Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում ջրի թունավորման դեպքեր են գրանցվել

Հունվար 07,2021 22:19

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի մի քանի գյուղերում խմելու ջրից թունավորման դեպքեր են գրանցվել: Թունավորվածների մեծ մասը երեխաներ են եղել:

Aravot.am – ի հետ զրույցում Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը տեղեկացրեց, որ հունվարի 1-ից մինչև հունվարի 4-ը թունավորման նախանշաններով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել համայնքի գյուղերի մոտ 15 բնակիչներ, որոնցից 11-ը անչափահաս երեխաներ են եղել, իսկ 4-ը՝ մեծահասակներ:

Համայնքապետի փոխանցմամբ՝ թունավորման աղբյուրը եղել է Ջուջևան բնակավայրը, որը մյուս համայնքներ տանող ճանապարհին է և ամենայն հավանականությամբ ճանապարհի եզրին գտնվող ջրի աղբյուրից անցորդները վերցրել են ջուրը, որից էլ եղել է թունավորումը։ «Հիմնական աղբյուրը եղել է Ջուջևանում, սակայն տեղում միայն երկու հոգի է թունավորվել, մնացած դեպքերը Կողբ, Ոսկեվան, Կոթի, Այրում և Բաղանիս գյուղերից են գրանցվել։ Ամենայն հավանականությամբ՝ բնակիչները ճանապարհին գտնվող աղբյուրից են օգտվել։ Ամեն դեպքում մենք հիմա գյուղի ջրային բոլորը խողովակները փոխել ենք, իսկ վաղն առավոտյան հակահամաճարակային կենտրոնի օգնությամբ ջրի մանրէազերծման և քլորացման աշխատանքները կկատարվեն, որից հետո՝ 2-3 օրվա ընթացքում, կվերականգնվի ջրամատակարարումը»,- նշել է Կարեն Աբազյանը։

Համայնքապետի խոսքով՝ բոլոր թունավորված անձինք ստացել են բժշկական օգնություն և մեծ մասն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից. «Միայն երկու հոգի է դեռ բժիշկների վերահսկողության տակ, սակայն նրանց վիճակն էլ կայուն է գնահատվում և երկու օրից նրանք նույնպես դուրս կգրվեն»։

Աբազյանի փոխանցմամբ՝ հստակ պատճառ չի գտնվել ջրի մեջ առկա թունավոր նյութերի, սակայն ջրի հիմնական աղբյուրից սկսած՝ բոլոր խողովակները ուսումնասիրվում են՝ պատճառը բացահայտելու համար. «Հստակ չգիտենք պատճառը, սակայն հակահամաճարակային կենտրոնից մեզ ուղղորդել են ինչպես մանրէազերծման գործընթացն իրականացնել, մենք էլ ըստ ուղղորդման աշխատանքները կատարում ենք»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

լուսանկարները՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031