«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը
2021 թ. առաջին եռամսյակի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը Հայաստանի համար չի փոխվի՝ կազմելով 165 դոլար 1000 խմ դիմաց:
Ու սա այն դեպքում, երբ ներկայումս եվրոպական շուկայում Ռուսաստանից արտահանվող գազի սփոթային գինը հազիվ հասնում է 160 դոլարի: Ինչ վերաբերում է երկարաժամկետ պայմանագրային գներին, ապա, օրինակ, Բելառուսի դեպքում այն կազմում է 127 դոլար, Մոլդովայի դեպքում՝ մոտ 125 դոլար: 2020 թ. մայիսին «Գազպրոմը» 15%-ով իջեցրեց գազի գինը նաև Վրաստանի համար:
Հիշեցնեմ, որ դեռ 2020 թ. գարնանը ՀՀ կառավարությունից նամակ ուղղվեց «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերին՝ Հայաստանի համար գազի գինը վերանայելու խնդրանքով: Այնուհետև բազմիցս հայտարարվում էր, որ հայկական կողմը գործադրում է բոլոր ջանքերը՝ 2021-ին Հայաստանի համար ավելի բարենպաստ գնային պայմաններ ձևավորելու համար: Այժմ ակնհայտ է, որ իրենց իշխանություն համարող դիլետանտները ոչ միայն չեն կարողացել շտկել իրավիճակը, այլ վերջին երկու տարվա ընթացքում ամբողջությամբ ձախողել են գազատրանսպորտային քաղաքականությունը: Դա իր արտահայտումն է գտել 2019 թ. սահմանին գազի գնի բարձրացման (15%) և 2020 թ. ամռանը ներքին սակագների աճի (6%) տեսքով:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ «Գազպրոմը» անփոփոխ է թողնում Հայաստան արտահանվող գազի գինը միայն առաջին եռամսյակի համար: Մինչդեռ, որպես կանոն, այդ պայմանագիրը կնքվում էր 1 տարվա կտրվածքով: Հարկ է նաև ընդգծել, որ նույն Բելառուսի կամ Մոլդովայի, ինչպես նաև մնացած բոլոր պայմանագրային գնորդների համար «Գազպրոմը» հունվարի 1-ից գինը սահմանել է 1 տարով:
Ի՞նչ է սա նշանակում:
Նախ՝ նման կարճաժամկետ պայմանագրի կնքումը հայ-ռուսական հարաբերությունների ձախողման, Երևանի հանդեպ Մոսկվայի վստահության բացակայության ուղիղ արգասիքն է:
Մյուս կողմից, համաշխարհային շուկայում գազի գները սկսում են վերականգնվել, ինչը հատկապես դրսևորվում է ասիական շուկաներում: Ուստի, առավել քան իրական է դառնում մոտ ապագայում՝ տարվա երկրորդ եռամսյակում գազի գնի բարձրացման հեռանկարը նաև Հայաստանի համար: