Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանողների միության նախագահը որեւէ խնդիր չի տեսնում, որ հայկական բեռներն անցնեն Ադրբեջանով

Հունվար 10,2021 16:30

Արտահանողների միության նախագահ Ռաֆֆի Մխչյանն, անդրադառնալով Հայաստանից Ադրբեջանի տարածքով եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու, տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը վերացնելու մտահոգություններին, որոնք հնչում են հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների կողմից, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այստեղ մի խնդիր է տեսնում. «Ի՞նչ տարբերություն, թե մենք որտեղով ենք բեռ տեղափոխում, եթե կա տարանցիկ երկիր, ուրեմն կա երկկողմ համաձայնություն: Եթե կա երկկողմ համաձայնություն, կան երկկողմ պարտավորվածություններ: Այսինքն, եթե ես քեզ տալիս եմ հնարավորություն, որ դու քո բեռն անցկացնես իմ երկրով տարանցիկ ճանապարհով, ուրեմն ես պարտավորված եմ քո բեռի նկատմամբ կրել պատասխանատվություն»:

Ռաֆֆի Մխչյանի խոսքով, եթե հարցերին պետք է նայենք «նոստալգիկ առումով, զգացմունքային հողի վրա», ապա, ինքն էլ դեմ կլիներ. «Ես կասեի՝ չէ, ոչ մի դեպքում ի՛նչ Ադրբեջան, ինչո՞ւ պետք է մեր բեռներն այդտեղով գնան, բայց, եթե ես խոսում եմ, որպես մարդ, որը բիզնեսի մեջ ունի տարիների փորձ եւ այսօր ցանկություն ունի, որ Հայաստանն ավելի բացվի աշխարհին, մենք ավելի մեծ հնարավորություններ ունենանք, ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Ռաֆֆի Մխչյանի կարծիքով, ընդհանուր առմամբ, մենք պետք է փոխենք մեր հայացքները. «Մենք սուգ անող, անընդհատ լացող ազգ ենք, մենք պետք է դուրս գանք այս վիճակից: Մեզ 1915 թվականին մորթել են, մեկուկես միլիոն հայ են վերացրել, բայց մենք 110 տարի նույն բանն ենք անում, ուրիշ ոչ մի քայլ չենք անում՝ հաղթահարելու մեր մեջ այդ կարծրատիպը: Մենք այսօր պատերազմել ենք, պարտվել ենք, պետք է ընդունել այս իրողությունը, որ մենք պարտվել ենք, սակայն, եթե մենք ունենք հնարավորություն, այս պարտության հետ մեկտեղ զարգացնել մեր երկրի տնտեսությունը, բացել բոլոր այն հնարավոր ճանապարհները, որի միջոցով կարող է մեր երկրի, ժողովրդի բարեկեցությունը բարձրանալ, պետք է անել»:

Արտահանողների միության նախագահի խոսքով, սակայն այս գործընթացում պետք է ներգրաված լինեն պրոֆեսիոնալ, գիտակ մասնագետներ, որոնք բոլոր այդ պայմանագրերը, համաձայնագրերը կնքեն ճիշտ ձեւով. «Եվ այդ բոլոր ճանապարհները թող բացվեն եւ բոլորն էլ գնան-գան, բոլորն էլ թող օգտվեն: Ընդամենը Վրաստանի օրինակով կարող եմ ասել, որ այդ երկիրը, Հայաստանի եւ Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով իր բյուջեում միլիոններ է կուտակում, որովհետեւ նավային բոլոր մեր բեռները, որոնք գալիս են Փոթի նավահանգստով, նույնը Ադրբեջանինը՝ գալիս է Փոթի, այնտեղից՝ Բաքու, եւ այդ ամենի մեջ մեծ օգուտ քաղողը Վրաստանն է: Եթե այսօր մենք հնարավորություն ունենանք Թուրքիայից բեռը տանենք Բաքու, ինչո՞ւ չտանենք ու չօգտվենք դրանից: Եթե Թուրքիան վստահում է, որ իր բեռը Բաքվով անցնի գնա Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, ինչո՞ւ չօգտվենք մենք էլ»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի խորհրդական գյուղատնտես, Արցախյան պատերազմի մասնակից Հարություն Մնացականյանը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանք արտահանելու թեմայի վերաբերյալ՝ կանխատեսելով բոլոր այն հնարավոր վտանգները, որոնք կարող են պատահել մեր բեռների հետ:

«Երբ հայկական բեռնատարները հայտնվեն Ադրբեջանի տարածքում, շատ միամիտ, պատահական ձևով թալանվելու են մի քանի խմբերի կողմից, քրեական գործեր են հարուցվելու ու, չգիտես ինչու, ոչ մի նման դեպք չի բացահայտվելու։ Ու սա լինելու է ինտենսիվ շարունակական։ Նաև Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունն է այնքան կաշառք պոկելու վարորդներից, որ բացարձակ նպատակահարմար չլինի հայկական մեքենաների տեղաշարժն այդ երկրով։ Փոխարենն Ադրբեջանն էժան գնով առաջարկելու իր տրանսպորտային միջոցները, նույնիսկ շատ էժան, մատչելի գնով, հստակ երաշխիքներով, որ բացարձակապես չեն թալանվի։ Արդյունքում մի քանի տրանսպորտային ընկերություններով, դեմպինգի շնորհիվ կոնկրետ ամբողջական ինֆոներ կսկսի հավաքել, թե որ ֆիրմային որ շուկայում ինչ ապրանք ենք տալիս ինչ գնով։

Ի դեպ, պարսիկներն էլ են աշխատում հնարավորինս զերծ մնալ Ադրբեջանի տարածքով ՌԴ ապրանք արտահանելուց։ Մի քանի անգամ փորձ արեցին մեր երկրի հետ համաձայնության գալու, բայց տեղաշարժվող չեղավ։ Էս թեմայով մի քանի պաշտոնյայի հետ հանդիպեցի ու մնաց օդում, ոչինչ չարվեց»,- գրել էր գործարարը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031