Ինչպե՞ս է լինում, որ Հայրենիքի համար են ծնվում։ Զարմանալի ոչինչ չկա։ Այդպես է դեռ վաղուց։
Արայիկ Դավթյանը հերոսական սերնդից է։ Հերոսաբար ու սառնասրտորեն առերեսվեց մահին` գեթ մեկ վայրկյան չմտածելով սեփական կյանքի մասին։ Մտածեց Հայրենիքի մասին, որի համար էլ ծնվել էր։
Արայիկը 2020 թվականի հունվարի 27-ին զորակոչվեց բանակ` «Ես եմ» ծրագրով։ Մինչև բանակ զորակոչվելը ընդամենը մեկ կիսամյակ է հասցրել սովորել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։
Հարազատները պատմում են, որ Արայիկը ոտքի վիրահատություն էր տարել, որից հետո բանակ չէին տանում, սակայն նա համառ գտնվեց և վճռական որոշում կայացրեց` պե՛տք է ծառայի։
Կարդացեք նաև
Ես եմ ծրագրով հատկացվող գումարի շուրջ Արայիկը` Արոն, հեռանկարներ էր մշակել. այնքան հայրենասեր էր, որ հարազատ ծննդավայրում` Ճարտարում, ուզում էր բիզնես սկսել։
Քույրը` Էլենը, կարոտով է հիշում, թե ինչ մեծ ուրախությամբ էր եղբայրը` Արոն, պատմում, որ «Ես եմ» ծրագրով է գնում, և որ ամենակարևորն է` բանակ է գնում։
Դպրոցական տարիների մասին ուսուցիչները երանությամբ են հիշում։ «Այս ե՞րբ մեծացավ Արոն… »,-բոլորի շուրթերին այս բառերն են։ Ցավ, որ սփոփանք չունի։
Դեռևս դպրոցական տարիներից մասնակցում էր տարաբնույթ մրցաշարերի. շախմատ, ֆուտբոլ, բոքս… շատ նախասիրություններ ուներ։
Այս պատերազմի ժամանակ չորս անգամ գնացել է թշնամու դիրքեր, վերցրել դիրքերը, արժանացել «Մարտական ծառայություն» մեդալի։
Վերջին անգամ խոսել է նոյեմբերի երկուսին։ Ինչպես քույրն է ասում` ոչ մի առանձնակի բան չի ասել, միայն հարցրել է թիկունքում կատարվող իրադարձություններից։
Նաև ընկերների հետ էր միշտ կապի մեջ լինում։ Ամեն անգամ ասում էր՝ «այնպես անեն`Ճարտարը չտան»։
Նա անձնվիրաբար ու արիաբար զոհվեց հայրենի հողը պաշտպանելիս։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ