Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դեմ ցուցմունքներ կան. խաբում են, քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք». ծնողները ԶԼՄ-ների եւ փաստաբանների օգնությունն են խնդրում

Հունվար 08,2021 12:58

«Երեկ նորից վերադարձել եմ Ստեփանակերտ: Երեկվա տվյալներով՝ զրո արդյունք: Որեւէ մեկին չեն բերել որեւէ ուղղություններից: Թե ողջերի, թե զոհվածների մասին է խոսքը: Այսօր միայն տեսել եմ, որ ողջ մնացածների առնչությամբ մտել են որոնողական տարածք, իսկ այլ ուղղությունների համար դեռ տեղեկություն չունեմ»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հունվարի յոթին հայտարարել է Արցախում հարազատներին որոնող Արսեն Ղուկասյանը, որը կապի մեջ է անհետ կորած այլ զինվորների ծնողների հետ:

Արսեն Ղուկասյանը նշեց, որ անհետ կորած զինվորների դիերը գտնելու ծնողների երեքամսյա պայքարը հատվածական հաջողություններ է գրանցել՝ միայն իրենց իսկ համառության հաշվին. «Սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ եւ ձեռնտու է պատասխանատուներին, որոնք արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում: Մենք չենք կարող իրենց աթոռին կպած չինովնիկներին կամ զինվորականներին ծեծելով, հայհոյելով աշխատեցնել»:

Արսեն Ղուկասյանի խոսքով. «Մեզ խաբում են, քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, փոխհատուցում ստանանք, լեզուներս կարճացնենք: Ելքը մեկն է՝ անզիջում եւ իրավական պայքար բոլոր նրանց հանդեպ, որոնք խաբել են մեր երեխաներին, դավաճանել եւ տարել անխուսափելի մահվան: Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել զինվորականներին, քննիչներին, իշխանությանը, որոնք կոծկում են այս ամենը: Բոլոր լրագրողներին եւ իրավաբաններին խնդրում ենք օգնել մեզ անտարբերության դեմ այս պայքարում: Իշխանությունը միտումնավոր է թաքցնում գերիների, անհետ կորածների թիվը, որպեսզի հետո պատասխանատվություն չկրի ծնողների առաջ: Մեզ խաբում են, պատրանք են ստեղծում, թե աշխատում են: Մենք անուններ ունենք՝ պաշտոններով: Եթե մեր իմացած մարդկանցից որեւէ մեկը փորձի պլստալ կամ պլստացնել որեւէ մեկին, կպատժվեն նրանք էլ, պլստացնողներն էլ»:

Արսեն Ղուկասյանը շեշտեց՝ ծնողներն ուզում են նաեւ ՀՀ կառավարության անգործությունը վիճարկել վարչական դատարանում, ստիպել, որպեսզի իրենց ասեն զոհվածների, գերիների, անհետ կորածների իրական թվերը. «Մարդու ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարելի էր պատերազմի ժամանակ զոհվածների ցուցակներ հրապարակել, թշնամու զոհերը ճշգրիտ հաշվել, իսկ հրադադարից հետո թաքցնել անհետ կորածների թիվը, չկարողանալ հաշվել դրանք: Մեզ պետք են նաեւ անգլերենի եւ ֆրանսերենի իմացությամբ փաստաբաններ, որոնք այս հարցով կօգնեն դիմել Եվրոպայի խորհուրդ: Ուզում ենք քննարկել նաեւ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունները»:

Արսեն Ղուկասյանը կրկին դիմեց լրագրողներին ու փաստաբաններին՝ կոչ անելով համախմբվել եւ օգնել անհետ կորած զինվորների ծնողներին:

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանն օրերս եղել էր նաեւ Կապանի դիահերձարանում ու մանրամասներ ներկայացնել: «Մի քանի օր առաջ վարչապետի մոտ այդ հարցն էլ ենք բարձրաձայնել, ասել են, որ լուծված խնդիր է»,-դիահերձարանի առնչությամբ հավելեց Ղուկասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031