացումը, երկրորդը՝ մենք չենք տեսնում իշխանությանը՝ որպես երաշխավոր՝ թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման: Իշխանությունն այսօր ինքը փողոց դուրս գալու խնդիր ունի, ինչպե՞ս է պատրաստվում երաշխավորել մնացածի անվտանգությունը»:
Սամսոնյանն ասաց, որ իրենց պահանջն է Փաշինյանի հրաժարականը սահմանադրական ճանապարհով եւ իրենց ճանապարհային քարտեզի իրագործումը, որի միայն վերջին կետն է արտախորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Հարցին՝ ՀՀ նախագահն առաջարկում է, որ իր օգնությամբ լինի ազգային համաձայնության կառավարություն, դուք պատրաս՞տ եք քննարկումների երկրի նախագահի հետ այս հարցով՝ Սամսոնյանը պատասխանեց. «Մենք ոչ միայն պատրաստ ենք, նաեւ հանդիպել ենք նախագահի հետ եւ մենք ասում ենք՝ անցումային կառավարություն, նախագահն ասում է՝ ազգային համաձայնության կառավարություն: Ըստ երեւույթին, դա նույն բանն է, պարզապես տարբեր անվանումներ ենք տալիս: Մենք միշտ ասել ենք՝ քաղաքական ուժերի կոնսենսուսով պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունը»:
Երբ հարցրեցինք՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ուզում եք լինի վարչապետ, բայց նա կառավարման փորձ չունի, մի անգամ կառավարման փորձ չունեցող եղավ վարչապետ, տեսանք ինչ եղավ՝ Սամսոնյանը պատասխանեց. «Նախեւառաջ, պետք է նայել այդ մարդու կարողությունները՝ որպես առաջնորդ: Իսկ Էդմոն Մարուքյանն ունի բոլոր կարողությունները՝ համագործակցելու, թիմ ղեկավարելու: Մենք միշտ կայացրել ենք հավասարակշռված որոշումներ, մեր որոշումները չեն եղել էմոցիոնալ»:
Հարցին՝ գյուղերում հիմա էլ «Նիկոլի անունով երդվում են», գտնում են, որ փաստաթուղթը դավաճանական չէ, Փաշինյանի գլխին սարքել են, ընդդիմությունն այստեղ անելիք չունի՞՝ Սամսոնյանը պատասխանեց, որ այս ընթացքում լրատվական հոսքերով մեծ տեղեկատվական ճնշում կա մարդկանց վրա. «Իշխանությունը փորձում է մարդկանց մանիպուլացնել տարբեր հարցերի շուրջ ու այդ ճնշումն ազդում է»:
Դիտարկմանը, որ գյուղերում մարդիկ ասում են՝ «ի՞նչ Լուսավոր Հայաստան», ԼՀԿ-ն մարդկանց մթություն է տանում»՝ Սամսոնյանը արձագանքեց. «ԼՀԿ-ն իշխանության ղեկին չէ, որ մարդկանց ինչ-որ տեղ տանի: Հիմա մենք մարդկանց ասում ենք՝ հարգելի քաղաքացիներ, մենք պատրաստ ենք այս պահին եւ առաջարկում ենք գործող իշխանությանը, որ մեզ հնարավորություն տա, երկիրը հանենք մթից ու տանենք լուսավոր Հայաստան»: Սամսոնյանն ասաց, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որ պատրաստ են իրենց առաջնորդով նման պատասխանատվություն ստանձնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ