«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Տպավորություն է ստեղծվում, որ շատերին թվում է, թե պատերազմում պարտությունից հետո իրենք կորցնելու ուրիշ բան չունեն։ Միայն դրանով կարելի է բացատրել, որ մարդիկ սկսում են հակառակվել իրենք իրենց «ես»-ին, տասնամյակներով ձևավորված համոզմունքներին, դրանով ապակողմնորոշվում են, «հարյուր տարվա» ընկերներին ստախոս են անվանում, մյուսներին՝ յոթհարկանի հայհոյանքներով նախշում՝ խախտելով բարեկրթության բոլոր սահմանները։
Հայաստանի էս վիճակը կարելի է նկարագրել որպես հանրային հարաբերությունների դժոխք։ Այն կարելի է բնորոշել որպես վստահության տոտալ ճգնաժամ, որևէ արժեքի բացառում, հանրային որևէ խոսքի արժեզրկում։
Պարտությունն, իրոք, ծանր էր, բայց մենք կորցնելու դեռ շատ բան ունենք ու առաջին հերթին՝ միմյանց։ Պատերազմում պարտությունը չի նշանակում, որ պետք է մնացած ամեն ինչ էլ մենք վարի տանք։
Կարդացեք նաև
Որպեսզի էս ամենը վերապրենք ու կարողանանք դրական բան ստեղծել, սկզբի համար կարելի է ուղղակի մարդկային նկարագիրը չկորցնել։
Վերջին շրջանում մտածելու ունակությունը և մարդկային կերպարանքը կորցնելու պատճառով իրական ու ավելի շատ վիրտուալ ընկերներ եմ կորցրել։ Էս գրառումը կարող եք որպես հոգու ճիչ դիտել ու հերթական մի զգուշացում, որ հարգենք իրար։
Ճգնաժամերը վերապրելու համար փորձենք ավելի հոգատար լինել միմյանց նկատմամբ։ Տենց ավելի հեշտ է։ Պարտությունից հետո էլ կյանք կա։