Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք արդեն մեծահասակ ենք, որ վերադառնանք՝ տեսնենք Հադրութը վառած կամ տունը թալանված, երեւի մեր սիրտը չդիմանա. Լյուդա Մայիլյանը մտքով Հադրութում է

Հունվար 09,2021 17:35

«Երբ դրմբաց, այդ ձայնից վեր թռանք, արթնացանք երեւի 7-ն անց կես էր, մտածեցինք՝ կարող է մի հատ-երկու հատ լինի, դադարի, բայց չէ՝ տեսանք՝ իրար հետևից խփում են: Ու քանի գնում այդ ձայներն ավելի էին մոտենում»,-պատմում է արցախյան վերջին պատերազմը վերապրած Լյուդա Մայիլյանը:

Նա արդեն չորրորդ ամիսն է՝ իր տան պատուհանից ոչ թե Հադրութը, իր այգին ու հարեւաններին է տեսնում, այլ՝ Ստեփանակերտը:

Հանրակացարանի շենքը, որը գտնվում է Ստեփանակերտի Մխիթար Գոշի փողոցում եւ որտեղ տեղավորվել է տիկին Լյուդայի բազմանդամ ընտանիքը, միայն տանիք է՝ հարմարավետ պայմաններով. ամուսինների սիրտը Հադրութում է:


Ամեն օր հիշում են՝ եթե իրենց հարազատ Հադրութում լինեին, այս ժամին ինչ գործով զբաղված կլինեին: Օրը մթնում է, բայց տիկին Լյուդան մտքով դեռ իր 30-40 հավերի հետ է: Այգուց ստացած բերք ու բարիքն է դասավորում, դարձյալ մտքով ձմռան համար պաշար կուտակում: Ասում է՝ շատ լավ էինք ապրում՝ ամուսինը բոստան էր անում, սեզոնին 6-7 «մեշոկ պոպոք» էին հավաքում, կես տոննա կարտոֆիլ, 300-400 բանկա էին փակում:

«Մտածում էինք՝ բարեկամներ ունենք, բոլորին կբաժանենք: Մի 200 լիտր օղի ենք թողել, մի այդքան էլ գինի ենք թողել: Մի խոսքով, տան էն ժամանակն էր, որ ամեն ինչ բերել ենք, կիտել ենք ու այդ ամենը թողել՝ դուրս ենք եկել»,- նկարագրում է տիկին Լյուդան:

Բայց հետն էլ ասում է՝ ոչ մի բան չի փոխարինի զոհված տղաներին՝ Հովիկին, Էրիկին եւ մյուսներին: Պատրաստ էր այդ ամենը տալ՝ միայն թե ո՛չ պատերազմը լիներ, ո՛չ էլ՝ տղաները գնային:

Տիկին Լյուդան առաջին պատերազմը տեսել է, բայց ոչ մի համեմատական չի գտնում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետ:

Ասում է՝ հիմա ուրիշ կռիվ էր. «Ոչ մի րոպե չէր դադարում, փախանք՝ մտանք մոտիկ բարեկամի տան նկուղը, ոչ մի հարմար տարբերակ չկար, որ մի պահ դուրս գայինք, գնայինք տուն: Մինչեւ իրիկուն մնացինք, բայց տեսանք, որ էլի չի կտրվում, խփում են: Եւ անընդհատ մոտենում էին այդ ձայները: Տղաս ստիպված դուրս եկավ, ասաց՝ պիտի գնամ տեսնեմ ինչ է կատարվում: Գնաց ու էլ չվերադարձավ, գնաց պատերազմ: Հարսիս՝ թոռներիս հետ, ճանապարհեցի Ստեփանակերտ: Երբ մի քիչ դադարեց, դուրս եկանք, բայց տուն չմտանք, գնացինք մեր վարչական շենք, որտեղ ապաստարան կա: Թե ինչ ձեւով եկանք՝ հասանք ապաստարան՝ աստված գիտի, խփում էին այստեղ, այնտեղ: Եկանք՝ տեսանք այդ պադվալումը լիքը մարդիկ էին՝ մեծահասակներ, երեխաներ, կանայք, երեք սենյակ լիքն էին»:

Լյուդա Մայիլյանը մասնագիտությամբ բուժքույր է, երիտասարդ տարիներին աշխատել է հոսպիտալում. «Զանգեցի իմ բուժաշխատող գործընկերներին ասացի՝ ես էլի պատրաստ եմ աշխատել, եթե պետք լինեմ՝ կգամ»: Նրա խոսքով, առաջին պատերազմին մասնակցել է, բայց այդպես չի վախեցել. «Հիմա ուրիշ կռիվ էր, րոպե չկար, որ չընկներ: Այն մարդիկ, որոնք առաջին պատերազմում եղել էին, ասում էին՝ հնարավոր չի, որ տղաները թույլ տան՝ մտնեն Հադրութ: Բայց արի ու տես, որ այդպես չեղավ: Բայց ոչ թե մեր տղաները վատ կռվեցին, հիմա արդեն ես մտածում եմ, որ տվեցին, Հադրութը տվեցին, որովհետեւ Հադրութի աշխարհագրական դիրքն այնպիսին էր, որ կարելի էր փրկել: Հետո արդեն հասկացանք՝ սա այն պատերազմը չէր, որ տղաները պարտվեին, նրանք այնպիսի զենքեր են օգտագործել, որ դրանց դեմ տղաները ոչինչ չէին կարող անել: Եվ հետո Հայաստանը, Ղարաբաղն ի՞նչ կարող էին անել երկու հսկա պետությունների առաջ»:

Տիկին Լյուդան Հադրութի վերջին բնակիչներից է եղել, որ լքել է հարազատ բնակավայրը:
«Կանանցով հավաքվում էինք, իրար սիրտ էինք տալիս, որ լավ կլինի: Կռվող տղաների համար հաց էինք սարքում, սուրճ էինք տալիս: Մեզ հետ մի կին կար, նրա երեք տղաները կռվում էին, երբ սկսում էին խփել այդ կինն անընդհատ լաց էր լինում: Երբ դուրս եկանք Հադրութից, մի տղան զոհվել էր: Առաջին պատերազմում էլ ամուսնուն էր կորցրել»:

Տիկին Լյուդայի խոսքով, պատերազմին մասնակից մի աղջիկ է եղել, որը հորդորել է դուրս գալ. «Ասում էր՝ Ջեբրայիլը վերցրել են, ուր որ է՝ կհասնեն Հադրութ, բայց մենք թերահավատ էինք, չէինք մտածում, որ դա հնարավոր բան է: Բայց սրտիս խորքում զգում էի, որ սա նման չի առաջին պատերազմին, զգում էի, որ այս խմորը շատ ջուր կտանի:

Հոկտեմբերի 8-ին անընդհատ էին խփում, ու ավելի մոտիկից, մտածում էինք՝ աշխարհի վերջն է: Սկսեցինք մեկ-երկու ընտանիքներով լքել Հադրութը: Բայց ոչ բոլորս էինք ուզում դուրս գալ: Ով պատերազմում զավակ ուներ՝ մտածում էր մնա, կարող է օգնության կարիք լինի: Բայց արդեն վիճակը շատ վատ էր, որոշեցինք մենք էլ դուրս գալ: Անգամ տուն չկարողացանք մտնել, գոնե մեր հագուստը վերցնել, դափ-դատարկ դուրս եկանք: Յուրաքանչյուր խանութի առաջ, յուրաքանչյուր տան վրա ընկնում էր, պատուհանները ջարդված էին: Ամբողջ ճանապարհը ահավոր ռմբակոծում էին, անընդհատ մտածում էինք՝ այս մեկը մեր վրա է ընկնելու: Տղաս ճանապարհեց Գորիս, ինքը հետ դարձավ»,-պատմում է տիկին Լյուդան:

Պատերազմի դադարից այսքան ժամանակ անց էլ նա ոչ մի կերպ չի պատկերացնում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությունը: Ասում է՝ թուրքին լավ է ճանաչում, Հադրութում ապրել ու աշխատել են եւ մշտապես զավթողական կեցվածք են ունեցել. «Ինչքան լավ պաշտոն կար, ձգտում էին իրենք զբաղեցնեն, ու դրա համար ոչ մի բանի առաջ կանգ չէին առնում»: Հիմա էլ այսքան զոհերից հետո, առավելեւս, դա անհնար է համարում. «Հադրութի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք շատ մոտ ենք Ջեբրայիլին, Ֆիզուլիին, ահ ու դողով պիտի ապրենք»:

Չնայած այս վախերին, տիկին Լյուդան տունը շատ է կարոտում, սրտի խորքում հույս փայփայում, որ մի օր վերադառնալու են: Բայց մտածում է՝ սիրտը չի դիմանա, եթե Հադրութը, իր տուն ու տեղը թալանված, ավիրված ու վառված տեսնի. «Հիսուն տարվա աշխատանքս էր: Լավ էինք ապրում, շատ լավ, ես խոսք չեմ գտնում ասեմ, թե էս վերջին տարիներն ի՜նչ լավ էինք ապրում: Ամեն ինչ արել՝ դրել էինք ու մեր կյանքի վերջին տարիները պիտի վայելեինք, բայց չստացվեց: Հիմա անորոշություն է, կվերադառնանք, չենք վերադառնա: Մենք արդեն մեծահասակ ենք, ես չգիտեմ, եթե գնամ Հադրութը, իմ տունը այդ վիճակով տեսնեմ՝ վառած կամ թալանած, երեւի մենք չենք դիմանա: Թոռնիկս ասում է՝ տատիկ մենք գնալու ենք Հադրութ, բայց ես ասում եմ՝ հա գնալու ենք, բայց ես չեմ դիմանա, եթե տեսնեմ Հադրութի հետ ոնց են վերաբերվել, մեր տան հետ ոնց են վարվել»:

Լյուդա Մայիլյանի խոսքով, տեղահանվելուց հետո առաջին օգտագործման բոլոր իրերն ունեն, նորմալ տեղավորվել են, բայց այլեւս մտադիր չեն տուն ու տեղ դնել. «Ամուսինս ասում է՝ էլ ոչ մի բան չառնեք, էլ պետք չի տուն դնել, որ այդքան բան թողեցինք: Կանայք գոնե ասում՝ խոսում են, մեջներիցս դուրս է գալիս, բայց տղամարդիկ շատ ծանր են տանում, մեջ են գցում, նրանց սիրտը չի դիմանա»:
Տիկին Լյուդան ապրիլյան պատերազմում էլ է հարազատներ կորցրել, այս պատերազմում էլ, նույնպես, զոհեր են ունեցել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031