Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան․«Հայ ռազմագերիները ՀՀ թույլ քաղաքական դիրքավորման պարագայում չեն օժտվում միջազգային պաշտպանությամբ»

Հունվար 07,2021 21:23

Այսօր «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ժամանակ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ հանրությանն ամենաշատ հուզող հարցերից մեկին՝ հայ գերիների վերադարձի խնդրին։

Տիկին Սահակյանն ասաց՝ գերեվարված անձինք գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս լիարժեք հնարավոր չի եղել ապահովել այդ պաշտպանվածությունն ու նրանց իրավունքների իրացումը։ Իսկ թե՝ ինչու, իրավապաշտպանը նշեց՝ այդպիսին են միջազգային իրավունքի առանձնահատկությունները եւ, դրանք հաշվի առնելով, պետք է իրականացվեին քաղաքական լուծումները․«Իրավունք եւ իրականություն, դրանք տարբեր են։ Միջազգային իրավունքն ամրագրում է ուժի գործադրման արգելք, ավելին՝ նախատեսում է հետեւանքներ։ Օրինակ՝ եթե ուժը ոչ իրավաչափ է գործադրվել, եւ այդ ուժի գործադրման արդյունքում պետությանը պարտադրվել է պայմանագիր, անգամ կարելի է առոչինչ համարել այդ պայմանագիրը։ Բայց մենք ունենք այլ իրականություն։ Մենք տեսանք, որ Արցախի նկատմամբ տեղի ունեցավ ագրեսիա, այդ ագրեսիվ պատերազմը հանգեցրեց առոչինչ պայմանագրի կնքման եւ ներկայումս էլ կյանքի են կոչվում առոչինչ պայմանագրերի դրույթները»։

Տիկին Սահակյանն ասաց, որ միջազգային իրավունքը կենտրոնական տեղ է հատկացնում այն պետությանը, որը պետք է հետեւողական լինի իր իրավունքների իրականացման հարցում․«Այս տեսանկյունից միջազգային իրավունքը մեր հանդեպ երբեք չի կիրառվի, եթե ՀՀ իշխանություններն ու արտաքին գերատեսչությունները պահանջատեր չլինեն այդ իրավունքի իրացմանը»։

Իսկ թե ինչ տեղի ունեցավ մեր ռազմագերիների պարագայում՝ տիկին Սահակյանը նշեց՝ միջազգային կոնվենցիոնալ եւ սովորույթային նորմերով ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարումից եւ խաղաղության հաստատումից հետո գերեվարված անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք․«Այստեղ երաշխիքը, որը դրված է, անհապաղն է։ Կան նաեւ այլ կանոններ՝ եթե անձինք անհապաղ ազատ չեն արձակվում, եւ դադարել է անազատության մեջ պահելու հիմքը, այս դեպքում գործ ունենք կամայական ազատազրկումների հետ, ինչպես նաեւ կարող ենք խոսել առեւանգումների, պատանդառությունների մասին, որոնք նաեւ հանդիսանում են Ժնեւյան կոնվենցիային կից առաջին արձանագրության էական խախտումներ։ Ընդ որում, այս խախտումները որակվում են որպես պատերազմական հանցագործություններ։ Օրինակի համար նշեմ՝ այդ էական խախտումներն իրենց մեջ ունեն այնպիսի դրույթներ, որոնք արգելում են քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը»։

Այսինքն, ինչպես նշեց իրավապաշտպանը, միջազգային իրավական ռեժիմը ոչ միայն սահմանել է կանոններ, այլ նախատեսել է դրանց հետեւանքները, սակայն կարգավորումների պայմաններում անգամ չի ապահովվել ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ու նրանց վերադարձը, եւ բնականաբար, այս ամենն ունի քաղաքական նախադրյալներ․«Նախադրյալներից առաջինը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կարեւորել գերիների վերադարձի հարցը եւ այս խնդրի հանգամանալից կարգավորումները։ Դրանում մատնանշված չեն եղել ժամկետներ եւ կարեւոր նախապայմաններ դուրս են մնացել։ Օրինակ՝ պետք է նախատեսվեր գործընթացի թափանցիկություն, եւ յուրաքանչյուր կողմ պետք է ցուցակագրեր եւ մյուս կողմին տրամադրեր իր հսկողության ներքո հայտնված ռազմագերիների եւ գերեվարված անձանց ցուցակը։ Ընդ որում, պետք է ներդրվեին նաեւ ստուգողական մեխանիզմներ։ Օրինակ՝ չեզոք պետությունների կամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պետք է կարողանային ուսումնասիրել ցուցակը, անարգել մուտք գործել այն վայրեր, որտեղ կարող էին պահվել գերեվարված անձինք, հավաստիանալ, վերիֆիկացնել, որից հետո պետք է հաջորդեր բուն փոխանակման գործընթացը»։

Տիկին Սահակյանն ասաց, որ այս պարագայում կլիներ բարեխիղճ համագործակցություն՝ հիմնված վստահության վրա, եւ բոլոր բացահայտված անձինք կվերադարձվեին հայրենիք, եւ այստեղ կարեւոր կդառնար նաեւ ժամկետների ամրագրումը․«Իհարկե, նման կարգավորումներ չեն եղել, արդյունքում մենք բախվում ենք խնդիրների՝ ակնհայտ անբարեխղճություն Ադրբեջանի կողմից, հերքվում են անգամ անվիճելի դրվագները։ Այստեղ տեսնում ենք անգամ ցինիզմի տարրեր։ Հանրության ուշադրության կենտրոնում է եղել Էրիկ Խաչատրյանի խումբը։ Ինչո՞ւ հենց այս խումբը, որովհետեւ վերջիններիս մասնակցությամբ տարածվեցին բազմաթիվ տեսանյութեր։ Ոչ թե մեկ-երկու դրվագ էր, այլ վեց-յոթ դրվագանոց տեսանյութեր են տարածված, եւ այս տեսանյութերի իսկությունը վիճելի չէ։ Անգամ իրավական գործընթացներում ադրբեջանական կողմը չի վիճարկում ապացույցների կեղծ լինելը։ Այդ տեսանյութերում տեսանելի էին ոչ միայն հայ ռազմագերիները, այլեւ ադրբեջանական զինծառայողներ, որոնց ինքնությունը պարզման ենթակա հանգամանք է։ Եվ նման ակնհայտ դեպքերի պարագայում ադրբեջանական կողմը մերժում է այս անձանց գերեվարման հանգամանքը, մերժում է ինչպես Հայաստանի հետ շփումներում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։ Այսինքն՝ հերքում են ակնհայտը։ Այս դեպքում, երբ գործ ունենք այնպիսի գործընկերոջ հետ, որը հերքում եւ բացառում է ակնհայտը, մենք չենք կարող ակնկալել պարտավորությունների բարեխիղճ կատարում, այս դեպքում պետք է ստեղծվեին ապահովության երաշխիքներ։ Այդ ապահովության երաշխիքները, որոնք հայկական կողմն ուներ, բայց շատ արագ բաց թողեց ձեռքից, ես դրանք համարել եմ Ասկարովին եւ Գուլիեւին, քանի որ նախորդող տարիներին տեսել եմ ադրբեջանական կողմի հսկայական, նյութական եւ մարդկային ռեսուրսների ներդրումն՝ ուղղված նրանց իրավունքների պաշտպանությանը, եւ միջազգային հանրությանը բազմիցս ներկայացվել է նրանց խնդիրը, որտեղ մատուցվել են որպես անմեղ անձինք, որոնք ընդամենը փորձ էին կատարել այցելել գերեզմաններ, տեսնել իրենց բնակավայրերը։ Ընդ որում, այս խնդիրը իրավական գործընթացներում նաեւ քաղաքական խնդիրներ լուծելու տարր ուներ, որովհետեւ Եվրոպական դատարանի առջեւ դրված հարցադրումներից մեկն այն էր, որ նրանք սահման չեն հատել, որովհետեւ ԼՂՀ-ն Ադրբեջանի ճանաչված սահմանների մաս է, ուստի նրանք Արցախի սահմանը հատելիս չգիտեին, որ ապօրինի են սահմանը հատել, իսկ քրեական գործերը մտացածին են»։

Տիկին Սահակյանը հիշեցրեց՝ նշված անձինք դիվերսանտներ են, որոնց գործողությունների զոհ են դարձել անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահաս զոհ կար։ Եվ այս պարագայում այս անձինք արագ դարձան փոխանակման մաս, եւ, ինչպես Սահակյանն ասաց, ստացան միջազգային իրավական պաշտպանություն, այն դեպքում, երբ ռազմագերիների ռեժիմը չի տարածվում հանցագործների նկատմամբ․«Ամենավատը, որ թափանցիկության բացակայության պարագայում ի սկզբանե կանխատեսելի չէր, թե «այլ կալանավորված անձ» ասելով ՝ ում էին նկատի ունեցել կողմերը, բայց առնվազն ՀՀ իշխանությունների գործելակերպից մենք դուրս բերեցինք, որ իրենք միանշանակորեն հասկացել էին հանցագործներին, որոնք միջազգային իրավունքի պաշտպանության ներքո չեն։ Արդյունքում ունենք իրավիճակ, երբ միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող հայ ռազմագերիները ՀՀ թույլ քաղաքական դիրքավորման պարագայում չեն օժտվում միջազգային պաշտպանությամբ, բայց այդ պաշտպանությունից դուրս գտնվող հանցագործները ՀՀ իշխանությունների շատ արագ գործողությունների հետեւանքով հայտնվում են միջազգային իրավական պաշտպանության ներքո»։

Այսպիսի նախադրյալների պայմաններում առկա են հարակից այլ խնդիրներ՝ Կարմիր խաչի դերի ստվերումն է, ադրբեջանական իշխանությունները կառուցողական չեն միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, կամայական գործելակերպով են փոխհարաբերվում ՀՀ իշխանությունների հետ․«Մինչ օրս ունենք հաստատված գերեվարված դեպքեր, երբ գերեվարումը մնում է պաշտոնապես չընդունված։ Եվ արտաքին աշխարհի հետ կապի բացակայությունը ծնում է բռնության եւ խոշտանգումների նախադրյալներ»։

Ըստ տիկին Սահակյանի՝ Ադրբեջանը, սեփական հանցագործներին ստանալուց հետո, արհեստականորեն կարգավիճակային փոփոխություններ է մտցնում ռազմագերիների համար, որոնք ենթակա են վերադարձման եւ միտումնավոր ձգձգվում է նրանց վերադարձը, ինչը ռազմական հանցագործություն է որակվում։ «Ռազմագերիները չարաշահվում են, որպեսզի ադրբեջանական քարոզչության մաս կազմող օրակարգերը կյանքի կոչվեն՝ օրինակ, ռազմագերիները ցուցմունքներ են տալիս Խոջալուի դեպքերի վերաբերյալ, որտեղ հաստատվում են ադրբեջանական թեզերը կամ առաջին պատերազմի ժամանակ հայերի ներգրավմամբ այլ հանցագործությունների մասին։ Ադրբեջանը գեներացնում է ապացույցներ, որպեսզի միջազգային հանրությանը մատուցվող թեզերը կարողանա ապացուցել։ Մեծ կեղծարարություն կա։ Միանշանակ է, որ մարդու իրավունքների համակարգված խախտումներ են տեղի ունեցել հայերի նկատմամբ, իհարկե, առանձին դեպքերով չեն բացառվել միջադեպեր հայերի մասնակցությամբ, որոնք խիստ փոքրաթիվ են, եւ իմ անձնական մոտեցումն է, որ ՀՀ իշխանությունները պատշաճ արձագանք պետք տան նման դեպքերին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031