Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջև պետք է գործի հակակշիռների և զսպումների համակարգը. Արմեն Սարգսյան

Հունվար 11,2021 10:25

Դեպի «Չորրորդ Հանրապետություն»

Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին

Հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը: Այն բխում էր ոչ միայն սեփական մշակույթը, ինքնությունն ու պատմությունը պահպանելու համար ազգային օջախ ունենալու անհրաժեշտությունից, այլ նաև սեփական ճակատագրի տերը դառնալու ձգտումից: Հենց դա է եղել մեր նախնիների առաքելությունը, որոնք գործնականում կատարեցին անհնարինը՝ պետականություն չունենալու պայմաններում պահպանեցին հայկականությունը և զարգացրին հայկական քաղաքակրթությունը՝ անցնելով պատմության բոլոր դաժան ու արյունոտ փորձությունների միջով:

Մեր նախնիները մեզ թողել են վիթխարի ժառանգություն, հույս ունենալով, որ մենք այդ ժառանգությունը կկարողանանք փոխանցել հետագա սերունդներին բացարձակապես այլ որակական տեսքով:

Միջազգային հարաբերությունների պատմությունը վկայում է, որ փոքր երկրները հաճախ դառնում են մեծ տերությունների շահերի զոհը, ինչպես եղավ հայերիս հետ Օսմանյան կայսրության օրոք: Այն ազգերը, որոնք կարողացան ժամանակին սթափ վերլուծել իրենց անհաջողությունների ու տառապանքների պատճառները և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր, կարողացան ստեղծել համակարգային բարձր որակի պետություններ՝ ունակ ոչ միայն բավարարելու իրենց քաղաքացիների ներքին կարիքները և նրանց պաշտպանելու արտաքին սպառնալիքներից, այլև պայմաններ ապահովել, որոնք թույլ են տալիս մրցակցել ռեգիոնալ եւ նույնիսկ մեծ տերությունների հետ, համադրել նրանց հետ սեփական շահերը կամ առանձին դեպքում դառնալ իրական և կարևոր դաշնակից:

Այդպիսի օրինակներ կան և այդ օրինակները լոկ հաստատում են, որ ճիշտ կառուցված քաղաքականության, դիվանագիտության և կառավարման դեպքում նույնիսկ բնական պաշարներից զուրկ ժողովուրդը ի վիճակի է հասնել շատ մեծ հաջողությունների:

Այսօր մենք վերապրում ենք մեր պատմության հերթական համազգային հոգեբանական վհատության պահը, և բացարձակապես մեզնից է կախված՝ թե կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմունքներով ենք կառուցելու մեր ապագան:

Առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են: Կարծես վերից վար մեզնից յուրաքանչյուրի մոտ ցանկություն չկա ինքնուրույն բովանդակային պատասխանատվություն ստանձնել սեփական ճակատագրի համար: Խոսքը ոչ թե ինքնաքննադատության բացակայության մասին է, այլ դրա ձևական բնույթի: Մենք առաջվա պես փնտրում ենք հենման մասնավոր կետեր, «փրկիչներ»՝ ի դեմս առանձին անհատների կամ երկրների, որոնք ունակ են մեզ տանել ճիշտ ճանապարհով, որն էլ վերջում հանգեցնելու է բարեկեցության և ապահովության:

Ջղաձգական փնտրտուքների հետևից ընկած՝ մենք բոլորովին մոռացել ենք, որ այդ ուղին գտնվում է ուղիղ մեր աչքերի առջև և կոչվում է անկախ Հայաստանի Հանրապետություն:

Մեր հազարամյա երազանքն իրականացել էր՝ վերջապես մենք ունեցանք մեր տունը, դրոշը, զինանշանն ու օրհներգը: Վերջապես մենք կարող ենք հայ լինել միջազգային համայնքի կողմից ճանաչված հայկական պետությունում: Առաջին անգամ հարյուրամյակների ընթացքում հայերն իրենց տարածքները չկորցրեցին, այլ 1990-ականներին հետ բերեցին պատմական տարածքներ՝ իր ռեսուրսներով մեզ բազմապատիկ գերազանցող հակառակորդի կողմից պարտադրված պատերազմի ընթացքում: Մեզ դա հաջողվեց անել, որովհետև մեր շարժիչ ուժը երազանքներն էին ու ազգային գաղափարներին նվիրումը: Դրանք հագեցած էին խելահեղ էներգետիկայով, և յուրաքանչյուր հայկական մասնիկ աշխարհի ցանկացած կետում առավելագույնս էր լիցքավորված համազգային նպատակին հասնելու համար:

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե իրականում ինչքան ենք թերագնահատել պատմության այդ նվերը: Փոխանակ փոքր երկրների և ժողովուրդների հաջողված օրինակների հիմքի վրա պետական և ազգային շինարարության բովանդակալից ծրագրեր կազմելու, մենք զբաղվեցինք առավելապես իմիտացիոն գործունեությամբ: Չգցվեց ներքին իմունիտետի՝ պետական կառավարման արդյունավետ համակարգի հիմքը՝ հիմնված իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի միջև պատասխանատվության իրական բաժանման վրա: Հենց այդպիսի՛ մոդելն է ձևավորում հասարակությունը և դաստիարակում քաղաքացուն, որը ցանկացած կառավարության հիմնական արժեքն է: Այդպիսի՛ քաղաքացին կարող է գիտակցել ընտրելու և ընտրվելու հնարավորության նշանակությունը։ Եվ ամենագլխավորը՝ այդպիսի քաղաքացին պատասխանատվություն է կրելու իր, շրջապատի և երկրի առջև կանգնած ընտրության համար: Այսպիսի համակարգի բացակայությունը բարդ և աշխարհագրական սահմանափակ պայմանների մեջ գտնվող երկրների համար անթույլատրելի ճոխություն է:

Անցած տարիների ընթացքում մենք չենք կատարել համահայկական գույքագրում, որպեսզի հասկանանք, թե ո՞րն է, օրինակ, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերական համալիրի, գիտության, կրթության և առողջապահության երկարատև զարգացման մոդելների մշակման համար իրական ռեսուրսային հիմքը: Այդ պատճառով էլ մեզ մոտ ի հայտ չեկան արտաքին և պաշտպանական քաղաքականության, ժողովրդագրական, տեղեկատվական և սննդի անվտանգության վերաբերյալ կենսական անհրաժեշտության ռազմավարական գործուն հայեցակարգեր: Անկախություն ստանալուց հետո մենք այն չլցրեցինք կոնկրետ բովանդակությամբ:

Օրինակների հետևից հեռու գնալու անհրաժեշտություն չկա: 1994թ. մենք ազատագրեցինք Արցախը, և ընդհուպ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական: Գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկա, որն ի սկզբանե դատապարտված էր: Մեր հակառակորդը քսան տարի շարունակ պնդում էր, որ թույլ չի տալու Կովկասում երկրորդ հայկական պետության ստեղծում, ձեռք էր բերում ժամանակակից զենքեր, զբաղվում ակտիվ միջազգային լոբբինգով, իր ազդեցության ցանցերն էր ստեղծում ամբողջ աշխարհով հանուն մեկ նպատակի: Հանուն ինչի՞: Հարցը հռետորական է, որովհետև պատասխանը պարզից էլ պարզ է:

Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման և ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), և ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը և այլն: Մենք թուլացանք և շարունակեցինք ապրել, կարծես այլևս որևէ մեծ մարտահրավեր կամ սպառնալիք չկար: Իհարկե, Արցախյան պատերազմում հաղթանակը դարձավ մեր ինքնության անկապտելի բաղադրիչը, և ակնհայտ է, որ այսօրվա ամենաահավոր հետևանքը հենց ինքնաընկալման ճգնաժամն է: Հայն արթնանում էր, ապրում, աշխատում և պառկում քնելու այն գիտակցությամբ, որ ինքը մաս է կազմում հաղթանակած ազգի: Այժմ, պատասխան գտնելու փնտրտուքների մեջ ընկած, նա հարցնում է՝ հիմա ո՞վ եմ ես:

Մենք տանուլ տվեցինք տեղեկատվական պատերազմում՝ թե արտաքին, թե ներքին դաշտում: Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երևակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն և գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ:

Այս ամենը թոթափելու համար մեզ հսկայական ջանք է պետք, դառն իրականության աչքերին նայելու կամք և քաջություն:
Մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը իրենց համարեն պարտված:

Քաղաքականության մեջ գործում է բոլոր ժամանակների համար ոսկե կանոն՝ երբեք մի՛ ասա երբեք: Այո, մենք այսօր տանուլ ենք տվել ռազմի դաշտում և արտաքին ճակատում, որի համար ներկա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի: Սակայն մեզ սպասում են այլ մարտահրավերներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Որպեսզի պահպանենք մեր պետականությունը և այն դնենք սկզբունքորեն նոր մակարդակի վրա, պետք է մի կողմ դնենք զգացմունքները և սկսենք բարդ, տհաճ, սակայն անհրաժեշտ աշխատանքն առաջին հերթին ինքներս մեզ վրա:

Այսօր մենք (և առաջին հերթին սեփական քաղաքացիների և համաշխարհային հայության առջև պատասխանատվություն ստանձնած կառավարությունը) պետք է ընդունենք քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական խոր ճգնաժամի գոյությունը: Քաղաքացիները լիակատար բարոյական իրավունք ունեն իրենց կողմից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներից, կառավարությունից և վարչապետից ժամանակային ու բովանդակության առումով կոնկրետ պատասխաններ պահանջել ճգնաժամից դուրս գալու ելքերի վերաբերյալ:

Իր դերը և պատասխանատվությունն ունի նաև Հանրապետության նախագահը:

Հասարակության պառակտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ուստի երկրին և ժողովրդին անհրաժեշտ է բուժում: Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ երեք նպատակների իրականացման մեջ:

Առաջինը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար:

Երկրորդը, պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում:

Երրորդը, խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում:

Կրկնում եմ՝ պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջև պետք է գործի հակակշիռների և զսպումների համակարգը, բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան: Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ:

Մեծատառով Օրենքը և դրան հետևելը ցանկացած առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է, զարգացման և հարատևման երաշխիքը: Հենց այդ հիմքի վրա պետք է կառուցվի մեր քաղաքական մշակույթը։ Կայուն և ամուր պետականության կառուցման այլ բանաձև գոյություն չունի:

Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձևական բնույթ ունի, սակայն ներքուստ այն կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում: Որպես պետության գլուխ և Սահմանադրության հետևող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձևավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը և մեխանիզմները: Հարց է առաջանում՝ իսկ իդեալակա՞ն է արդյոք մեր Սահմանադրությունը: Պատասխանը մեկն է՝ ո՛չ, ինչպես ցանկացած երկրի սահմանադրություն: Աշխարհում ամենուրեք վեճեր ու քննարկումներ են ծավալվում իրենց երկրների հիմնական օրենքների փոփոխման շուրջ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես իմ կարծիքն ունեմ մեր Սահմանադրության թերությունների մասին, սակայն որպես Հանրապետության նախագահ՝ ես պարտավոր եմ հետևել օրենքի տառին: Մենք կարող ենք տրվել զգացմունքներին, սակայն բոլոր քաղաքական պահանջները պետք է իրականացվեն օրենքի սահմաններում:

Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է, մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ և նպատակասլաց: Այն ազգային անհոգությունը, անկազմակերպվածությունը, անկարգապահությունը և անհետևողականությունը, այն կեղծ օրակարգերը, գաղափարները և մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին, պետք է նետել պատմության արխիվ:

Ցավոք, մինչև այսօր Հայաստանում և Հայկական աշխարհում չկա տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների իրական չափերի և դրանց պատճառների ու հետևանքների ամբողջական ընկալում: Մենք պետք ունենք հասկանալու, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ իր մարտահրավերներով, և այս անգամ՝ չսխալվելու, գրագետ և պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով:
Ինչպես էլ կոչենք այդ նոր էջը՝ «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետություն» կամ այլ կերպ, միևնույնն է, իրականությունն այն է, որ մտնում ենք պատմության նոր փուլ:

Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»:

2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության և աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն:

Վերջին պատերազմում պարտությունը հենց այդ համակարգի պարտությունն էր, ոչ թե զինվորի, ժողովրդի և ազգի:

«Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային և բովանդակային հիմքը: Շեշտը դրվելու է պետության որակի վրա, որը պահանջում է ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների համակարգի արմատական վերանայում: Աշխարհաքաղաքական ընկալումները, քաղաքականությունը, տնտեսությունը, անվտանգությունը, ռազմաարդյունաբերական համալիրը, բժշկությունը, գիտությունն ու կրթությունը ստեղծում են մարդիկ, և այսօր մենք լավագույն մասնագետների սուր կարիք ենք զգում:

Երևելի հայերի պակաս չկա և չի եղել երբեք, պարզապես անհրաժեշտ է դադարենք ընդամենը նրանց գոյությամբ հպարտանալ, այլ նրանց դարձնենք մեր պետական իրականության մասնիկ: Դրա համար բավական է վերացնել Հայաստանի և հայկական համայնքների միջև արհեստականորեն ստեղծված բեռլինյան պատերը (որոնք առկա են Սահմանադրության մեջ եւ օրենքներում): Մեր Սփյուռքի հետ շփման մեծ փորձ ունենալով՝ կարող եմ վստահորեն ասել այդ վիթխարի ներուժի առկայության մասին: Կրկնեմ, որ այդ ներուժը հայտնաբերելու և արդյունավետ օգտագործելու համար պետք է պետական համակարգային մոտեցում և ճիշտ կառավարում:

Սպասվում է բարդ աշխատանք, բայց ես չեմ կասկածում վերջնական հաջողությանը: Գլխավորը, որ յուրաքանչյուրը հավատա դրան և իր կարողությունների ու հնարավորությունների չափ մասնակցի այդ օրը մոտեցնելու գործին:

Մենք երկար խորհելու ժամանակ և հնարավորություն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ և արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ և կազմակերպված, նոր տեխնոլոգիաների և մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Իսկ դրան հասնելու ճանապարհների մասին կխոսենք հետագայում:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031