Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ ու ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր աշխարհի բոլոր ժողովուրդների ուշադրությունը գամված է այն լրահոսին, որում ներկայացվում և մեկնաբանվում են Ամերիկայի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները:
Անկախ այդ զարգացումների վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններից՝ ժողովրդավարության իրական դեմքը ձևակերպումից մինչև ԱՄՆ քաղաքական համակարգի ճգնաժամի գուժումը, բոլորը համակարծիք են մեկ հարցում՝ տեղի ունեցող իրադարձությունները լուրջ հարված են ԱՄՆ պետականությանն ու աշխարհի ամենաազդեցիկ պետություն լինելու նրա միջազգային հեղինակությանը:
Այդ զարգացումները լուրջ մարտահրավեր էին նաև ամերիկյան հանրապետական օրենսդիրների համար: Նրանք ակամայից հայտնվեցին անսպասելի ընտրության առջև՝ մի կողմից կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված աջակցությունն էր իրենց լիդերին՝ Թրամփին և մյուս կողմից՝ նվիրվածությունը ամերիկյան պետության ու պետականության իդեալներին:
Կարդացեք նաև
Ի պատիվ հանրապետական օրենսդիրների պետք է փաստել, որ նրանց մեծամասնությունը հրապարակավ հրաժարվեց իր լիդերին աջակցելու նեղ կուսակցական պարտադրանքից և ստեղծված բարդ ու Ամերիկայի միջազգային հեղինակությունը վտանգող իրավիճակում վճռականորեն կանգնեց երկրում դարերի ընթացքում ձևավորված ժողովրդավարական ավանդույթները և ամերիկյան պետության ինստիտուցիոնալ հիմքերի անսասանությունը պաշտպանողի դիրքերում:
Ամերիկյան օրենսդիրներն առաջնորդվեցին բացառապես պետության և պետականության պաշտպանության պատմական իրենց առաքելությամբ, բարձր պահեցին ամերիկյան ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը՝ վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից: Իրենց այդ քայլով ամերիկյան օրենսդիրները դրսևորեցին ժողովրդի ընտրյալին հատուկ քաղաքական վարքագիծ՝ մարմնավորելով սեփական երկրի Քաղաքացու վեհ կերպարը, արդարացնելով իրենց օգտին քվեարկած քաղաքացինեերի վստահությունն ու սպասելիքները: Թերևս սրանում է կայանում այդ երկրի և այդ ժողովրդի հզորության գաղտնիքներից մեկը:
Վերը նկարագրվածի համապատկերում արձանագրելով 44-օրյա պատերազմի արդյունքում մեր ժողովրդի և պետության անվտանգության ոլորտում ձևավորված սպառնալիքները և դրանցում N1 մեղավորի ներդրումը, մենք հայերս, իսկ ավելի ճիշտ հայաստանցիներս, հնարավորություն ունենք գնահատելու, թե որքանով են նրան սատարող, այսպես կոչված, «ժողովրդի ընտրյալ իշխանավորներն»իրենց վարքով ու բարքով պատրաստակամ պաշտպանելու մեր բոլորիս Պետության անվտանգությունը:
Այդ ընտրյալներն առիթը բաց չեն թողնում ամեն խաչմերուկում գոռալ – գոչել արևմտյան ժողովրդավարությանը իրենց նվիրվածության մասին և բոլորովին ավելորդ չէր լինի օրինակ վերցնել իրենց ամերիկյան կոլեգաներից, թե ինչպես պետք է պաշտպանել սեփական պետությունը և սեփական ժողովրդի արժանապատվությունը՝ դրանով իսկ նպաստելով սեփական երկրի հանդեպ աշխարհի ժողովուրդների հարգանքի բարձրացմանը:
Մինչդեռ ամերիկյան օրենսդիրների քաղաքական վարքագծի ֆոնին առավել ընդգծվում է Փաշինյանին սատարող պատգամավորներից յուրաքանչյուրի հանցավոր և պետականադավ վարքագիծը: Նման պատգամավորը չի եղել և չի կարող լինել Հայաստանի Քաղաքացու կերպարի մարմնավորում: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է այդ պատգամավորներին, որքան էլ նրանք փորձեն քողարկվել իշխանական ֆեյքերով:
Առավել քան ակնհայտ է, որ անկախ որևէ հանգամանքից՝ Փաշինյանը և նրան սատարող պատգամավորները, Փաշինյանի կառավարության անդամներն ու իրավական համակարգի ներկայացուցիչները կանգնելու են պատմության դատի առջև: Այդ օրը անպայման գալու է և ոչ հեռու ապագայում: