Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, սիրելի՛ հայրենակիցներ, որ Մեղրիով միջանցք լինելու է, բայց անունը լինելու է ուրիշ. Վարուժան Գեղամյան

Հունվար 07,2021 17:50

Արեւելագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ներկա պահին հստակ աշխատանք է ընթանում Նախիջևանի միջանցքի բացման համար։ Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն այս միջանցքի բացումը տեղ է գտել նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ պատճառով այն անպայման բացվելու է և այդ ճանապարհից օգտվել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը»։

Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 5-ին հայտարարել էր. «Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա»։

Վարուժան Գեղամյան

Չնայած Հայաստանի ղեկավարի այս մանիպուլյատիվ հայտարարությանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնք միջանցքի գլխավոր շահառուներն են, փաստացի արդեն նոյեմբերից սկսել են Սյունիքի տարածքով՝ Մեղրիի շրջանով անցնելիք մուլտիմոդալ ճանապարհի՝ այսինքն` միջանցքի կառուցման աշխատանքները։ Մուլտիմոդալ ճանապարհը ենթադրում է ոչ միայն ավտոճանապարհ, այլև երկաթուղային գիծ և գազատար։ Արդեն իսկ սկսվել են նախագծման և որոշ շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են Սյունիքից արևելք և արևմուտք։

Իմիջիայլոց, մեր թշնամիները ևս խուսափում են «Մեղրիի միջանցք» արտահայտությունը կիրառելուց։ Ադրբեջանն ու Թուրքիան գործածության մեջ են դրել երկու հիմնական եզր՝ «Նախիջևանի միջանցք» և «Զանգեզուրի միջանցք»։ Վերջինս ակտիվորեն օգտագործում են նաև Արևմուտքում (տե՛ս օրինակ Atlantic Council կամ Stratfor ամերիկյան հետազոտական կառույցների հոդվածները այս թեմայով)։

Ստացվում է, սիրելի՛ հայրենակիցներ, որ Մեղրիով միջանցք լինելու է, բայց անունը լինելու է ուրիշ (սա շատ նման է պատերազմի ընթացքում իշխանությունների կիրառած «տակտիկական նահանջ է, ոչ թե ջախջախում» հայտնի թեզին)։

Ինձ մնում է միայն հիշեցնել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի հոդվածը Մեղրիի միջանցքի մասին և հատկապես այս տողերը. «Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը… Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: …Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

ԹԱՐՄԱՑՈՒՄ | ՀՀ վարչապետի խոսնակը քիչ առաջ արձագանքել է «Նախիջևանի միջանցքի» հարցին.

«Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:»

Նայում ենք նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության համապատասխան կետը. «ՀՀ֊ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Եթե Հայաստանի տարածքում հաղորդակցության հսկողությունը իրականացնում է ոչ թե ՀՀ-ն, այլ Ռուսաստանը, ապա սա միջանցք է։ Միջանցքը, ինչպես ասում են, «պոզով պոչով» չի լինում։

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031