Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի ֆեյսբուքյան գրառումը
Ըստ լրատվական կայքերում շրջանառվող լուրերի՝ հունվարի 11-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Պուտին-Փաշինյան-Ալիև։
Թե ինչ հարց է դրված բանակցությունների սեղանին, դեռ պարզ չէ, կլինի դա ցավոտ փոխզիջումների շարունակությունը, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց հարկ եմ համարում նշել, որ հանդիպումը առիթ է, բարձրաձայնելու նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածությունների 7-րդ և 8-րդ կետերը, այն է՝
7)Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո:
Կարդացեք նաև
8)Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում:
Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել ցավոտ փոխզիջումներից և առաջնորդվել պայմանագրի վերը նշված կետերով, որոնց կյանքի կոչելը այս պահին առավել մեծ նշանակություն ունեն։
Մինչ այս ստորագրված բոլոր կետերը հետապնդել են Ադրբեջանի Հանրապետության շահերը, այս անգամ ևս Ալիևը պարտադրելու է ՀՀ իշխանություններին կատարել պայմանագրի արդեն 9-րդ կետում նշված պայմանավորվածությունները այն է՝
9) Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։
Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։
Եվս մեկ անգամ կոչ եմ անում առաջնորդվել 7-րդ և 8-րդ կետերում նշված պայմանավորվածություններով, այլ ոչ թե կատարել Ալիևի bizimdir հրամանը։