Լրահոս
Օրվա լրահոսը

Տունը կորցրած թաղավարդցի ընտանիքը Կապանից վերադարձավ Արցախ. (Տեսանյութ)

Հունվար 10,2021 20:02

Անցած տարի հոկտեմբերի 2-ին՝ թաղավարդցի տիկին Իրինան կարտոֆիլ էր տապակում, որպեսզի ամուսինը ճաշի ու հերթափոխի գնա դեպի դիրքեր։ «Հանկարծ սիրտ կոտորող ձեն լսեցի, որ շուտ փախեք, թորքը հասնում ա»,–ասում է Իրինա Միրզոյանը։ Արագ կանչեց աղջկան՝ Աննային ու միայն տանը որպես խնայողություն ունեցած փոքրիկ գումարը վերցրեց ու նստեցին հարեւանի ավտոմեքենան՝ չիմանալով նույնիսկ ուր են գնում։

«Անասունների մի մասը մնաց հանդում, գոմում՝ հավերը, ամեն ինչ թողեցինք ու փախանք»,–հիշում է մեր զրուցակիցը։ Ճանապարհին ամուսինը՝ Վարուժանը հանդիպեց՝ ասաց, որ ինքը դեռ կմնա, կռվող է պետք։ Իրինան 15-ամյա աղջկա հետ հասավ Վայք՝ ընկերուհու տուն, Վայքից էլ եկան Կապան՝ մորաքրոջ աղջկա տանը ժամանակավորապես ապրելու։ Պատերազմի ավարտից՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հաշտության պայմանագիրը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրելուց հետո ամուսինը՝ Վարուժան Միրզոյանն էլ եկավ Կապան։

Մի քանի օր մնալուց հետո, նորից մեկնեց Արցախ՝ տուն գտնելու։ Վերադարձավ դեկտեմբերի 31-ին եւ ասաց, որ Արցախի Խնածախ գյուղում, որը Ստեփանակերտին շատ մոտ է գտնվում՝ սեփական տուն է վարձակալել ու պիտի գնան։ Իրինան անընդհատ ամուսնուն խնդրում էր, որպեսզի պատմի թե ինչ է արել Հադրութում, սակայն Վարուժը լռում էր։ Ի վերջո պատմեց, որ Հադրութում հինգ տասնամյակից ավել մարդու կյանք է փրկել։ «56 հոգի էին՝ զինվորականներ, որից մեկը կին էր՝ բուժքույր։ Ընկերս Աշոտ Գրիգորյանը, որը կամանդիրն էր՝ զանգեց, ասաց՝ ոնց որ ուրիշ տարածք են մտել, չենք կարողանում կողմնորոշվել։ Հադրութի Զարդարաշեն գյուղի սարերի ճանապարհին էին, էդ գյուղը արդեն թուրքերին էր անցել»,–պատմում է Վարուժանը։ Առանց ժամանակ կորցնելու ձիով ճամփա է ընկնում եւ ուղեկցում հայերին՝ փրկելով գերությունից։

«Աշոտը հետո վիրավորվեց, մենակ դա էր վատը»,–ասում է Վարուժանը՝ լուռ խմելով զոհված եւ կռված իր ընկեր տղերքի կենացը։ Երեք պատերազմի է մասնակցել՝ 1990-ականների, 2016 թվականի ապրիլյան քառօրյային եւ 2020թ–ի սեպտեմբերյան պատերազմին։ Այս վերջինն ուրիշ էր, տարբերվում էր անցածներից՝ ասում է Վարուժանն ու խնդրում չխոսել այդ թեմայով։

Ճիշտ է, Կապանում հարմարվել էին, բայց ինչքա՞ն կարող են բարեկամի տանը մնալ։ «Մեր հողը պիտի պահենք, ինչքան էլ դժվար լինի պիտի հետ գնանք Արցախ, հո չենք թողնելու թուրքը սաղ գրավե»,–ասում է Վարուժանը։

Աննան Կապանի թիվ 3 դպրոցում էր ուսումը շարունակում, նոր ընկերներ էր ձեռք բերել, բայց աղջիկն անհամբեր օրերն էր հաշվում, թե երբ են վերադառնալու Արցախ։ Կապանում ամեն ինչ լավ էր, բայց համադասարանցիները, ընկերները Արցախում են։ «Հիմա ընկերներս տարբեր տեղեր են ապրում, բայց դե Արցախում են, իրար կպած գյուղեր են, Ստեփանակերտում են, կարանք երկու օրը մեկ հանդիպենք»,–ասում է Աննան։

«Լյոխ նորմալ ա, մենակ հոսանքն ա թանկ ստեղ, մի ամսվա համար 12 հազար մուծեցի։ Թաղավարդում լիքը հոսանք ենք վառում՝ տելիվիզոր, բանյա, ֆեն, 2500 դրամից չի անցնում փողը»,–ասում է Վարուժանը։ Չէր պատկերացնում, որ երկու ամիս կդիտի «Խուստուփ» կաբելային հեռուստաընկերության ալիքները ու վերջում՝ ոչինչ չի վճարի։ «Ասացին՝ տուժված եք, էդ մեր կողմից օգնություն էր ձեզ»,–ասում է Վարուժանը։

Խնածախում Էլի տուն–տեղ կդնեն, ոտքի կկանգնեն, առաջիկա ամիսների տան վարձն ու կոմունալ վճարումները Արցախի կառավարությունն է փոխհատուցելու։ «Կարեւորը ողջ –առողջ ենք, ոչինչ՝ որ տուն ենք կորցրել, մեր գյուղացիներից շատերը զոհվեցին։ Ահավոր էր»,–ասում է Վարուժանը։

Իրինան էլ առանց կապանցի հարեւանների չի պատկերացնում իր առօրյան, նույնիսկ 2021 թվականը հարեւանների հետ միասին դիմավորեցին։ Արցախ մեկնելու օրը՝ նորից հարեւաններն են հավաքվել․ ճանապարհում են թաղավարդցի ընտանիքին իրենց հարազատ ծննդավայր։ Մեկնելուց առաջ՝ բարի ճանապարհի ու նորից ուրախ առիթներով հանդիպելու կենացներն են։

Վարուժանն էլ ուրախալի լուր ունի։ «Գյուղացիներից մեկը զանգել՝ ասել էր, որ ձիս ճարվալ ա, կորած էր, ինքն իրեն անտառից եկավ»,–իր ուրախությունը բոլորի հետ կիսեց թաղավարդցի Վարուժանը։

«Շնորհակալ եք բոլորից, շատ շնորհակալ»,–ասում են ամուսինները, իսկ Իրինան ավելացնում է՝ «դատարկ եկանք, լիքը վեշերով գնում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031