Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ հունվարի 11-ին շարունակվեց ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով վկաների հարցաքննությունը:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակից Համբարձումյանը: Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը տեղեկացրեց՝ դատակոչով մոտ 30 վկա ունեն ու ասաց. «Գործով չորս մեղադրյալ կա, գործը երկար է տևում: Պատկերացնում եք հարցադրումները, դրանք պաշտպաններն են տալիս, մեղադրողներն են տալիս: Վկայի հայտնած տեղեկություններն այս գործի համար երրորդական են: Մեզ համար պարոն Սանասարյանի մեղադրանքին այդ տեղեկություններն ընդհանրապես չէին առնչվում: Մյուս մեղադրյալների մասով էլ երկրորդական վկա էր: Բայց երկու ժամ տևեց»:
Արսեն Սարդարյանը մտահոգություն հայտնեց՝ գործեր կան՝ մինչև հասնում են ավարտին, գործի նպատակահարմարությունը կորչում է: Դա արդարադատության ընդհանուր խնդիրն է: Նա նշեց՝ դատավորը բավականին ջանասիրաբար է քննում գործը՝ շաբաթական երկու նիստ նշանակելով, բայց խնդիր է այն, ինչ ունենք: Այս առիթով նա մանրամասնեց. «Նախաքննությունը գործն արհեստական ուռճացնում է, ուղարկում դատարան, հիմնականում դա արվում է փուչիկ գործերով: Այսինքն՝ այն գործերով, որ, ըստ էության, մեղադրանք չկա, ապացույց չկա: Օրինակ՝ եթե պատկերացնենք ապացուցված գործը, անհերքելի երկու-երեք ապացույց, բնականաբար, այդ գործն արագ կարող է քննվել: Իսկ երբ գործ չկա, արհեստական սկսում են հարցաքննել մարդկանց, տպավորությունները, զգացմունքները, դարձնել վկա, ուռճացնել գործը, դարձնել 30 հատոր փուչիկ: Այդ փուչիկը դատարան են ուղարկում, մեր օրենսդրության համաձայն՝ դատարանը պետք է այդ փուչիկը հատ-հատ ուսումնասիրի, քննի…դրա համար պետք է երեք տարի, որ այդ փուչիկը քանդի»:
Նշենք՝ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին՝ ժամը 14.00-ին: Կշարունակվի վկաների հարցաքննությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել հեմոդիալիզի հայտնի գործով: ՀՀ քննչական դեպարտամենտում ՊԵԾ նախկին պետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 308-րդ հոդվածի առաջին մասով`պաշտոնական լիազորությունների չարաշահում: Դավիթ Սանասարյանն ի սկզբանե պնդում էր, որ իր նկատմամբ որոշ տեղերից կազմակերպվեց շինծու մեղադրանքով գործ, որն աղերս չունի իրականության հետ: Քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով անցնում են նաև ՊԵԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զովաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ