Ընդամենը մի քանի րոպե, եւ նարնջի ու նուշի տրամադրող բույրը կտարածվի տնով մեկ, իսկ նրբահամ թխվածքաբլիթները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Շատ հեշտ պատրաստվող այս թխվածքաբլիթների համար ժամանակ գրեթե չի ծախսվում, միայն թե պետք է ձեռք բերել նուշի ալյուր եւ նարնջի ջեմ: Երկուսն էլ այժմ վաճառվում են երեւանյան սուպերմարկետներում: Ի դեպ, նուշի ալյուր կարելի է ստանալ նաեւ տան պայմաններում, պետք է պարզապես մանրացնել կամ աղալ կեղեւահան արված նուշը: Այս օրերին սուպերմարկետներում նաեւ կեղեւահան նուշ է վաճառվում:
Անհրաժեշտ մթերքները
Նուշի ալյուր-200 գրամ
Շաքարավազ-100 գրամ
Կարդացեք նաև
Նարինջ-1 հատ
Նարնջի ջեմ-5-6 ճաշի գդալ
Ձվի սպիտակուց-2 ձվի
Շաքարի փոշի- կես բաժակ
Պատրաստման եղանակը
Նուշի ալյուրը եւ շաքարավազը իրար հետ լավ խառնել:
Նարինջը լավ լվանալ եւ քերել ամենամանր անցքերով քերիչով՝ զգուշությամբ, որ չհասնեք սպիտակ թաղանթին: Կեղեւը նույնպես խառնել ալյուրի եւ շաքարավազի խառնուրդին:
Նարնջի կեսից քամել հյութը, լցնել ալյուրի խառնուրդի վրա: Կարող եք ավելացնել նաեւ 1 բաժակ նարնջի լիկյոր կամ ամարետո: Այս թխվածքաբլիթի մեջ նարնջի եւ նուշի համերը եւ բույրերը հավասար դերերում են:
Զգուշությամբ կոտրեք հավկիթները, դեղնուցները պահեք, իսկ սպիտակուցները լցրեք խմորի մեջ: Նորից խառնեք: Ընդ որում, էլեկտրական հարիչի կարիք չկա, կարող եք ամբողջ գործողությունը կատարել փայտե գդալով կամ սիլիկոնե թիակով:
Ջեռոցը միացրեք, որ տաքանա 200 աստիճանով: Սեղանի կամ տախտակի վրա շաքարի փոշի լցրեք՝ 2-3 ճաշի գդալ, պատրաստի խմորը լցրեք շաքարի փոշու վրա, վրայից էլ մի քիչ շաքարի փոշի ավելացրեք, եւ արագ ու շատ քիչ հունցեք, եւ գլորեք, որ դառնա երկար գլանակ:
Կտրատեք ընկույզի չափ կտորների, գլորելով շաքարի փոշու մեջ, ստացեք գնդիկներ: Տեղավորեք շաքարի փոշով պատված գնդիկները ջեռոցի թավայի վրա, որի վրա յուղաթուղթ է դրված: Երբ բոլոր գնդիկները կշարեք, յուրաքանչյուրի վրա մատով փոսիկ փորեք: Այդ փոսիկների մեջ լցրեք նարնջի ջեմ՝ մոտավորապես 0,5-1 թեյի գդալի չափով: Ի դեպ, նարնջի ջեմի պատրաստման բաղադրատոմսը կարող եք տեսնել այստեղ:
Հանեք ջեռոցից, թողեք լավ սառչի, որից հետո կարող եք զգուշությամբ պոկել յուղաթղթի վրայից եւ դնել մատուցարանի վրա ու մատուցել:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.