Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի շուրջ երբեւէ որեւէ միջազգային գործընթաց չի եղել, միջազգայնորեն ճանաչված սահման եզրույթը արժեք չունեցող պնդում է»․ Լեւոն Գեւորգյան

Հունվար 07,2021 18:50

Սահմանների շարունակականության պնդումը եղել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրավական գործիքակազմի հիմնական հենասյուներից մեկը սկսած՝ 2008 թվականից, եւ այդ ժամանակ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում շրջանառվում էր հուշագիր, որը պատրաստել էր անգլիացի փորձագետը, որը Ադրբեջանի ներկայացուցիչն էր ՄԻԵԴ-ում մի շարք դատական գործընթացներում, եւ այդ գաղափարախոսության հենասյունն այն էր, որ խորհրդային սահմանները պետք է վերածվեն նորանկախ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների։

Այսօր այս մասին «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ժամանակ, որտեղ քննարկվում էին արցախյան երրորդ պատերազմի պատճառներն ու հետեւանքներն, ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Գեւորգյանը: Նա նշեց՝ սահմանների շարունակականության սկզբունքը, որն ըստ Ադրբեջանի՝ պետք է պարտադրվի նաեւ Հայաստանին, չի կարող գործել առանց բոլոր մասնակից սուբյեկտների փոխադարձ համաձայնության․ «Ադրբեջանական պնդմամբ՝ ՀՀ-ն ընդունել է խորհրդային սահմանների շարունակականության սկզբունքը ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով։ Խոսքն ԱՊՀ հիմնադիր պայմանագրի մասին է եւ Ալմա Աթայի հռչակագրի։ Երբ բացում ենք այս փաստաթղթերը, տեսնում ենք, որ իրականում խոսքը գնում է ոչ թե խորհրդային սահմանների վերածման մասին միջազգային ճանաչված սահմանների, այլ տարածքային ամբողջականության եւ տարածքային անքակտելիության սկզբունքների։ Այստեղ շատ ֆունդամենտալ, միգուցե՝ դժվար ըմբռնելի, բայց շատ էական տարբերություն կա»։

Ըստ պարոն Գեւորգյանի, տարածքային ամբողջականության սկզբունքը սկսում է գործել այն ժամանակ, երբ տարածքի նկատմամբ տիտղոսը համարվում է ճանաչված եւ հաստատված․ «Այսինքն, այն պահից երբ միջազգայնորեն ճանաչվում է որեւէ սուբյեկտի տիտղոսը որեւէ տարածքի նկատմամբ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը սկսում է գործել եւ պաշտպանում է այդ սուբյեկտի տարածքը արտաքին վտանգներից։ Տարածքային ամբողջականության սկզբունքն ինքնին տիտղոսի պաշտպանության սկզբունք չէ, եթե տիտղոսի հաստատումը այլ իրավական հիմքերի վրա դրված չէ։ Հետեւաբար, խորհրդային սահմանների շարունակականության ենթադրյալ պնդումը, տարածքային ամբողջականության սկզբունքի հետ որեւէ աղերս չունի»։

Մասնագետի խոսքով՝ միջազգային ճանաչված սահմաններ եզրույթն իրականում որեւէ միջազգային իրավական արժեք չունի․ «Միջազգային իրավունքում գոյություն չունի պետությունների գույքային կադաստր: Այսինքն, երբ պետությունները անդամակցում են որեւիցե միջազգային կառույցի, ենթադրենք՝ ՄԱԿ-ին, միջազգային կառույցները չեն հաստատում պետությունների գոյություն ունեցող սահմանները, հետեւաբար պետությունները կարող են ունենալ միջազգայնորեն ճանաչված սահման միայն մեկ դեպքում՝ փոխադարձ համաձայնությամբ, եւ դա կարող է արտացոլվել մի քանի տարբերակով՝ պայմանագրի ստորագրում, մասնագիտացված հանձնաժողովի ստեղծում՝ փոխադարձ համաձայնությամբ, որը կորոշի սահմանազատման, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի կամ փոխադարձ համաձայնությամբ խնդրի հանձնումը որեւէ միջազգային դատարանին»։

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի շուրջ, ըստ Լեւոն Գեւորգյանի, երբեւիցե որեւէ միջազգային երկկողմանի գործընթաց տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ միջազգայնորեն ճանաչված սահման եզրույթը իրականում ոչ այլ ինչ է, քան որեւէ արժեք չունեցող պնդում:

«Շատ հաճախ այս եզրույթն օգտագործող անհատները փորձում են հղում կատարել անվտանգության խորհրդի ինչ-որ բանաձեւերի վրա: Շատ կարեւոր է հասկանալ, որ անվտանգության խորհրդի մանդատի շրջանակներն ու ծավալները․ ՄԱԿ անվտանգության խորհուրդը տարածքի նկատմամբ տիտղոս որոշող սուբյեկտ չէ։ Եվ, այդ պատճառով, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերում որեւիցե սահման կամ տարածք ընկալվում է որպես Ադրբեջանի մաս, դա ոչ այլ ինչ է, քան պարզապես այդ բանաձեւերի օգտին ստորագրած 13 պետությունների դիրքորոշում, ինչը նշանակում է, որ այն զուտ քաղաքական դիրքորոշում է, ոչ թե իրավական»,-ասաց պարոն Գեւորգյանը։

Հետեւաբար, ըստ մասնագետի, պաշտոնատար անձանց միակողմանի հայտարարությունները ունենում են իրավական հետեւանքներ․«Երբ պետությունը պարբերաբար ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ ընդունում է միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ չունենա ընկալում առ այն, թե որոնք են այդ միջազգայնորեն ընդունված սահմանները, կամ անի հայտարարություն, որ Սյունիքից ոչ մի սանտիմ չի զիջվել, դրանք կարող են ունենալ իրավական հետեւանքներ: Եվ այս հայտարարություններն անհապաղ մաքրագրման, շտկման եւ շրջադարձման կարիք ունեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031