Tik-Tok սոցիալական ցանցում այսօր հայտնվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիներն ավերում են Արցախի գինու գործարաններից մեկը․ տակառներից միտումնավոր գետնին են հոսեցնում գինին, շուրջբոլորն ավերում են, ադրբեջաներեն կենացներ ասում ու հրճվում։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որն այս տեսանյութերը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ենթադրություն է արել, թե բարբարոս ասկյարներն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի կենացն են խմում՝ նրան մտովի շնորհակալություն հայտնելով կապիտուլյացիայի համար: Aravot.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ հակառակորդի կողմից ոչնչացվողը Հադրութի Տող գյուղում գտնվող հայտնի «Կատարո»-ի գինու գործարանն է։ Քաղաքագետը նման եզրակացության է եկել՝ դատելով տեսանյութերից։
Քաղաքագետն ասաց․ «Կատարո»-ն համարվում է հայկական լավագույն գինիներից մեկը։ Գործարանի ղեկավարներն էլ ոչինչ չեն հասցրել դուրս բերել այնտեղից, ահռելի մեծ ներդրումներ են կատարել․ խաղողի մեծ այգիներ են հիմնել, գինու գործարանն են սարքել՝ վերջին տեխնիկայով, թե՛ տեխնիկան, թե՛ գինով լի ցիստեռները մնացել են այնտեղ։ Մի քանի անգամ դիտեցի տեսանյութերը, հավանական է, որ հենց «Կատարո»-ն են ավերում։
Ադրբեջանցիները զանգվածաբար ավերում և այրում են հայերին պատկանող տները և գույքը, նույնիսկ գործարանները, որոնք կարող էին իրենց եկամուտ բերել, նույնիսկ շատ-շատ թանկարժեք իրերը, որոնք օգտագործման պիտանի են։ Ու այս ամենը ցուցադրաբար տեղադրում են տելեգրամյան ալիքներով ու Tik- Tok-ով։ Նայում ես, մտնում են հայերի տուն՝ ընտիր կահավորված, պահարանների թանկարժեք սպասքով, միտումնավոր քացով խփում, ջարդուփշուր են անում, ոչնչացնում են տեխնիկան՝ լվացքի մեքենան, գազօջախը, ոչ մի բան չեն խնայում․․․
Այն, ինչ պատկանում է հայերին, իրենք ոչնչացնում են և չեն էլ թաքցնում։ Նրանք հայտարարում են, որ նոր ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ կառուցելուց հետո պիտի ամեն ինչ վերացնեն, ինչ պատկանում է հայերին։
Կարդացեք նաև
Մոտավորապես 10-15 օր առաջ գրեթե ամբողջությամբ հրկիզվել է Հադրութ քաղաքը։ Այն, ինչ մնացել էր Հադրութից ռազմական գործողություններից հետո, ըստ ադրբեջանական տելագրամյան ալիքների, ամբողջությամբ հրկիզվել է։
Եվ ես ուղղակի զարմանում եմ, որ մեր հասարակությունը հավատում է կապիտուլյանտ Փաշինյանին, որը ծնկի է իջել Ադրբեջանի բռնապետ Իլհամի առաջ և դեռ այդքանից հետո խոսում է տնտեսական հարաբերությունների ստեղծման մասին։ Ուղղակի ծիծաղելի է։
Նիկոլ Փաշինյանն իր անզորությունը թաքցնելու համար իրեն շրջապատող զանգվածի միջոցով հասարակությանը համոզում է, թե բարիդրացիական հարաբերություններ պետք է հաստատել այն ազգի հետ, որը գրավեց մեր պատմական տարածքները՝ Արցախի 80 տոկոսը, պղծում է հայկական սրբավայրերը, ավերում մեր պատմամշակութային արժեքները։
Եվ փորձում են հայ հասարակությանը համոզել, որ նոյեմբերի 9-ինը կապիտուլյացիա չէ, նորմալ պայմանագիր է։ Եվ մենք պիտի ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք այն դեպքում, երբ նույն ադրբեջանցիները երբևէ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր նկատմամբ, չեն թաքցրել իրենց հակակրանքը հայ ժողովրդի նկատմամբ, չեն էլ թաքցնում, որ նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է։
Ադրբեջանում հրատարակվում են ներկայիս Հայաստանի Հանրապետության քարտեզները՝ վարչատարածքային բաժանումներով, թուրքացված տեղանուններով, և դա ադրբեջանական քարոզչամեքենան մատուցում է որպես Երևանի խանության նկատմամբ պատմական արդարության վերականգնում ադրբեջանցիների կողմից»։
Գագիկ Համբարյանը նաև բառացի մեջբերում է Իլհամ Ալիևի՝ ընդամենը երկու օր առաջ կառավարության հեռավար նիստի ժամանակ արտահայտած միտքը, ըստ որի՝ «Հայաստանը ստոր թշնամի է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ