Լրահոս
Օրվա լրահոսը

Լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար՝ առանց հիվանդներին անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու․ ԱՆ խոսնակ

Հունվար 08,2021 09:54

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների կապակցությամբ․

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով:

Նախևառաջ, կցանկանայի շեշտել, որ կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման, փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ:

Հետևաբար, կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ:

Սույն նախագծով ՈՐԵՎԷ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը այդ կազմակերպություններում:

Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասսայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է:

Հիշեցնենք, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք, 2901՝ մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների՝ Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:

Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:

Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու։

Ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031