Հունվարի 7, 2021թ., Հռոմ – Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության այսօրվա հաշվետվությունում, պարենային ապրանքների համաշխարհային գները 2020թ.-ի դեկտեմբերին գրանցել են հերթական՝ յոթերորդ ամիսն անընդմեջ աճը՝ կաթնամթերքի և բուսական յուղերի գլխավորությամբ:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, դեկտեմբեր ամսվա ընթացքում կազմել է միջինը 107.5 նիշ, ինչը 2.2 տոկոսով բարձր է նոյեմբեր ամսվա համեմատ: Ընդհանուր առմամբ 2020թ.-ի ողջ ընթացքում ինդեքսը կազմել է միջինը 97.9 նիշ, ինչը վերջին երեք տարիների ամենաբարձր ցուցանիշն է և 3.1 տոկոսով բարձր է 2019թ.-ի ցուցանիշից սակայն ավելի քան 25 տոկոսով ցածր՝ 2011թ.-ի պատմական ցուցանիշից:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ աճել է 1.1 տոկոսով և ամբողջ 2020թ.-ի ընթացքում կազմել է միջինը 6.6 տոկոս բարձր քան 2019թ.-ին էր: Դեկտեմբերին աճել են ցորենի, եգիպտացորենի, սորգոյի և բրնձի արտահանման գները: Տարեկան կտրվածքով բրնձի արտահանման գները 8.6 տոկոսով բարձր են եղել, քան 2019թ.-ին, իսկ եգիպտացորենի և ցորենի դեպքում դրանք բարձր են եղել համապատասխանաբար 7.6 և 5.6 տոկոսով:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը դեկտեմբերին գրանցել է 4.7 տոկոս աճ՝ հասնելով 2012թ.-ի սեպտեմբերից ի վեր գրանցած ամենաբարձր ցուցանիշին:
Կարդացեք նաև
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նախորդ ամիս աճել է 3.2 տոկոսով, գրանցելով իր յոթերորդ ամիսն անընդմեջ աճը: Ինչևէ, 2020թ.-ի ողջ տարվա ընթացքում կաթնամթերքի գնային ինդեքսը կազմել է միջինը 1.0 տոկոսով ցածր՝ 2019թ.-ի ցուցանիշից:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 1.7 տոկոսով, իսկ տարվա կտրվածքով կազմել է միջինը 4.5 տոկոս ցածր, քան 2019թ.-ին էր:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա կտրուկ աճից հետո դեկտեմբերին նվազել է 0.6 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2020թ.-ի համար ենթաինդեքսը կազմել է 1.1 տոկոս ավել, քան նախորդ տարի էր:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն