Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօր ովքեր իրենց հայրենյաց ձայնը բարձրացնում են, ենթարկվում են անհայտ ծագմամբ եւ անհայտ գաղափարաբանության դավանող մարդկանց հարձակումներին

Հունվար 09,2021 15:46

Մշակույթի, գիտության, կրթության 130-ից ավելի ճանաչված գործիչներ միանում են Հայաստանը ստեղծված այս ծանր իրավիճակից դուրս բերելու գործընթացին՝ հիմնադրելով «Ձայն հայրենյաց» շարժումը:

«Ձայն հայրենյացի» ստեղծման անհրաժեշտության եւ ծրագրերի մասին այսօր խոսեցին գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը, կինոռեժիսոր, Արցախի մասին 60-ից ավելի ֆիլմերի հեղինակ Սամվել Թադեւոսյանը եւ մշակութաբան, համահայկական փառատոների ղեկավար Սամվել Հարոյանը:

Սերժ Սրապիոնյանն ասաց. «Ովքեր իրենց հայրենյաց ձայնը բարձրացնում են, ենթարկվում են անհայտ ծագմամբ եւ անհայտ գաղափարաբանության դավանող մարդկանց հարձակումներին: Ուզեցինք մեր մտավորականների, մշակութային գործիչների խոսքը հասցնել մեր ժողովրդին՝ իրադրությունը շատ ավելի պարզ պատկերացնելու համար: 17 կուսակցությունների շարժումը ունի ընդգծված քաղաքական դրսեւորում: Դրանց մի զգալի մասի պահանջները մենք կիսում ենք: Դա գործող վարչակազմի հեռացումն է, ինչն այսօր կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: Այսօր, դժբախտաբար, կշեռքի նժարին դրված մեր պետականության գոյության, մեր հայրենիքի գոյության-չգոյության եւ հետագայում մեր ընթացքի խնդիրը: Այս պատճառով մտավորականների մի ստվար խումբ, որ անհանգստացած է երկրի գալիքով, այսպիսի շարժում է նախաձեռնել»:

Սամվել Թադեւոսյանի համոզմամբ, մշակույթի գործիչներն ուղղակի պարտավոր են մասնակից լինել երկրի, պետության մեջ կատարվող իրադարձություններին. «Մենք իրավունք չունենք անմասն մնալ, մասնակից չլինել վերջին իրադարձություններին, որ մեր հայրենիքում կատարվում են: Մեր նախաձեռնության գրավականը դրա մեջ է: Եվ որքան էլ մեր գործունեությունը համարվի քաղաքական, մեր նպատակը մեկն է՝ ստեղծված իրավիճակից առողջացնել մեր ուժերը եւ կարողանալ դուրս գալ այս ծանր բարոյահոգեբանական վիճակից, էլ չեմ ասում այն հետեւանքները, որոնք դեռ սպասում են մեզ»:

Սամվել Հարոյանը տեղեկացրեց, որ «Ձայն հայրենյաց» շարժումը, որը դեռ կարելի է կոչել նախաձեռնություն, վաղուց է սկսվել: Եվ առաջին միջոցառումը սպասվածից ավելի արձագանք է գտել մտավորականների շրջանում: Պարոն Հարոյանի խոսքով, «Ձայն հայրենյացի» դռները բաց են ոչ միայն մշակույթի, կրթության, գիտության ներկայացուցիչների, այլեւ բոլոր այն քաղաքացիների առջեւ, որոնք մտահոգված են հայրենիքի ճակատագրով եւ կարող են իրենց ձայնը միացնել: Նաեւ տեղեկացրեց, որ հունվարի 12-ին կայանալու է նախաձեռնության երկրորդ կարեւոր միջոցառումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031