Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անարգել հասել է «Զվարթնոց» օդանավակայան:
Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, որտեղ նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետի եռակողմ հանդիպումը: Երեկ ընդդիմադիր գործիչները ֆեյսբուքյան գրառումներ էին անում այն մասին, որ վաղ առավոտից լինելու են «Զվարթնոց» օդանավակայանում եւ թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա: Ընդդիմադիրները մտավախություններ ունեն, որ այսօր Մոսկվայում հերթական ոչ հայանպաստ փաստաթուղթն է ստորագրվելու:
Վաղ առավոտից սակայն, ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների համար փակել էր դեպի օդանավակայան տանող ճանապարհը`Իսակովի պողոտան եւ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անարգել հասել է «Զվարթնոց» օդանավակայան: Շարասյան անցնելուց հետո, ճանապարհը քաղաքացիների համար բացվել է:
Մի խումբ քաղաքացիներ իրենց անհամաձայնությունն էին հայտնում ոստիկանության գործողություններին`ասելով, որ նրանք ճանապարհ են բացում մի մարդու համար, որը վաղը Սյունիք մեկնելու համար պետք է Ալիեւի համաձայնությունը ստանա, որն այսօր հերթական հայրենադավ փաստաթուղթն է ստորագրելու: Ցուցարարները հայտարարեցին նաեւ, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին: Նա ոստիկանության կենտրոնական բաժանմունքում է: Ցուցարարները վստահ են, որ նման քայլով Նիկոլ Փաշինյանը ոչ թե երկարացնում է իր իշխանության ժամկետը, այլ մոտեցնում է իր հրաժարականը: Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներին էլ կոչ էին անում`չծառայել Նիկոլ Փաշինյանին, «չդառնալ նրա պայուսակը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիապորտ» տելեգրամ ալիքից