Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին չէր մասնակցել Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագին։ Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, նշելով, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է։
Այս մասին Hayeli.am-ը զրուցել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ։
«Այսօրվա իրավիճակով պայմանավորված հրավերներ և շնորհավորանքներ չենք ուղղել Սուրբ Ծնունդի առիթով։ Եվ հետևաբար՝ նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի հրավերին ընդառաջ։ Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առջև չենք փակում, քանի դեռ նա հաղորդությունից, եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք այդ քայլը արհամարհա՞նք էր եկեղեցու նկատմամբ, նա պատասխանեց․ «Ես միայն վստահաբար կարող եմ ասել, որ եկեղեցու նկատմամբ արհամարհանք չի կարող դրսևորել և ոչ ոք։ Համենայն դեպս, եկեղեցին այն հաստատությունը չէ, որի նկատմամբ որևէ մեկը կարող է մտածել, որ արհամարհանք կարող է դրսևորել։ Արհամարհանքը վերադարձվում է եկեղեցու բնույթի առանձնահատկություններից ելնելով։ Դա նույնն է, որ արհամարհանք դրսևորես աստծո նկատմամբ։ Ես հակված չեմ այդպիսի մեկնաբանությանը, այդպիսի բացատրությանը»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով եկեղեցու դեմ ուղղված քայլերին՝ Արշակ սրբազանն ասաց, որ դրանք անզեն աչքով էլ նկատելի էին․ «Որոշ պետական պաշտոնյաներ իրենց մասնավոր էջերում տարածում էին թե՛ եկեղեցու, թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ինչ-որ ակտեր իրականացնելու վերաբերյալ քարոզչություն։ Ես վկայություն չունեմ ասելու, թե դա կենտրոնացած ուղղորդմամբ է իրականացվում, կարող է այդպիսի տպավորություն ստեղծվել, հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական այդ պաշտոնյաները, որոնք այդպիսի քարոզչություն են իրականացրել, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, կարող եմ ենթադրել, որ որոշակի քաջալերանք կա։ Բայց որ ուղղորդվում է իրենց կողմից նախաձեռնվում և իրականացվում, կանոնակարգվում են այդ գործողությունները, ես կդժվարանամ դա հաստատել»։
Նա համարում է, որ պետական այրերը պետք է փորձեն եկեղեցու հետ ինստիտուցիոնալ լուծումներ գտնել, որպեսզի ցանկացած ճգնաժամային իրավիճակներում եկեղեցին կարողանա փոխարինել պետությանը․ «Մեր պատմության ողջ ընթացքում մեր եկեղեցին եկեղեցուց արտաքսել և եկեղեցուց դուրս է գրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այս իրավիճակում այն անձը, որը կրում է թիվ մեկ պատասխանատվությունը այս գործընթացում։ Եվ չափազանց անհասկանալի կլիներ, եթե եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում։ Իսկ ինչ վերաբերում է մեր համոզումներին, հնարավոր չէր չանդրադառնալ և չարձագանքել այդ երևույթին։ Հետևաբար՝ ես շատ բնական եմ համարում մեր եկեղեցու, առավել ևս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձագանքը այս իրավիճակին»։