Արցախյան վերջին պատերազմում զոհվածների, անհետ կորածների եւ գերեվարվածների հստակ թիվը ՊՆ-ն հրաժարվում է հրապարակել, նշելով, որ դա պետական գաղտնիք է, մինչդեռ սահմանադրագետ Գոհար Մելոյանը վստահեցնում է՝ դա չի կարող հանդիսանալ պետական գաղտնիք։
Այսօր «Հայելի» ակումբում սահմանադրագետը նշեց. «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, որին հղում է անում ՊՆ-ն, նշելով, թե չի կարող լրատվամիջոցին տրամադրել նշված անձանց կոնկրետ թիվը, նման դրույթ չունի։ Ըստ Գոհար Մելոյանի, օրենքում նշված են, թե որ դեպքերն են հանդիսանում պետական գաղտնիք, եւ այդ տեղեկատվությունը չի հանդիսանում ռազմական պետական գաղտնիք։
«Սյուռն այն է, որ դա անում է այն իշխանությունը, որն օրինակ, պատերազմական իրավիճակում իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած անձը միջազգային հայտնի լրատվամիջոցին հարցազրույցի ժամանակ տեղեկատվություն է տալիս ընթացող ռազմական օպերացիայի վերաբերյալ, դա Լելե Թեփեի օպերացիան էր, որը ձախողեցին։ Պատերազմական իրավիճակում հայտարարում էին տարբեր կորպուսների գտնվելու տեղը, լուսանկարներ էին հրապարակում։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ մեր երկրի սննդի պաշարներ էր հրապարակում»,-ասաց Գոհար Մելոյանը։ Նրա կարծիքով՝ իշխանությունը գաղտնի է պահում անհետ կորածների, գերիների եւ զոհվածների թիվը, որպեսզի հանրության հուզական ֆոնը վերահսկի։
Սահմանադրագետը վստահեցնում է՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից Ադրբեջանին տարածքներ եւ 12 տուն հանձնելով խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը․ «Իսկ դա կարող է տեղի ունենալ, ըստ ՀՀ Սահմանադրության, միայն հանրաքվեի միջոցով, բնակչությունը պետք է որոշի՝ իր տարածքները կարո՞ղ են խախտվել թե՝ ոչ․ «Ես համոզված եմ, Շուռնուխի այդ տներն ունեն Հայաստանի կադաստրի վկայական, Շուռնուխը հայկական տարածք է, իսկ թշնամին առանց որեւէ արգելքի ու դիմադրության կարողացավ մտնել հայկական տարածք։ Հայկական կողմից տեղի բնակչությունն ու գյուղապետն են այդ տարածքում բանակցում։ Թշնամին մտնում է գյուղի տարածքը գրավում, հայկական կողմից իշխանությունից որեւէ մեկը չկա, չի օգնում, մենք, դե յուրե ունենք իշխանություն, դե ֆակտո՝ անտերության ենք մատնված»։
Կարդացեք նաև
Սահմանադրագետի դիտարկմամբ, պատերազմից հետո էլ իշխանությունը շարունակում է պահպանել երկրում ռազմական դրությունը, որպեսզի պահպանի իշխանությունը․ «Ռազմական դրություն է հայտարարվում, երբ պատերազմ է հայտարարվել, երբ սպառնալիք կա պետության նկատմամբ, սրանք այժմ առկա չեն։ Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ չհայտարարվեց ռազմական դրություն։ Այս պահն է միակ հիմքը, որ ռազմական դրությունը պահվում է, այն է, որ ըստ ՀՀ Սահմանադրության, ռազմական դրության պայմաններում չի կարելի վարչապետի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։ Իշխանությունը փորձում է իրավական լծակը պահպանել, որպեսզի խմբակցությունները չսկսեն իրավական գործընթաց եւ վարչապետին անվստահություն չկարողանան հայտնել։ Նիկոլ Փաշինյանն անգամ իր թիմի հանդեպ այնքան վստահություն չունի, որովհետեւ գիտակցում է՝ կարող է նման գործընթաց սկսվի եւ անհրաժեշտ ձայներ հավաքվեն»։
Գոհար Մելոյանի կարծիքով՝ Մարտի 1-ին տուժած քաղաքացիներին եւ պատերազմում վիրավորվածներին, Արցախում անտուն մնացած ընտանիքներին տրված ֆինանսական փոխհատուցումները համեմատելիս՝ դրանց անհամաչափությունը վիրավորական է։ Տիկին Մելոյանն ասաց, Մարտի 1-ին տուժածներին փոխհատուցում տրամադրելն էլ հակասահմանադրական բնույթ ունի։ Սահմանադրագետի խոսքով՝ Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին մոտ 25 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրվեց, իսկ Արցախում վիրավորվածներին եւ անտուն մնացածներին տրամադրվող գումարով այդ ընտանիքները մի քանի օր կարող են գոյությունը պահել․ «Ի՞նչ չափանիշներով են մոտենում։ Թե՞ իրենք ինչ-որ պարտավորություններ ունեն Մարտի 1-ին տուժածների նկատմամբ, փորձեցին փոխհատուցել։ Սա եւս անպայման պետք է հետաքննության առարկա դառնա, որովհետեւ փոխհատուցումներն անհամեմատելի են»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ