Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե մարդիկ, այնուամենայնիվ, պիտի թողնեն Ադրբեջանի ենթակայությանն անցնող տներ-բնակավայրեր-տարածքները, ինչո՞ւ վառելով, մոխրի վերածելով

Հունվար 08,2021 15:54

Սա պիտի հնչեր որպես Ավետիս Սուրբ Ծննդյան… Կարող էր հնչել։

Սա կարող էի և պիտի ավելի շուտ ասեի, բայց մե՛կ ազգիս անփառունակ վիճակը, որ շարունակ ծանրանում է սրտիս, մե՛կ Սուրբ Ծննդյան Ավետիսից նրան չշեղելը, Մեռելոցի օրով որևէ մեկին որևէ ձևով չվիրավորելու ձգտումը խոսքս տեղափոխեցին հունվարի անմեղ օրեր… Եթե կան այդպիսիք։

Շուռնուխ բնակավայրի՝ Ադրբեջանի կողմից չհսկվող կամ վիճելի տարածքում կառուցված տասներկու տների հրդեհումը «Մեզ ու ձեզ Ավետիսի» պատասխա՞նն էր մեզ ու ձեզ… Թող որ վիճելի, անարդար տրվող տարածքում, տնազուրկ մարդկանց կողմից հաստատ այնքան դժվարությամբ կառուցվածը պիտի հրդեհվե՞ր, ի տես բոլորի՞, այնպես, որ Սուրբ Ծննդյան այս օրերին ծուխը ծածկեր աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Կապիտոլիումի գրավումը Թրամփի կողմնակիցների կողմից։

Պարտադի՞ր էր հրդեհելը։ Ախր ինչո՞ւ։ Սա ավետի՞ս էր. ո՞ւմ։ Պատասխա՞ն էր Ադրբեջանի՝ Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի կառուցումը սկսելու հայտարարության։ «Վառեց, որ թուրքին մոխիրը մնար»… 30 տարի մեր ազատագրա՞ծ հողերից։ Ապրենք հազարամյակներ՝ այսպե՞ս։ Ինչպե՞ս։ Քանի՜ զանգվածային ու անհատական լրատվամիջոցով, տարբեր կտորներով, բայց նույն բոցկլտումով կրակի միջից լսվող խոսքը տարածվեց, ի՞նչ ուղերձ, ո՞ւմ հասցրեց։ Հադրութի, Մարտունու, Շուշիի, Մարտակերտի շրջաններում հարյուրավոր, հազարավոր տների տիրություն անող, իրեն հաղթանակած-ազատագրած համարող Ադրբեջանի բանակի՞ն, մինչև ատամները զինվածի՞ն… Որ ի՛նչ ենք մեր անզորությամբ կրակ բորբոքում, որ այն տարածվի, մտնի ամեն մեկիս տո՞ւն՝ փոխանակ խորհրդային շրջանում մեր համատեղ կյանքի փորձով-կապերով, որպես հակահրդեհային միջոցներ այս հեղհեղուկ շրջանում կրակը հանգցնելու, խաղաղ համակեցություն հաստատելու։ Պետականության բացակայության, սեփականության զգացումի պակասի՝ ArtnTV station-ով կամ Արմնյուզով շարունակ պտտվող այս աուդիովիդեո ճիչից ի՞նչ օգուտ, ո՞վ ստացավ… Կարո՞ղ ենք ստանալ։

Տներ վառելը՝ երեկ Քելբաջար-Քարվաճառում, այսօր Շուռնուխում, վաղը… , իրենց հետևից մոխիր թողնող մեր հայրենակիցների զայրույթի-անհուսության կրակի ճրթճրթոցները չե՞ն տարածվում սոցիալական ցանցերով, մեր հայրենակիցների՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրեր չե՞ն մտնի, մոխրի չե՞ն վերածի Արցախ աշխարհը։ Ո՞րն է մեր պետական քաղաքականությունը, հանրային միտքը. եթե մարդիկ հիմա, այնուամենայնիվ, պիտի թողնեն Ադրբեջանի ենթակայությանն անցնող տներ-բնակավայրեր-տարածքները, ինչո՞ւ վառելով, մոխրի վերածելով, ետդարձի կամուրջներն այրելով… Հատկապես, որ վիճելի է իրավունքի հարցը։ Չէ՞ր կարելի այդ մարդկանց պետության կողմից փոխհատուցում տալ, անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության մեջ նախատեսել կողմերի՝ եղածը պահպանելու պարտավորությունը։

Հայ-ադրբեջանական համակեցությունը Հայաստանում, թե Արցախում, տեսական, ապագայի հարց չէ, այն հենց մեր կենսական շահերից բխող, մեր ապրելու իրավունքի հետևողական բավարարում-ապահովման հարց է։ Այո, նաև առանձին անհատների, խմբերի՝ դրան ուղղված վարքի պարտադրման միջոցով։ ՀՀ համայնքային, թե պետական մարմինները այդ վիճելի-հանձնվող տարածքների նկատմամբ այսպիսի գործողություններ պիտի անեն և դրանք՝ որպես Արցախում, թե Հայաստանում ապրելու վարք-վճռականություն-պարտադրանք, սոցցանցերի միջոցով նաև մեր հարևաններին ու միջազգային հանրությանը ներկայացնեն։

Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031