Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի համաձայնագիր, պայմանագիր չի պատրաստվում ստորագրվել». Արման Բաբաջանյանը ԱԳ նախարարից պարզաբանումներ է ստացել

Հունվար 10,2021 18:25

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ այսօր կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ քննարկել են վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր: Այսօր այս մասին ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա մասնակցելու եռակողմ հանդիպմանը, որին ներկա կլինեն ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները:

Ըստ Արման Բաբաջանյանի, նախարարը չի մասնակցելու այդ հանդիպմանը, սակայն պարզաբանումներ է ներկայացրել եռակողմ փաստաթղթի 8-րդ եւ 9-րդ կետերի շուրջ. «Հիմնական քննարկվող հարցը գերիների, անհայտ կորածների եւ նաեւ դիակների փոխանակման հարցը առաջնահերթ է հռչակել եւ առանց այս հիմնարար խնդրի լուծման մենք չենք պատկերացնում խնդիրը այլ հարթություն եւ ուղղություններով տեղափոխելու կարելիություն: Այս հարցում ունենք համախոհություն, որ առանց այս խնդրի հիմնարար լուծման դժվար կլինի առաջ անցնել: Սա վաղը լինելու է Մոսկվայում քննարկվող ամենաառանցքային հարցը: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ոչ մի համաձայնագիր, պայմանագիր չի պատրաստվում ստորագրվել»:

Արման Բաբաջանյանի խոսքով, վաղվա հանդիպումից հետո հնարավոր է լինի հայտարարություն:

«Եթե Հայաստանը չկարողանա գերիների եւ անհայտ կորածների հարցում նաեւ Ռուսաստանի մասնակցությամբ շոշափելի արդյունք արձանագրել, չի բացառվում, որ մենք նաեւ մյուս ուղղություններով չշարունակենք աշխատանքները»,-ասաց պարոն Բաբաջանյանը՝ նշելով, որ պատերազմը չի դադարել, տեղափոխվել է այլ հարթություն. «Այն պրոքսի գործընթացները, այն հիբրիդային պատերազմի ամբողջ էլեմենտները, որոնք մենք տեսնում ենք նոյեմբերի 10-ից հետո, ուղղակի նպատակ ունեն Հայաստանն էլ ավելի թուլացնել»:

Արման Բաբաջանյանն ասաց՝ իր համար անհասկանալի է, որ ընդդիմադիր ուժերից մեկը փոխանակ բանակի առողջացման, արդիականացման հարցն օրակարգ բերի, Հայաստանի հարավում ռուսական նոր ռազմաբազայի լոբբինգ է սկսել. «Այս պայմաններում Հայաստանն ու գործող իշխանությունները, որոնք պատասխանատուն են ստեղծված իրավիճակի համար, դժվար կկարողանան դուրս գալ ստեղծված իրողություններից: Ակնհայտ է, որ այս ներքին անկայունությունը, որը սնուցվում է լրատվական անկառավարելի գործընթացներով, արտակարգ հնարավորություն է մեր թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ձեռքերը տաքացնելու եւ սեփական աշխարհաքաղաքական տարածաշրջանային իրողությունները, օրակարգերն առաջ մղելու:

Որպես հասարակություն մեզ պետք է ժամ առաջ կանգ առնել, մեր բոլոր հավաքական ուժերը կենտրոնացնել կայունության օրակարգի վրա, որպեսզի ակնկալենք նոր որակի փոփոխություններ, որպեսզի նաեւ արտաքին գործընկերները հնարավորություն եւ շանս ունենան ներգրավել գործընթացներում, որովհետեւ այս անկայունությունը որեւէ կերպ թույլ չի տալիս ոչ միայն ներքնապես՝ պետությանը լծվել հայկական շահն առաջ մղելու գործին, այլեւ մեր գործընկերներին թույլ չի տալիս ներգրավվել այդ շահին օգնելու, օժանդակելու գործում դերակատարություն ունենալ»:
Արման Բաբաջանյանը նաեւ հայտնեց, որ առաջիկայում սպասվում է Մինսկի խմբի այց տարածաշրջան. «Կարծում եմ, շատ արագ պետք է այս խնդիրը քննարկման առարկա դարձնել Մինսկի խմբում, որը միակ ձեւաչափն է: Արցախի կարգավիճակը, դեօկուպացիան բացառապես Մինսկի խմբի շրջանակներում լուծվող հարց է»:

ԱԳ նախարարի հետ քննարկել են նաեւ Ադրբեջանի նախագահի այն սպառնալիքը, ըստ որի Հայաստանի իշխանության ներկայացուցիչները Արցախ այցելելու համար պետք է թույլտվություն ստանան Բաքվից: Ըստ Արման Բաբաջանյանի` նախարար Այվազյանը վստահեցրել է, որ նման բան չի կարող տեղի ունենալ եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի իշխանությունները շարունակելու են այցելել Արցախ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031