Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր բողոքի ցույց են անում ծնողները՝ պաշտպանության նախարարությունից պահանջելով անվտանգության երաշխիքներ տալ իրենց որդիների համար, որոնք այս պահին ժամկետային զինծառայության մեջ են:
Ծնողները նշել էին, որ համալսարանում գտնվող իրենց որդիներն արձակուրդ էին եկել, սակայն ծառայության վերադառնալ չեն կարողացել, քանի որ ադրբեջանցիներն են խոչընդոտել, այդ պատճառով էլ նրանց ժամանակավոր տեղակայել էին համալսարանում, հիմա էլ տանում են ծառայության. վայրը հայտնի չէ: «Գիշերը հինգին զանգել են, կանչել ու լցրել ավտոբուսները, որ խաբելով, զոռով տանեն»,-բացականչեց ծնողներից մեկը:
Մյուսն էլ բարձրաձայնեց, որ իր տղային հիվանդ վիճակում հոսպիտալից հանել-բերել են այստեղ. «Հիվանդ է, լիարժեք չի բուժվել: Ուշագնաց վիճակում, 40 աստիճան ջերմությամբ բերել են Վարդենիսի հոսպիտալ, տասնհինգ օր բուժել եւ նշանակել խնամք: Բերել ենք տուն, հետազոտել մասնավորում՝ լիարժեք չէին բուժել: Հավաքել ենք փաստաթղթերն ու տարել Վարդենիսի հոսպիտալ: Դա այն դեպքում, երբ սրտի խնդիր ուներ եւ ծառայում էր սահմանափակմամբ: Պատերազմը դեռ չսկսված՝ ջերմությունը վրան տարել են Հադրութ: 42 օր խրամատում է եղել, հետո տարել են Վարդենիսի հոսպիտալ: Ասում եմ՝ երեխաս չի բուժվել, ներքին բոլոր օրգանները բորբոքված են, սրտի խնդրով էլ տարել են, ավելի է խորացել: Պատասխանում են, որ սրտի սարք չունեն, որ հետազոտեն: Անալիզներն արեցին, տեսան, որ չի բուժվել, մի տասը օր էլ պահեցին: Սրտի խնդրին էլ առհասարակ ուշադրություն չդարձրին, հիմա էլ տանում են խաբելով՝ ասելով, թե «թասիբ չունե՞ք, թե ունեք՝ նստեք ավտո»:
Ապա՝ ծնողներին մոտեցավ ռազմական համալսարանի ներկայացուցիչը եւ առաջարկեց տեսնել մեկնել պատրաստվող զինվորներին եւ հարցնել՝ «ուզո՞ւմ են մեկնել ծառայության»: «Մենք մտանք, երեխաներին տեսանք: Բոլորն ասացին, որ չեն ուզում գնալ»,-հավելեց նշյալ ծնողը: Նա ասաց. «Մեզ անվտանգության երաշխիք տվեք, թող գնան ծառայեն: Զինվորներին գողանում են, ո՞ւր է անվտանգության երաշխիքը, ի՞նչ հույսով ուղարկենք ծառայության, երբ պատերազմի ժամանակ մահը մի քանի անգամ աչքների դեմով անցել է: Այս պահին ես դեմ եմ, որ տղաս ծառայի Արցախում, որովհետեւ նրանց ուղեկցորդը քաղաքացիական հագուստով է: Մեկի արյունը մյուսից կարմի՞ր է»: Ապա` տղամարդը հեռախոսով խոսեց ենթադրաբար ռազմական համալսարանից որեւէ պատասխանատուի հետ, բղավեց, որ ասեն, թե ուր են տարել իրենց տղաներին, նշեց, որ ավտոբուսը դուրս է եկել հետնամուտքից. «Գաղտնի՞ք է: Ո՞ւր եք տարել: Հոգեբանության վրա ազդելով՝ նստեցրել եք մեքենան, թասիբ չունե՞ք, արա… Ասեք՝ ո՞ւր եք տարել տղայիս, ուրիշ բան չեմ ուզում: Սպասում ենք»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ծնողները որդիների հետ կապ հաստատելով էին պարզում, որ նրանք արդեն ճանապարհ են ընկել, փոխադրամիջոցները դուրս են եկել հետնամուտքով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ