Պետական ավանդույթներ ունեցող երկրներում, սերունդները դաստիարակվում, կրթվում են պետական մտածողությամբ՝ անկախ ընտրած մասնագիտությունից։ Առավել քան պետական մտածողությամբ են օժտված, հատկապես քաղաքական գործչի հավակնություններ ունեցող անձինք և նման երկրներում անհնար է, օրինակ փաստաթղթերը կեղծած և զինվորական ծառայությունից խուսափած, դատարանով պատիժ կրած անձի պատգամավոր ընտրվելը։ Ինչ վերաբերում է պետական ծառայողներին, հատկապես՝ բարձրաստիճան զինվորականներին, իրավապահ մարմինների աշխատողներին, ապա նրանք ոչ միայն ունենում են բարձրակարգ մասնագետների որակավորում, այլև նվիրված են պետությանը, շեշտում եմ՝ պետությանը, այլ ոչ թե պետության այդ օրվա ղեկավարին, ի դեպ՝ անկախ տվյալ երկրի ժողովրդավարական կամ բռնապետական լինելու հանգամանքից։
Իհարկե, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այդպիսի երկրներում հնարավոր է, որ ինչ-ինչ հանգամանքներում իշխանության գա ինչ-որ արկածախնդիր և վտանգի երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջությունը, պետականությունը։
Սակայն նման երկրներում, վերը նշված կառույցները, որոշակի ժամանակավոր թմբիրից դուրս կգան և․․․ կամ տվյալ արկածախնդիր ղեկավարի կուսակիցներն անվստահություն կհայտնեն նրան, «սահմանադրական» ճանապարհով հեղաշրջում անելով, կամ բարձրաստիճան զինվորականությունը (Գլխավոր շտաբ) զինվորական հեղաշրջում կիրականացնի, ձևավորելով այո՝ ռազմական խունտա, կամ իրավապահները քրեական գործեր կհարուցեն և կկալանավորեն պետությունը կործանող արկածախնդրին։
Ավետիք Իշխանյան