ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի 23-ի որոշմամբ՝ Կարո Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ։ Ավանեսյանը ծնվել է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում, 58 տարեկան է, մասնագիտությամբ՝ ինժերներ–հիդրոտեխնիկ, ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է Կոռնիձորի կոլտնտեսությունից, ապա աշխատել տարբեր ընկերություններում։
1989-1992թթ.-ին ընդգրկվել է Կոռնիձորի, իսկ 1992-1994թթ.՝ տեղի կամավորական ջոկատներում եւ մասնակցել Գորիսի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանության համար մղված մարտական գործողություններին:
Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա եւ 2020 թվականի մարտական գործողություններին: Ամուսնացած է, ունի 3 զավակ։ Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», «Մայրական երախտագիտություն» ու եւս 8 այլ մեդալներով, պատվոգրերով:
Կարդացեք նաև
2017 թվականից Երկրապահ կամավորականների միության Սյունիքի բաժանամունքի փոխնախագահն է: Նկատենք, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ԵԿՄ Սյունիքի բաժանամունքի նախագահն է եւ մարզպետ է նշանակվել 2020թ․-ի դեկտեմբերի 8-ի կառավարության որոշմամբ։ Մինչ այդ՝ գնդապետ Պողոսյանը Սյունիքի մարզպետի տեղակալն էր, զբաղվում էր մարզի ինքնապաշտպանական խնդիրներով։
Ըստ էության, ստացվում է, որ Կարո Ավանեսյանի հիմնական գործառույթներից մեկը կլինի մարզի ինքնապաշտպանական ոլորտի համակարգումը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ