Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի ծանր հետևանքները․ գյումրեցի 29-ամյա հղի կին ու հայտնի գործարար են մահացել

Հունվար 09,2021 18:33

Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների թիվը զգալիորեն նվազել է․ դատելով վիճակագրությունից՝ կարելի է ասել, որ ամանորյա տոները ոչնչով չեն նպաստել վարակի տարածմանը։

Երկու հիվանդանոցներում՝ Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում են կորոնավիրուսով վարակված 35 հիվանդ։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, իրենց մոտ այսօրվա տվյալներով՝ 28 հիվանդ են բուժվում, տրիաժ բաժանմունքում էլ գտնվում են հինգ հոգի։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի տեղեկացմամբ էլ՝ իր գլխավորած բուժհիմնարկում բուժվողները 7-ն են։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանի տեղեկացմամբ, 71 հոգի էլ հաստատված դրական դեպքերով բուժում են ստանում պոլիկլինիկաներում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղից էլ տեղեկացանք, որ դեկտեմբերի 31-ից մինչև օրս թեստավորել են մոտ 200 հոգու, վիրուս հայտնաբերվել է 20-25-ի տոկոսի մոտ։

Չնայած նվազող թվերին՝ վիրուսը ծանր, դառը հետևանքներ է թողնում։

Վիրուսով վարակվել ու օրերս մահացել է գյումրեցի հայտնի մի գործարար, որը, սակայն, բուժաշխատողների ասելով, ունեցել է կողմնակի հիվանդություն։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում էլ օրերս մահացել է գյումրեցի 29-ամյա հղի կին․ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի Լեյլի Ասլանյանից տեղեկացանք, որ նա դիմել է Գյումրու 1-ին պոլիկլինիկա․ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի դրական թեստ։

Մարզպետարանի պաշտոնյայի ասելով, շատ արագ՝ մի քանի ժամվա ընթացքում կազմակերպել են նրա տեղափոխումը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, քովիդով հիվանդ հղիներին սովորաբար տեղափոխում են այնտեղ։

Հղիությունը եղել է 30 շաբաթական՝ նորմալ ընթացքով, հունվարի 5-ին պտուղն է մահացել, որը Էրեբունի բժշկական կենտրոնում հեռացրել են՝ երիտասարդ կնոջը վիրահատության ենթարկելով, հաջորդ օրը կինը մահացել է՝ թրոմբո էմբոլիկ բարդությունից։

Նա ուներ մեկ երեխա, սպասում էր երկրորդին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031