Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Եթե հունվարի 11-ին բախվենք նոյեմբերի 9-ի իրավիճակի հետ, շատ ավելի կոշտ ենք արձագանքելու»

Հունվար 08,2021 16:48

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ էր արել՝ կեսօրին շտապ հավաքվել արդարադատության նախարարության առջեւ: Նա շատ լուրջ կասկածներ ուներ, որ խիստ ճշմարտանման է դառնում նախորդ օրը մամուլում տարածված տեղեկությունը, թե հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվող Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրվելու է Հայաստանի համար հերթական ստորացուցիչ պայմանագիրը, որի տեքստն արդեն պատրաստ է եւ գաղտնի ռեժիմով գտնվում է Հայաստանի արդարադատության նախարարությունում: Իսկ նպատակը դրա որոշ դրույթների համապատասխանությունն է Հայաստանի սահմանադրությանը:

Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արձագանքել էր ֆեյսբուքյան իր էջում՝ գրառելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որեւէ փաստաթուղթ, որը կկոչվի պայմանագիր, չի ստացել որեւէ ընթացակարգի շրջանակում եւ որ մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է:

Նախարարության շենքի առջեւ հավաքված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պահանջում էին, որ նախարարը կամ նախարարության իրավասու աշխատակիցներից որեւէ մեկը իջնի եւ իրենց աչքերի մեջ նայելով փորձի հերքել այդ լուրը, կամ եթե այդպիսի փաստաթուղթ կա՝ ներկայացնի դրա բովանդակությունը, ինչին տեղեկացված լինելու իրավունք հասարակությունն ունի:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մտավ նախարարություն եւ որոշ ժամանակ անց վերադարձավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:

Նախարարը մեկ անգամ եւս պաշտոնապես հերքեց, թե նման փաստաթուղթ է ստացել: Ավելին, Ռուբեն Մելիքյանի ճշգրտող հարցին, թե կառավարությունում է՞լ նման փաստաթղթի մասին տեղեկություն չունեն եւ քննարկում չի եղել, նախարարը պատասխանեց, որ ինքը, որպես կառավարության անդամ նման ինֆորմացիա չի ունեցել եւ որեւէ քննարկում չի եղել:

Նախարարի հեռանալուց հետո Ռուբեն Մելիքյանը դիմելով լրատվամիջոցներին՝ հայտարարեց. «Եկեք հստակ արձանագրենք, որ արդարադատության նախարարը եւս մեկ անգամ հայտարարեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի: Դրան գումարեց նաեւ այն, որ որպես կառավարության անդամ պնդում է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի: Սա շատ կարեւոր փաստ է այն առումով, որ մենք ունենք երկու-երեք օր մինչեւ հունվարի 11-ը: Եկեք արձանագրենք, որ նախարարը այսօր նման հայտարարություն է արել: Ես շատ հստակ հայտարարում եմ՝ չլինի, թե հունվարի 11-ին էլ հայտարարեն, ասեն, թե այս պահի դրությամբ չկար, բայց փաստաթուղթն ի հայտ եկավ կես ժամ հետո:

Ամեն դեպքում որպես այս պահի դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ եւ այդ հայտարարությունն այստեղ արեց: Մենք դա ընդունում ենք ի գիտություն, եւ եթե հունվարի 11-ին փաստաթուղթ ստորագրվի, մենք հիշելու ենք, թե ինչ է տեղի ունեցել այսօր՝ հունվարի 8-ին: Ես հիմա հայտարարում եմ, որ եթե հունվարի 11-ին բախվենք նոյեմբերի 9-ի իրավիճակի հետ, շատ ավելի կոշտ ենք արձագանքելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031