Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած արցախյան պատերազմը արհավիրք էր հայ ժողովրդի համար։
Արդյունքում՝ հազարավոր զոհեր, վիրավորներ, անoթևան արցախցի ընտանիքներ, մանկությունից զրկված երեխաներ։ Բարեբախտաբար, մի շարք բարեգործներ և կազմակերպություններ կանգնեցին մեր հայրենակիցների կողքին և չեն դադարում աջակցել նրանց։
Դեռևս նոյեմբերին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել էր բարեգործական համերգ, որը կազմակերպել էր Համաշխարհային համահայկական ասոցիացիան, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը՝ համագործակցելով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և «Կադանս» երաժշտական կենտրոնի հետ։ Համերգին ելույթ ունեցան Արմինե Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Սոնա Բարսեղյանը, Կարեն Շահգալդյանը, Նարեկ Ղազարյանը, Հասմիկ Բաղդասարյանը, «Կադանս» անսամբլը։ Համերգը վարեցին Կարեն Քոչարյանը և Դիանա Մալխասյանը։
Հունվարի 9-ին եւս Համաշխարհային համահայկական ասոցիացիան և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ համագործակցելով «Տերյան» մշակութային կենտրոնի, «Զանգակ» հրատարակչության, Արև Սամուելյանի և մի շարք այլ բարեգործների հետ, կազմակերպել էին բարեգործական ամանորյա ցերեկույթ արցախցի ընտանիքների համար։ Ծրագրում՝ շրջայց էր թանգարանում, «Խաչատրյանն ու Հայաստանը» լուսանկարների ցուցահանդես, համերգային ծրագիր՝ Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի շնորհալի սաների մասնակցությամբ, ինչպես նաեւ ամանորյա անակնկալներ 52 բալիկի համար: Նրանց այցելեցին նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Միջոցառման վերջում՝ նոյեմբերին կայացած բարեգործական համերգի ողջ հասույթը փոխանցվեց արցախցի, հադրութցի 17 ընտանիքների:
Աննա ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արամ Խաչատրյան թանգարանի ֆեյսբուքյան էջից: