Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը». Փառատոնի տնօրեն

Հունվար 11,2021 13:49

Հունվարի 11-ից մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ ավանդաբար 5 օր տևողությամբ փառատոնը այս անգամ 10 օր կտեւի :

Տիկին Մանուկյանը նշեց, որ փառատոնի բացման արարողության ժամանակ փոքրիկ ֆիլմով կներկայացնեն 15 տարիների աշխատանքը :

Նունե Մանուկյան

«Մենք առաջինն էինք, որ գնացինք մարզեր, առաջինն էինք, որ մշակութային դեսանտ ուղարկեցինք Արցախ, համագործակցություն սկսեցինք, որը շարունակվում է մինչ օրս»,-ի թիվս այլնի, նշեց փառատոնի նախագահը:

Նրա խոսքով, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը աշխարհում նման ձեւաչափով անցկացվող միջազգային փառատոների ցանկում է ներառված:

Հավելեց, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը : Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 15 երկրներից 62 ֆիլմ, որոնցից կցուցադրվի 46 ֆիլմ՝ 15 երկրներից:

«Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են մրցութային և ոչ մրցութային 7 անվանակարգեր. «Գրան պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը, ընդ որում՝ որպես ժյուրի, հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանքը», ժյուրի՝ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը՝ ժյուրի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ, ինչպես նաեւ «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը:

«Ռոլան» 16-րդ մանկապատանեկան միջազգային փառատոնի այս տարվա մրցութային անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի լավագույն ֆիլմը»:Հաղթողին կընտրեն Գավառի մանկատան սաները:

Նունե Մանուկյանը հավելեց, որ բացի ֆիլմերի ծրագրերից՝ ունեն սոցիալական, անապահով, թիրախային խմբերին նաեւ երեխաների իրավունքներին նվիրված ծրագրեր, իսկ յուրահատուկ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրն իրենք միշտ հպարտությամբ են նշում:

«Մեր փառատոնը յուրահատուկ կրթամշակութային հարթակ է, որտեղ կան տարբեր վեկտորներ եւ ուղղություններ: Մեր միջազգային գործընկերները միշտ նշում են, որ տարածաշրջանում չկա նման ձեւաչափով փառատոն, որն իր մեջ կրի նման բաղադրիչներ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նունե Մանուկյանը նշեց, որ քսան տարի է՝ բարձրաձայնում է մանկապատանեկան ֆիլմերի ստեղծման եւ կինոդպրոցների անհրաժեշտության մասին, վկայակոչում է Սկանդինավյան երկրների փորձը, որտեղ մանկապատանեկան ֆիլմերի արտադրությունը բյուջեի առանձին տողով է ֆինանսավորվում, բայց «սայլը» տեղից չի շարժվում: «Մեր երեխաները պետք է իմանան ուր ենք գնում, ինչ ուղերձ ենք մենք փոխանցում մեր երեխաներին, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան»,-ասում է փառատոնի տնօրենը:

Նա շեշտում է, թե որքան կարեւոր է նաեւ միջմարզային, միջմշակութային ծրագրերի իրականացումը: Մասնավորապես այս տարի Վիշեգրադ-Հայաստան հատուկ ծրագրի շրջանակներում անցկացվելու են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ՝ օնլայն և օֆլայն:

Ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վիշեգրադի երկրների 15 ֆիլմերի առցանց և օֆլայն ցուցադրություն: Ոչ առցանց կինոդիտումներ կկազմակերպվեն Գավառի մանկատանը եւ Վանաձորի՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: Կանցկացվեն առցանց վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Վիշեգրադի երկրների, Ուկրաինայի և Բելառուսի անվանի կինոգործիչներ:

Նրա ձեւակերպմամբ, Արցախն առանձին պատմություն է իրենց փառատոնի պատմության մեջ, եւ այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետք է անպայման տեղափոխվի, պրոյեկտվի Արցախում:

Փառատոնը անդրադարձել է նաեւ COVID-ի թեմային: Մասնավորապես, կիրականացվի «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» ցուցահանդեսը, որին կմասնակցեն երեխաներ և պատանիներ 7 երկրներից՝ Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան: Ցուցահանդես-մրցույթում Հայաստանը կներկայացնեն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի սաները, Երևանի եւ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները:

Նունե Մանուկյանի խոսքով. «Այժմ այլ իրավիճակ է՝ COVID-ով պայմանավորված, բայց երեխան նաեւ պետք է հնարավորություն ունենա հաճախելու երաժշտական դպրոց, կինոդահլիճ, որպեսզի կայանա նրա բազմակողմանի զարգացումը : Երբ մենք 2001-ին սկսում էինք փառատոնը, կարծես վերացել էր կինոթատրոն, համերգադահլիճ հաճախելու մշակույթը, այսօր եւս այդ մշակույթը շարունակում է կարեւոր լինել: Եթե մենք ուզում ենք երեխայից կերտել աշխարհի քաղաքացի, ինքնավստահ մարդ, պետք է գիտելիք փոխանցենք նաեւ մշակույթի միջոցով : Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը» :

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նունե Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031