Հունվարի 8-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները փայտե արկղում հայտնաբերել են տղամարդու դիակ՝ բռնության հետքերով:
Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ նույն օրը, սպանություն կատարելու կասկածանքով, Արարատի բաժին բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս։
Կարդացեք նաև
Պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 19.30-ին, բերման ենթարկվածները կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Վեդի քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդու հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել նրան։ Արդյունքում տղամարդը մահացել է: Հունվարի 7-ին էլ դիակը փայտե արկղի մեջ մեքենայով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Վեդիի գոմերի մոտ:
Չորս անձ ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն։
ՀՀ ոստիկանություն