Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ պահանջում են Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել. BBC

Հունվար 08,2021 12:40

ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմադիրները պահանջել են նրան անմիջապես հեռանալ իշխանությունից, քանի որ նա, իրենց կարծիքով, Վաշինգտոնում ցուցարարներին դրդել է գրոհել Կապիտոլիումի վրա, հաղորդում է BBC-ն:

Ընտրված նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի իր ելույթում՝ գործող նախագահի համախոհների կողմից Կապիտոլիումը գրավելու փորձն անվանել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ Թրամփի հարձակումների գագաթնակետ:

«Կուզեի ասել, որ մենք նման բան չէինք սպասում, բայց դա ճիշտ չէր լինի,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում:- Վերջին 4 տարիներին մենք ունեցել ենք նախագահ, որը մերժել է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները»:

Բայդենի կարծիքով՝ Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին ամերիկյան իրավապահ մարմինների երկակի ստանդարտները, երբ համեմատում ես անցյալ տարվա ամռանը խաղաղ ցույցերը դաժանորեն ցրելու դեպքերը Թրամփի համախոհների նկատմամբ անգործության հետ:

«Դրանք ցուցարարներ չէին: Եվ անգամ չփորձեք նրանց անվանել ցուցարարներ,- ասել է Բայդենը- Դրանք ջարդարարներ էին, խռովարարներ, ահաբեկիչներ»:

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ օրենսդիրները պետք է անհապաղ որոշում կայացնեն՝ Թրամփին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ:

«Երեկ ԱՄՆ նախագահը կոչ արեց Ամերիկայի դեմ զինված խռովության»,- ասել է նա, Թրամփի համախոհների այդ գործողություններն անվանելով խռովություն, որը սադրել էր ինքը՝ նախագահը: Փելոսին նաև կոչ է արել փոխնախագահ Փենսին անհապաղ կիրառել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղումը՝ Սպիտակ տան ղեկավարին իշխանությունից հեռացնելու համար:

Նա նաև կոչ է արել կառավարությանը՝ հեռացնել Թրամփին իշխանությունից 25-րդ ուղղման միջոցով, որը թույլ է տալիս փոխնախագահին ստանձնել երկրի ղեկավարումն այն դեպքում, երբ գործող նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի փոխնախագահ Մայք Փենսը և կառավարության առնվազն 8 անդամներ հեռացնեն Թրամփին իշխանությունից:

«Իրավիճակը մեզնից պահանջում է անհապաղ գործողություններ ձեռնարկել: Թեև նրան մնացել է ընդամենը 13 օր, այդ օրերից յուրաքանչյուրը կարող է մղձավանջով ավարտվել Ամերիկայի համար»,- ասել է Փելոսին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Կոնգրեսը կարող է սկսել նախագահի իմփիչմենթի գործընթաց:

Փելոսիի հետ համաձայնել է նաև Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը:

«Նախագահը չարաշահել է իշխանությունը և ամբոխին ուղղորդել ԱՄՆ ընտրված ներկայացուցչական մարմնի վրա. դա ակնհայտ իրավախախտում է, որը կարող է հանգեցնել իմփիչմենթի»,- ասել է Շումերը:

Թրամփին հեռացնելու կոչ է արել նաև Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեի նախագահ դեմոկրատ Ջերոլդ Նադլերը: «Մենք գործելու համար շատ ժամանակ չունենք: Երկիրն ի վիճակի չէ դիմանալու երկարատև ձգձգվող գործընթացի, և ես սատարում եմ Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթ նախաձեռնելու գաղափարը»,- ասել է նա:

Թրամփի դեմ քննադատական ելույթներով են հանդես եկել նաև Հանրապետականների մի քանի առաջնորդներ: Մասնավորապես, սենատոր Լինդսի Գրեմն ասել է, որ Թրամփը շատ հեռուն է գնացել: «Ինձ համար շատ ծանր է, որ իմ ընկերը՝ նախագահը, որը միշտ մտածում է հետևանքների մասին, թույլ է տվել երեկվա իրադարձությունները: Նրա նախագահական ժամկետը մեծապես կհիշվի դրանով: Նա ինքն իր ոտքին է կրակել: Նա շատ հեռուն է գնացել: Ասում եմ ձեզ որպես հանրապետական. ես չեմ սատարում 25-րդ ուղղման կիրառումը: Եթե էլի ինչ-որ բան կատարվի, այդ դեպքում չի կարելի որևէ բան բացառել»,- ասել է նա:

Մեկ այլ հանրապետական կոնգրեսական՝ Ադամ Կինզինջերը, Twitter-ում հայտարարել է, որ ինքը նախագահին համարում է Վաշինգտոնի իրադարձությունների պատասխանատու և սատարում է 25-րդ ուղղման կիրառումը՝ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031