Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է թուրքական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ Թուրքիան ադրբեջանական երեք քաղաքներում ավիաբազաներ է հիմնում: «Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն: Վերջինիս խոսքով՝ «բացառությամբ համաձայնագրերով նախատեսված դեպքերի, որոնք պաշտպանում ենք, Ադրբեջանի Հանրապետությունը չի հարում իր տարածքում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման քաղաքականությանը»:
«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ադրբեջանը Չմիացածների շարժման անդամ է և այդ շարժման մեջ նախագահում է 2019-2022թթ.»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, ավելի վաղ Անկարայում Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի (RUSEN) թվիթերյան միկրոբլոգը տեղեկություն էր տարածել, թե հնարավոր է, Թուրքիան ռազմաբազաներ հիմնի Ադրբեջանի Գանջա (Գանձակ), Լենքորան և Գաբալա քաղաքներում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ