Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թվում էր՝ չկայացած ինչ-որ երկրում ենք». արձագանքներ Կոնգրեսի շուրջ զարգացումների վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Հունվար 08,2021 12:22

«Ամերիկայի ձայն». Գիշերն անքուն էր՝ առավոտը խաղաղ: Անկախ ամեն ինչից, հունվարի 20-ին Միացյալ Նահանգները նոր նախագահ կունենա:

Չորեքշաբթի օրը պետք է լիներ ԱՄՆ նախագահական անցման ավանդական օրերից մեկը, երբ Կոնգրեսը հաստատում էր դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Ընթացակարգը սովորաբար այնքան սովորական բնույթ է կրում, որը արժանի չի լինում նորություններում լուսաբանման: Փոխարենը աշխարհը ցնցված և սարսափով դիտեց, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ամբոխը, որը խրախուսվում էր նախագահի կողմից, ներխուժեց ԱՄՆ Կապիտոլիում՝ փորձելով խոչընդոտել օրենսդիրներին կատարել իրենց սահմանադրական պարտականությունը:

Կոնգրեսից տարհանված օրենսդիրները վերջիվերջո վերսկսեցին ընտրական կոլեգիայի ձայները հաշվելու և հաստատելու գործընթացը՝ հաստատելով Բայդենի հաղթանակը:

Վաշինգտոնում տրամադրությունն առավոտյան այսպիսին էր. «Սարսափելի էր, թվում էր, թե մենք գտնվում ենք չկայացած ինչ-որ երկրում, բայց սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Մենք այնքան հպարտ ենք մեր ժողովրդավարությամբ, մեր պատմությամբ: Սակայն այն այնքան փխրուն է թվում տվյալ պահին: Ես ապրում եմ Կապիտոլիումի մոտակայքում ու վախ զգացի: Ստիպված էի որդուս վաղաժամ վերցնել մանկապարտեզից: Ես տխուր եմ Ամերիկայի համար: Ես ամաչում եմ: Սակայն նաև` հույսով լի, քանի որ օրը պայծառ է, և բոլորը մտորում են երեկ տեղի ունեցածի մասին»,- ասում է Վաշինգտոնի բնակիչ Լոգան Գիբսոնը:

Եվրոպացի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Աշխարհի առաջնորդները ցնցված են ԱՄՆ Կոնգրեսի շուրջ տեղի ունեցած զարգացումներով և դատապարտում են Կոնգրեսում տեղի ունեցած բռնությունները՝ կապված չորեքշաբթի օրը նախագահ Թրամփի կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենք ներխուժելու հետ:

«Ամոթալի տեսարաններ` ամերիկյան կոնգրեսում: ԱՄՆ-ը հանդես է գալիս հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում, և այժմ կարևոր է, որ տեղի ունենա իշխանության խաղաղ և կանոնավոր փոխանցում»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Twitter- ում:

ԵՄ պաշտոնյաներն աջակցություն են հայտնել նորընտիր նախագահ Ջո Բայդենին:

«Ես հավատում եմ ամերիկյան ինստիտուտների հզորությանը և ժողովրդավարությանը: Այն հիմնված է իշխանության խաղաղ փոխանցման վրա: Ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը», – գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը Twitter- ում:

«Այս ժողովրդավարական ընտրությունների արդյունքը պետք է հարգել», – գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը Twitter- ում:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ԱՄՆ-ում իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել բազմամարդ և հնարավոր առճակատման վայրերից:

«Մենք Միացյալ Նահանգների բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և առողջ բանականություն: Հավատացած ենք, որ Միացյալ Նահանգները բանականորեն կհաղթահարի այս ներքաղաքական ճգնաժամը», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը չորեքշաբթի օրվա անկարգությունները որակել է «լուրջ հարձակում ժողովրդավարության հանդեպ»:

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը նույնպես դատապարտել է հարձակումը:

«Ուժի կիրառումը և վանդալիզմը ինստիտուտների նկատմամբ լուրջ հարձակում է ժողովրդավարության դեմ»,- չորեքշաբթի օրը հայտարարել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարությունը՝ կոչ անելով վերադառնալ կառուցողական դաշտ:

Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ է անում տեղեկություն տալ Կոնգրեսում անկարգություն հրահրածների մասին

ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել անցկացնել Կապիտոլիումի ոստիկանական ուժերի ստուգումներ Թրամփի կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենք ներխուժելուց հետո: Միևնույն ժամանակ, որոշ կոնգրեսականներ բարձր են գնահատել իրավապահ մարմինների արձագանքը

Հետաքննության կոչերով հանդես են եկել նաև երկու դեմոկրատ կոնգրեսականներ, որոնք նախագահելու են Կապիտոլիումի ոստիկանության բյուջեն վերահսկող նոր Կոնգրեսի ենթահանձնաժողովները: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հորդորել է, որ հրաժարական ներկայացնի Կապիտոլիումի ոստիկանապետը:

Իր հերթին Հետաքննության դաշնային բյուրոն հորդորում է քաղաքացիներին տրամադրել լուսանկարներ, տեսանյութեր և տեղեկություններ անկարգությունները հրահրածների մասին:

Բայդենի երդմնակալությանն ընդառաջ, Վաշինգտոնի քաղաքապետը երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը 15 օրով՝ «խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար»:

Երդմնակալության ընթացքում անվտանգությունը կապահովի Գաղտնի ծառայությունը, բայց նրանց սովորաբար օգնում են այլ գերատեսչություններ, մասնավորապես Կապիտոլիումի ոստիկանությունը, Մետրոպոլիտենի ոստիկանությունը, Դաշնային ավիացիոն վարչությունը և Ազգային գվարդիան:

Երեկ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում չորս մարդ է զոհվել: 52 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ռոբերտ Քոնթին: Ուշ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ 52 ձերբակալվածներից 47-ը խախտել են քաղաքապետ Մուրիել Բաուզերի կողմից սահմանված պարետային ժամը: Կապիտոլիումի տարածքում ձերբակալվել է 26 մարդ: Եվս մի քանի մարդ բերման է ենթարկվել չլիցենզավորված կամ արգելված հրազեն կրելու մեղադրանքով:

Քոնթին ասել է նաև, որ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ազգային կոմիտեների կենտրոնակայանում հայտնաբերվել են երկու խողովակային ռումբեր, իսկ Կապիտոլիումի տարածքում գտնվող մեքենայում՝ սառնարան, ուր հայտնաբերվել են «մոլոտովի կոկտեյլներ»:

Ոստիկանապետը հրաժարվեց տրամադրել Կապիտոլիումի ոստիկանության սպայի կողմից սպանված կնոջ անունը` ասելով, որ իր հարազատներից մեկը դեռ տեղեկացված չէ իր մահվան մասին: Նա նաև ավելացրեց, որ չորեքշաբթի օրը եւս երեք մարդ մահացավ բժշկական արտակարգ իրավիճակների պատճառով, իսկ ոստիկանության 14 աշխատակից վիրավորվել է, որոնցից երկուսը դեռ հիվանդանոցում են:

ԱՄՆ դատախազությունը պատրաստվում է քրեական գործեր հարուցել Թրամփի կողմնակից մի շարք ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցել են Կապիտոլիումի գրոհին չորեքշաբթի օրը:

Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ջեֆրի Ռոզենն ասել է, որ մեղադրանքներ կառաջադրվեն հինգշաբթի օրը, ապացույցների հավաքագրումը կշարունակվի առաջիկա օրերին և շաբաթներին, որին կհաջորդեն նոր ձերբակալություններ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031