Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանապատվությունը կորցրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին․ Իշխան Սաղաթելյան

Հունվար 08,2021 10:08

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը 

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար մեկուսանում է արտաքին աշխարհից, միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտայնությունը պատմական ամենացածր մակարդակի վրա է։

Մեր պետությանն ու ժողովրդին աղետալի վիճակի մատնած իշխանությունն անցած երկուսուկես տարվա ընթացքում հետևողականորեն խարխլել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական անվտանգության համակարգը, ինչն էլ խոշոր հաշվով հանգեցրեց աղետալի պատերազմին։

Ղարաբաղյան հիմնախնդրի և ՀՀ միջազգային հարաբերությունների վերաբերյալ պրիմիտիվ դատողությունները, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրում դարձավ անբանակցելի կողմ, ինչն էլ միջազգային հանրության աչքերում լեգիտիմացրեց պատերազմի սանձազերծումը։

Նիկոլի բացառիկ դիլետանտիզմի պատճառով աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ։
Հայաստանը պատերազմի մեջ մտավ առանց ռազմավարական դաշնակցի և ռազմավարական գործընկերների հետ կայուն հարաբերությունների։

Արդյունքում՝ որևէ պետություն գործադիր իշխանության մակարդակում Հայաստանի Հանրապետությանը համերաշխություն չհայտնեց, մենք ադրբեջանաթուրքական տանդեմի և նրանց բացահայտ սատարող պետությունների դեմ-հանդիման մնացինք՝ ըստ էության մենակ։

Հայաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային արհամարհանքը դեռևս զգացվում էր պատերազմից առաջ, բավական է նշել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո օտարերկրյա որևէ ղեկավար պետական այցով Հայաստան չի ժամանել։

Հարաբերությունների որակական անկումը՝ ինչպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի, այնպես էլ Չինաստանի, Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ակնհայտ էին:

Արդյո՞ք Հայաստանի շահերը չեն համընկնում մեր տարածաշրջանում խոշոր այլ խաղացողների շահերին։ Անշուշտ, համընկնում են…..

Պարզապես անհրաժեշտ է Հայաստանում պետական շահի գիտակցում ունեցող և ամենակարևորը՝ վստահելի իշխանություն ձևավորել:
Դրա համար մեզ պետք է մի իշխանություն, որի հետ հնարավոր կլինի խոսել, բանակցել, պայմանավորվել, ճանապարհ անցնել։ Ոչ մի պետություն, նույնիսկ մեզ ամենամոտ բարեկամները, չե՛ն պատրաստվում անհավասարակշիռ և արկածախնդիր անձի հետ ճանապարհ անցնել կամ գործընկերություն անել:

Այս պայմաններում Հայաստանը շարունակում է մեկուսանալ աշխարհից, իսկ թշնամին, օգտվելով այս իրավիճակից, դիրքավորվում և մեծացնում է իր ազդեցությունը։ Այս ամենի հետևանքները կրում են մեր ժողովուրդը և պետությունը:

Արժանապատվությունը կորցրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից։
Սա է Նիկոլի իշխանության մնալու գինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031