Սյունիքի մարզի Որոտան գյուղական համայնքին պատկանող տարածքի մի մասը եւս համարվել է ադրբեջանական տարածք, ու արդեն ադրբեջանցիները «իրենց» տարածքում են։ Գյուղացիները մարտական են տրամադրված՝ ոչ մի ընտանիք չի լքել գյուղը։
Գյուղամիջում խաղացող երեխաները, տեսնելով մեզ լուսանկարելիս, հարցրին՝ «էդ խի եք նկարում, թազա պան կա՞»։ Վերջին մեկ ամսում նրանք գյուղում այնքան շատ են հանդիպել լրագրողների ու հիմա անհանգստանում են՝ չլինի՞ գյուղից էլի հատված են տալիս թուրքերին։
Կարդացեք նաև
Գյուղամիջում զրուցող երիտասարդ տղաները չցանկացան տեսաձայնագրվել։ «Հինչ ասիք, ասիք՝ փառք Նիկոլին, որ սենց ա արալ։ Էսօր ենք դիմանում, վաղն ենք դիմանում, հո միշտ սենց չենք ապրելու սրանց հետ՝ մեր հողում»,–ասացին նրանք։
Որոտանի վարչական շրջանի ղեկավար Սերյոժա Օհանջանյանի խոսքով՝ որոտանցիները մարտական են տրամադրված, եւ ինքը շնորհակալ է գյուղացիներից, որ ոչ մեկը վախից չլքեց գյուղը եւ ոչ էլ կլքի։ Օհանջանյանի խոսքով, պետք է ապացուցել, որ Որոտանը հայկական տարածք է։
«Պիտի վերադասը զբաղվի, ոչ թե մենք, ղեկավարությունը՝ ոչ թե ես։ Ինձ չեն տանում Մոսկվա, որ ապացուցեմ։ Կառավարության գործն է դա։ Ես բոլոր փաստաթղթերը պատրաստ եմ տալու»,–ասաց մեր զրուցակիցը։
Մեր հանդիպման օրը՝ չնայած ոչ աշխատանքային էր, Սերյոժա Օհանջանյանը շտապում էր Գորիս՝ անհրաժեշտ փաստաթղթերով, որպեսզի հնարավորինս շուտ դրանք ուղարկվեն կառավարություն։
Նրա խոսքով, 1958 թվականին, երբ կառուցում էին Տաթեւգէսը, բոլորին սեփականության վկայական տվեցին՝ «սովետի օրոք»։ «Հիմա ո՞նց դարձավ Որոտանի կեսը իրանց հողը»,–նշում է գյուղապետը։ Սերյոժա Օհանջանյանի պատմելով, հարազատ եղբոր տունը վիճելի տարածքում է։ Եղբայրը տան իրերի կեսն է հանել։
«Նկուղում տակառներով օղի, գինի ուներ, թուրքերը հանել են էդ տակառները՝ շարել ճանապարհին։ Ո՞վ է փոխհատուցելու մարդու տարիների վաստակը։ Կառավարությունը տեղից չի շարժվում»,–ասաց Օհանջանյանը։
Որոտանցիների համոզմամբ՝ «վարչապետն ու կառավարությունը չեն ուզում մատը մատին կպցնել»։ «Ոնց որ էս Որոտանը, Սյունիքը Հայաստանի տարածքում չլինեն, լրիվ անտերություն ա իրանց կողմից, բայց մենք մեր հողի տերն ենք լինելու»,–ասացին նրանք՝ ցույց տալով գյուղի բարձունքին տեղադրված խաչն ու Հայաստանի պետական դրոշը։
Սերյոժա Օհանջանյանի հետ զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ