Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր բողոքի ցույց են անում մի խումբ ծնողներ՝ պաշտպանության նախարարությունից պահանջելով անվտանգության երաշխիքներ տալ իրենց որդիների համար, որոնք այս պահին ժամկետային զինծառայության մեջ են:
Ծնողները նշել էին, որ համալսարանում գտնվող իրենց որդիներն արձակուրդ էին եկել, սակայն ծառայության վերադառնալ չեն կարողացել, քանի որ ադրբեջանցիներն են խոչընդոտել, այդ պատճառով էլ նրանց ժամանակավոր տեղակայել էին համալսարանում:
Ծնողները հավաքվել էին դարպասների առաջ եւ թույլ չէին տալիս, որպեսզի զինվորներին տեղափոխող ավտոբուսը եւ միկրոավտոբուսը դուրս գան: Նրանց մոտեցավ ռազմական ոստիկանության ներկայացուցիչն ու հորդորեց չխոչընդոտել:
Կարդացեք նաև
Արմինե Ավագյան, ժամկետային զինծառայողի ծնող.-«Մեր երեխաները չեն խուսափում ծառայությունից, նրանք չեն հանդիսանում Արցախի հանրապետության քաղաքացի: ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը, թշնամու ղեկավարն էլ ասում է, թե Արցախն ադրբեջանական հող է: Ի՞նչ հիմքով եւ երաշխիքով եք մեր երեխաներին տանում ադրբեջանական հող: Անգամ Ռուսաստանի նախագահն է փաստում, որ դա ադրբեջանական հող է»:
Ռազմական ոստիկանության ներկայացուցիչ.-«Ես ձեզ ասացի, որ ձեր երեխային ադրբեջանական հող եմ տանո՞ւմ… ես այս պահին բոլորիդ հորդորում եմ բացել ճանապարհը, որ տվյալ զինվորներին… Խնդրում եմ չխաթարել տվյալ զինվորական կառույցի օրակարգը»:
Մեկ այլ ծնող.-«Ծնողերին տեղեկացրեք, թե որն է օրակարգը: Մեր երեխաներին Արցախ տեղափոխե՞լը»:
Ռազմական ոստիկանության ներկայացուցիչ.-«Դե գիտեք, արդեն…»:
Արմինե Ավագյան, ժամկետային զինծառայողի ծնող.-«Պարոն մայոր, մեր երեխաներին եք տանո՞ւմ»:
Ռազմական ոստիկանության ներկայացուցիչ.-«Թույլ տվեք մենք մեր ծառայությունն իրականացնենք…»:
Ապա լրագրողները ցանկացան ծնողների հետ խոսող զինվորականին հարցեր հղել, սակայն նա ասաց, որ ինքը չի հանդիսանում ռազմական համալսարանի պաշտոնական ներկայացուցիչը, անուն ազգանունն էլ չասաց:
Ծնողներից մեկը միջամտեց, թե այդ դեպքում նա ինչ գործ ունի այստեղ, ինչո՞ւ է իրենց նեղացնում: Զինվորականը պատասխանեց. «Ես ձեզ չեմ նեղացնում եւ թույլ չեմ տա, որ դուք էլ մեզ նեղացնեք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե զինծառայողներին ուր են տանելու, զինվորականն էլ պատասխանեց՝ իրենց ծառայության վայրերը: Ապա նա նշեց՝ կկազմակերպի, որ ծնողները համապատասխան պաշտոնյանից ստանան իրենց հարցերի պատասխանները. «Կկազմակերպենք, մի խանգարեք ծառայությանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ