«Հանուն Հադրութի» նախաձեռնող խմբի նամակը Հայաստանի կառավարությանը
Հայաստանի Հանրապետության Կառավարությանը
1994 թվականի հրադադարից սկսած միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մինսկի խումբը, այդ թվում՝ ՌԴ-ն, անընդհատ պնդել են, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում։ Համաշխարհային հանրության այդ վստահումներից ելնելով, առանց այդ էլ 1992-94 թվականների պատերազմից խիստ հյուծված և սակավ բյուջե ունեցող Հայաստանն ու Արցախը ձեռնամուխ եղան իրենց տնտեսության վերականգնմանը, ինչն այդպես էլ չհաջողվեց, քանի որ անընդհատ գտնվելով ռազմական իրադրության մեջ, Ադրբեջանի կողմից սադրվող հրադադարի խախտումների հետ ստիպված էր իր սակավ բյուջեն տրամադրել պաշտպանական միջոցներ ձեռքբերելու համար։
Ընդ որում, այդ ընթացքում Մինսկի խմբի համարյա բոլոր պետությունները, որոնք կոչված էին խաղաղության և հրադադարի երաշխավորներ լինելու, բիզնես շահերից ելնելով, զինում էին Ադրբեջանի Հանրապետությանը։ Ընդ որում, ՌԴ-ն պնդում էր, որ այդպիսով ինքը կարող է լրացուցիչ լծակներ ունենալ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար։ Սակայն, Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվող հրադադարը, 2016 թվականի հրահրված պատերազմն այդպես էլ գնահատական չստացան համաշխարհային հանրության, այդ թվում՝ Մինսկի խմբի կողմից, ինչի արդյունքում ունեցանք 2020 թվականի վերջին հայտնի պատերազմը, որն իր մասշտաբներով և մասնակից ուժերով դարձավ կործանարար Արցախի Հանրապետության համար։
Կարդացեք նաև
Իրավիճակը լրիվ հասկանալի դարձնելու համար մի փոքր պատմական էքսկուրս կատարենք ղարաբաղյան հակամարտության ծագմանը, որը նույնպես ցույց է տալիս Ադրբեջանի անմարդկային ագրեսիվ էությունը։
Ուսումնասիրելով մեր վերջին հարյուրամյա պատմությունը՝ նկատում ենք, որ ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հատվածի ճակատագիրը պարբերաբար հայտնվում է ռուս-թուրքական հանցավոր, անմարդկային, հակադեմոկրատական քաղաքականության ճիրաններում։ Պարբերաբար ճնշվում է հայ ժողովրդի քաղաքակրթական զարգացման ցանկությունը, մորթվում է նրա մտավորական սերուցքը։ Օրինակներ շատ են, բայց ստորև մենք կներկայացնենք մի քանիսը՝
1920թ․ Բաքվի ջարդերը
1920թ․ Շուշիի ջարդերը
1920թ․ Հայաստանին պարտադրված խորհրդայնացումից հետո սկսված զանգվածային աքսորն ու սպանությունները, որի հիմնական պատճառը թուրք-թաթարական ելուզակների ցեղասպան գործողություններից սեփական ընտանիքները պաշտպանելն էր։
1930-1950թթ. ստալինյան ջարդերը և զանգվածային աքսորը Ալթայի երկրամաս, որը նույնպես հայրենազրկում և ցեղասպանություն էր։
1988թ. ԼՂԻՄ-ում Ադրբեջանի հայաջինջ քաղաքականության դեմ սկսվեց ազգային-ազատագրական պայքար, որին նախորդել էին ջարդեր և էթնիկ զտումներ հայաբնակ Չարդախլուում։ 1988թ. սկսված, իր էությամբ խիստ դեմոկրատական ազգային-ազատագրական պայքարին խորհրդային Ադրբեջանի կողմից դարձյալ հակադրվեցին կոշտ ցեղասպան գործողություններ հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Գանձակում, և այս ամենը՝ խորհրդային Ռուսաստանի հովանավորությամբ և գործուն մասնակցությամբ, ինչի ապացույցն էր «Կոլցո» օպերացիան։ Սա էլ դրդեց հայ ժողովրդին զենք վերցնել իր ազգային արժանապատվությունը և իր անվտանգությունը ապահովելու համար։ Ազգային ազատագրական շարժման շնորհիվ հաջողվեց ստեղծել Արցախի ազատ անկախ Հանրապետությունը, որտեղ ժողովուրդը լծվեց խաղաղ ստեղծարար աշխատանքի՝ քայլ առ քայլ կառուցելով դեմոկրատական քաղաքացիական հասարակություն և դեմոկրատական պետական ինստիտուտներ։
Արցախի ժողովրդի ազատագրական պայքարը և ինքնորոշման իրավունքի հիման վրա սեփական պետությունը կերտելու ձգտումը սվիններով ընդունեցին թե՛ թուրք, թե՛ ռուս բռնապետական ռեժիմների գաղափարախոսները և նրանք չներեցին ազատասեր ժողովրդին։
2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը սանձազերծվեց հայտնի ռեժիմների համագործակցության արդյունքում՝ ընդգրկելով հետադեմ ուժերին՝ Ադրբեջան, Պակիստան, Սիրիայի ահաբեկիչներ, ջիհադիստ-վարձկաններ։ Համագործակցելով Հայաստանում այլ պետությունների հինգերորդ շարասյան հետ, հանկարծակիի բերելով Արցախի Պաշտպանության բանակին՝ քաղաքական կեղտոտ առևտրի արդյունքում ստորագրվեց Նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը, ինչի արդյունքում մենք՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանի բնակիչներս, զրկվեցինք մեր հայրենիքից և մեր հայրենիքում ապրելու և արարելու մարդկային պարզ իրավունքներից։ Ստեղծված իրավիճակում մի տարածաշրջանում, որտեղ հարյուր տարուց ավելի մոլեգնում է ռուս-թուրքական բռնատիրական քաղաքականությունը, մեզ համար անհնարին է ապրել և ունենալ թեկուզև չնչին մարդկային իրավունքներ, որոնք պետք են մեր սերունդների ապագայի համար։
Վերջին 30 տարում մեր ազատասիրության և մարդկային հասարակ իրավունքներ ունենալու ցանկության համար ռուս-թուրքական ալյանսի կողմից մեզ պարտադրվել է երեք դաժան պատերազմ իր բոլոր ետպատերազմյան հետևանքներով։
Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵՄ-ին, Մինսկի խմբին՝ որպես հիմնական պատասխանատու և Մինսկի խմբի՝ տարածաշրջանի ամենաազդեցիկ պետություն ՌԴ-ին, տեր կանգնել իրենց ստանձնած պատասխանատվությանը, վերականգնել 1994 թվականի հրադադարով հաստատված Արցախի Հանրապետության սահմանները և սկսել իրական բանակցություններ Ղարաբաղի կարգավիճակի, նրա ժողովրդի բարեկիրթ, 21-րդ դարի չափորոշիչներին համապատասխան կյանքի պայմանների ապահովմանը։
Այսօր իրավիճակը նույնպես անմխիթար է Ադրբեջանին քաղաքակիրթ զրույցի բերելու հարցում, ինչի վկայությունն է Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որ հրադադարից հետո Ադրբեջանն իր դիրքերն անընդհատ առաջ է տալիս և Իլհամ Ալիևի «երկաթե» բռունցքով խոսելու ոճը։
ՀՀ կառավարությունը պարտավոր է չեղյալ հայտարարել նոյեմբերի 9-ի իրավական հիմք չունեցող փաստաթուղթը և կոչ անել բոլոր համաշխարհային կազմակերպություններին՝ ՄԱԿ, ԵՄ, Մինսկի խումբ, վերադառնալ 1994 թ. հրադադարի սահմաններին և սկսել իրական բանակցություններ Արցախի կարգավիճակի և նրա ժողովրդի ապրելու իրավունքի հարցերի շուրջ։
Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, Արցախի Հանրապետության երաշխավորն է և պարտավոր է կատարել իր այդ պարտականությունները։ Եթե այդպես չէ, ապա ինչու է նա ստորագրում այսպես կոչված նոյեմբերի 9-ի փաստաթուղթն Արցախի անունից։
«Հանուն Հադրութի» նախաձեռնող խումբ