Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան․ «ՀՀ-ն Մինսկի խմբի ձեւաչափում պետք է խնդիր դնի, որպեսզի դեօկուպացվեն այդ տարածքները»

Հունվար 07,2021 20:02

Սահմանադրագետի ներկայացմամբ՝ Արցախը, որպես պետություն, գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության տակ, եւ ուժի կիրառման արգելքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասում` տարածվում է նաեւ չճանաչված պետությունների վրա

«Մենք պետք է Արցախի հակամարտության կարգավորման տեսանկյունից ավելի շատ ուշադրություն դարձնենք կատարված այն փաստին, որ Արցախի հանրապետությունը դեռեւս 1991 թվականին ձեւավորվել է ինչպես Խորհրդային, այնպես էլ միջազգային իրավունքին համապատասխան, Արցախը կայացած պետություն է»,-այսօր այս մասին «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Նա նշեց՝ մենք պետք է ելնենք նրանից, որ Արցախը պետություն է, անկախ նրանից՝ ճանաչվա՞ծ է որեւէ պետության կողմից, թե՞ ոչ։

Պարոն Պողոսյանի խոսքով՝ Արցախը պետություն է, եւ դրա հիմնավորումը նաեւ ինքնորոշման իրավունքի վրա է հիմնված․ «Այժմ հիմնական խնդիրն այն է, որպեսզի մենք գիտակցենք, եւ դիվանագիտական ասպարեզում հասնենք նրան, որպեսզի ցույց տանք, որ այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, դա ագրեսիա էր պետության նկատմամբ, միջազգային իրավունքով արգելված ուժի կիրառում էր, եւ հասնել այդ ագրեսիայի հետեւանքների հաղթահարմանը»։

Սահմանադրագետն ասաց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից, մենք պետք է հիմնականում ուշադրությունը դարձնենք այն հանգամանքի վրա, որ Արցախը անջատվել է 30 տարի առաջ եւ միջազգային իրավունքի տեսանկյունից ունի պաշտպանության իրավունք։ Այսինքն, Արցախը, որպես պետություն, գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության տակ, եւ ուժի կիրառման արգելքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասում, տարածվում է նաեւ չճանաչված պետությունների վրա: Եվ այստեղ կարեւոր է նշել, որ 1973 թվականի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ագրեսիայի բնորոշման փաստաթուղթը, որտեղ առաջին հոդվածում կցված է բացատրություն, որտեղ ասվում է՝ պետության տակ հասկացվում է նաեւ պետությունը, որը ճանաչված չէ եւ պետության տակ հասկացվում են նաեւ այն պետությունները, որոնք ՄԱԿ-ի անդամներ չեն հանդիսանում։

Այս տեսանկյունից կարեւոր է, որ ուժի կիրառման արգելքը միջազգային սովորույթային իրավունք է, եւ մյուս կողմից նաեւ պայմանագրային իրավունք է Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ։ 1994, 1995 թվականներին կնքված երեք զինադադարի համաձայնագրերը ուղղակիորեն նախատեսում են, որ դրանք անժամկետ են եւ միջազգային իրավունքի տեսանկյունից արգելում են, որպեսզի Ադրբեջանը ուժ կիրառի ինչպես Արցախի հանրապետության, այնպես էլ Հայաստանի հանրապետության նկատմամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, միջազգային իրավունքի տեսանկյունից, ագրեսիա է Արցախի նկատմամբ, եւ Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային եւ հիմնական խնդիրը պետք է լինի, որ միջազգային ատյաններում, Մինսկի խմբի ձեւաչափում եւ այլ միջազգային կառույցների ձեւաչափերում կարողանանք այդ արգումենտացիան առաջ տանել եւ փորձենք հասնել այն նպատակին, որ Արցախի հանրապետությունում մեր կրած կորուստները գոնե միջազգային իրավական առումներով դատապարտվեն եւ խնդիր դրվի դեօկուպացնելու այդ տարածքները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031