«Հայրենիք» կուսակցության եւ «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Արսեն Բաբայանն այսօր արդարադատության նախարարության առջեւ ցույցի ժամանակ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք հավանական նոր պայմանագրին, Aravot.am-ին ասաց. «Եթե իրապես պայմանագիր է, որի մասին խոսվում է, նախ պետք է Սահմանադրական դատարանով անցնի, հետո պիտի գնա ԱԺ եւ համապատասխան վավերացում ստանա: Բայց մենք ուրիշ խնդիր ունենք: Պայմանագիր է, թե այլ փաստաթուղթ, առաջարկում եմ պայմանականորեն մոռանալ: Մենք գիտենք մի բան. 2-2,5 տարի այս մարդն ի՞նչ էր ասում: Ասում էր՝ ինչի շուրջ ուզում ենք, այն էլ բանակցում ենք, մեզ չհարցնեք, թե ինչի շուրջ ենք բանակցում: Եվ ըստ էության, հանրությանը ոչ մի տեղեկություն չէր տալիս, թե ինչի շուրջ է բանակցում: Ու տեսանք՝ ինչ է բանակցում, տեսանք՝ ինչ իրավիճակ է ստեղծվել:
Հիմա ի՞նչ ենք ասում: Ասում ենք՝ ամսի 11-ին գնում ես ու ակնհայտ է, որ ինչ-որ բան կամ ստորագրելու ես, կամ բանակցելու ես: Պետք է ասես մեզ՝ գնում ես ինչի՞ շուրջ խոսելու, ի՞նչ ես ստորագրելու: Գոնե օրակարգն ասի: Մենք տեսել ենք չէ՞, թե չասելով ինչի ենք հանգել, տեսել ենք՝ ինչ-որ բան ստորագրելուց հետո դրա վրա հղում անելով՝ բանավոր հանձնարարություններով ինչեր ենք տվել:
Կարդացեք նաև
Պահանջը հետեւյալն է. պարտավոր ես հանրությանը տեղեկացնել: Չէ՞ որ սա ամբողջ հանրության հարցն է: Քո չասելը, գաղտնի պահելը պետությունը տանում է կործանման, հայրենիքի մի զգալի մասը տալիս ենք թուրքերին: Եվ այո, օբյեկտիվ է մեր մտավախությունը, որ գնում ես՝ Մեղրին տաս, Գորիսը տաս, չեմ ասում՝ Սեւանը տաս»:
Հարցին, թե խնդրո առարկա ստորագրված հայտարարությունը՝ սահմանների փոփոխություն, տարածքներ եւ այլն, արդյոք, հանրաքվեո՞վ չպետք է որոշվի, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Իհարկե: ՀՀ տարածքների եւ սահմանների փոփոխություն ակնհայտ եղել է: Թեեւ իրենք պնդում են, թե նման բան չի եղել, ինչպես միշտ՝ ստում են: Դրանք պետք է լինեին նույն ընթացակարգով: Ասում են՝ ինչ-որ քարտեզներով, հետո ասում են՝ GPS-ով են աշխատում: Իրենք ցանկացած բանով աշխատում են, որը վնաս է Հայաստանի Հանրապետությանը: Ենթադրենք, որեւէ քարտեզում կա, որ Տիգրանաշենն ադրբեջանցիներինն է եղել: Նրանք այդ քարտեզով աշխատում են: Բայց եթե որեւէ փաստաթուղթ կա, որ, ասենք, Շուռնուխն է եղել, այդ դեպքում էլ աշխատում են այդ քարտեզով: Արդյունքում, երկու բնակավայրերն էլ տալիս են: Այսինքն, այսօրվա իշխանությունն աշխատում է բոլոր այն քարտեզներով, որոնք ի շահ Ադրբեջանի են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ