Aravot.am –ի դիտարկմանը, թե գործող քաղաքական իշխանությանը քննադատող եւ նրա հրաժարականը պահանջող շարժումները, կուսակցությունները, կազմակերպությունները, այդ թվում նաեւ մտավորականությունն ու արվեստի գործիչները, որքան էլ հայտարարում են, թե իրենց պայքարը քաղաքական չէ, աթոռակռիվ չէ, միեւնույն է՝ կա քաղաքական տարր, քաղաքական պահանջ: Հետեւաբար, ինչո՞ւ են խուսափում քաղաքականություն բառից, «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը պատասխանեց. «Շատ կարեւոր հարցեր են: Ասեմ, որ ոչ բոլոր մտավորականներն են հայտարարում, որ քաղաքականությունից դուրս են: Ես այդ առիթով մեկ անգամ արտահայտվել եմ, մեկ անգամ եւս կրկնեմ:
Մենք քաղաքականությամբ չէինք զբաղվի, եթե լիներ «երանելի ճահճացման տարիները», երբ գրասեղանի առջեւ նստած զբաղվում էինք մեր սիրած աշխատանքով: Բայց երբ քաղաքականությունը եկել մտել է իմ տունը իմ կորած զինվոր տղայի տեսքով, երբ որ այդ տղան գնացել է հայրենիքը պաշտպանելու եւ չկա այսօր, դա քաղաքականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն չի: Ես նրա ճակատագրի մասին չեմ ասում, ես ասում եմ այդ արյան գնի մասին, երբ նա գնացել է իր արյունը տալու, որպեսզի երկիրը փրկվի: Իսկ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» արտահայտությամբ վերադարձնում են մեզ Ֆրանսիայի միապետական ժամանակաշրջանը, երբ Լյուդովիկոս 14-րդը հայտարարում է՝ «Պետությունը ես եմ», մինչդեռ, արդարացման համար «ժող. Ջանին» են վկայակոչում, սա արդեն համատարած քաղաքականացված իրականություն է: Եվ մենք ուզենանք, թե չուզենանք, դա լինի մեր կամքով կամ ոչ մեր կամքով, ինչին մենք մոտենանք, արդեն քաղաքականացված է: 17 կուսակցությունները քաղաքական կուսակցություններ են:
Մենք քաղաքական չենք, բայց քաղաքականության մեջ ենք, որովհետեւ դա առնչվում է երկրի քաղաքական ճակատագրին: Եվ հիմա այն մտավորականները, որոնք հայտարարում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, դա համարում եմ, առնվազն, փարիսեցիություն: Եվ սա շատ մեղմ գնահատական է, որովհետեւ ինչ էլ որ մտավորականն այսօր ասի, որը առնչվում է իր երկրին եւ նրա ճակատագրին, իսկ դրան չառնչվել չի կարող, նա արդեն ընդունի թե չընդունի, անվանի թե չանվանի, քաղաքականություն է անում: Սա չի կարելի լղոզված կերպով ներկայացնել եւ հայտարարել, թե ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այդ ես չէի քաղաքականությամբ զբաղվում մինչեւ երկրի վրա Դամոկլյան սրի կախվելը: Ես քաղաքականությամբ չէի զբաղվում մինչեւ ադրբեջանական հարձակումները իմ երկրի վրա: Ես քաղաքականությամբ չէի զբաղվում մինչեւ իմ երկրի սահմանները վտանգված չէին: Հիմա, եթե ես քաղաքականությամբ չզբաղվեմ եւ ինձ համարեմ ապաքաղաքական տարր, ես ինձ, նախ եւ առաջ, պետք է համարեմ ապամարդկային տարր, ես ինձ պիտի ապազգային տարր համարեմ, հակահայ տարր համարեմ: Բայց ես չեմ ուզում ապազգային, մանավանդ, հակաազգային կոչվել, որովհետեւ գնացել եմ բավականին երկար կյանք եւ չեմ ուզում իմ կյանքը փչացնել մի արտահայտությամբ, թե ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:
Ես զբաղվում եմ եւ կզբաղվեմ քաղաքականությամբ այնքան ժամանակ, քանի իմ հայրենիքը չի ձեռք բերել կայուն անվտանգություն, կայուն սահմաններ եւ բարգավաճման ընթացք: Այդ ժամանակ ես կշարունակեմ զբաղվել մշակույթով»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ